«Երբ քունս առած եմ, սոված չեմ, բարկացած չեմ՝ ուղղակի իդեալական եմ». Գոհար Հայրապետյան
Հարցազրույց հաղորդավարուհի Գոհար Հայրապետյանի հետ
– Ձեզ պարտաճանաչ համարո՞ւմ եք:
– Ես ինձ համարում եմ մարդ, որն անմարդկային ճիգեր է գործադրում՝ պարտաճանաչ լինելու համար, բայց իր մոտ դա չի ստացվում: Այդ պատճառով երբեք չեմ աշխատել գրաֆիկով, կանոնակարգված աշխատավայրերում, որպեսզի չսահմանափակեմ իմ ազատությունը:
– Այսպես ասած՝ «պունկտուալության» բացակայության պատճառով հաճա՞խ եք փաստի առաջ կանգնում: Ինչպե՞ս եք վարվում նման դեպքերում: Մեկ այլ բան է, երբ քեզ են սպասում, և բոլորովին այլ, երբ դու ես սպասում:
– Նույն վայրկյանին մոռանում եմ, որ գերմանական ճշտապահությունն իմ արժանիքների ցանկում չէ, և սկսում եմ բողոքել հայերի անպարտաճանաչությունից:
– Ինչպիսի՞ մայր եք Դուք:
– Երբ քունս առած եմ, սոված չեմ, բարկացած չեմ՝ ուղղակի իդեալական եմ: Բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ նշված նախապայմանները հազվադեպ են լինում իմ առօրյայում… Բայց ես ազնվորեն աշխատում եմ ինձ վերահսկել ու «պայթում» եմ միայն գիշերվա ժամը 1-ին, երբ բոլոր խաղերը խաղալուց, բոլոր նազերը տանելուց և աշխարհի բոլոր հեքիաթները պատմելուց հետո, Եվա բալան դեռևս ինձ «պարացնելու» ակնհայտ ցանկություն ունի ու բոլորովին տրամադրված չէ քնելու: Եվ դա ամեն օր՝ նույն սցենարով: Բայց «պայթելս» կարճ է տևում: Երբ վերջապես այդ դարակազմիկ իրադարձությունը տեղի է ունենում, և նա քնում է, ես մոտենում եմ ու ներողություն եմ խնդրում իմ քնած վարդագույն բալայից:
– Շատ անգամ դաստիարակության մեջ մեր երեխաներին սովորեցնում ենք խոսքի և արարքի մեջ լինել ճիշտ, հարգել դիմացինին, և այլն… Այսինքն՝ լինել ճիշտ, իսկ երբեմն էլ՝ չափազանց ճիշտ: Սակայն, երբ նրանք բախվում են իրականության հետ, պարզվում է՝ ոչ բոլորն են շարժվում բարոյականության կանոններով: Որքանո՞վ ենք մենք՝ ծնողներս, խելացի վարվում, երբ երեխային պատրաստում ենք մի այնպիսի կատարյալ իրականության՝ կարգին և բարոյական մարդկանցով և կանոններով, որն իրական կյանքում գրեթե գոյություն չունի:
– Բախումն իրականության հետ միշտ էլ ցավոտ է լինում: Որքան երեխան մաքուր է, ազնիվ, այդքան այդ բախումն ավելի դաժան է լինում: Բայց դա չի նշանակում, որ երեխային պետք է ստահակ մեծացնել: Պարզապես նրան պետք է բացատրել, պատմել, թեկուզ՝ նույն հեքիաթների տեսքով, որ կյանքը սև ու սպիտակ «Զարյա» հեռուստացույցը չէ: Այն բազմագույն է ու բազմերանգ, որտեղ կան չարն ու բարին, հրեշներ ու հրեշտակներ, լավ ու վատ մարդիկ:
– Հարցազրույցներից մեկում նշել եք, թե կցանկանայիք, որ Ձեր աղջիկը դառնար մոդել, զբաղվեր շատ թեթև մասնագիտությամբ: Այլ կերպ ասած՝ քիչ գլուխ ցավեցներ:
– Մոդել դառնալը փոխաբերական իմաստով էի ասել՝ իբրև թեթև, վառ ու հետաքրքիր մասնագիտության հոմանիշ: Ու նաև հումորով: Իսկ եթե լուրջ խոսենք, ապա տանել չեմ կարողանում, երբ ծնողները երեխաների վզին են փաթաթում իրենց չիրականացված երազանքները: Երազում են մեծացնել Ստրադիվարիուսներ կամ Մարի Կյուրիներ: Երեխան հանուն ծնողների ընտրում է չսիրած մասնագիտություն ու ողջ կյանքը տառապում: Կամ հակառակը՝ ընդվզում է, դեմ է գնում, զբաղվում սիրելի գործով ու նորից տառապում, քանի որ ծնողներն իրենց խաբված ու դավաճանված են զգում՝ երեխայի «ապերախտությունից»: Հանգիստ թողնենք մեր երեխաներին: Չփաթաթենք նրանց վզին մեր կարծրատիպերը՝ հաջող կյանքի և կարիերայի վերաբերյալ: Պարզապես հետևենք, թե ինչի հանդեպ նրանք սեր ունեն, և ուղղորդենք:
– Դուք հեռուստատեսությանը և տպագիր մամուլին ծանոթ եք անհիշելի ժամանակներից: Ի՞նչն է Ձեզ գերում Ձեր աշխատանքի մեջ ամենից շատ:
– Դրայվը, նոր մարդկանց հետ ծանոթանալու, շփվելու, ամեն օր նոր բան սովորելու հնարավորությունը:
– Դուք և՛ կադրում եք, և՛ տպագիր մամուլում՝ միաժամանակ:
– Սկսել եմ՝ իբրև հեռուստահաղորդավար՝ «Շանթ» հեռուստաընկերությունում: Որից հետո ստացել եմ ամսագրի գլխավոր խմբագիր դառնալու առաջարկ: Եվ այդպես զուգահեռ միշտ աշխատել եմ հեռուստատեսությունում և տարբեր տպագիր մամուլներում:
– Կարճ սանրվածքը Ձեր կերպարի անբաժան մասն է դարձել: Հիշո՞ւմ եք Ձեզ երկար մազերով: Առհասարակ նման բան եղե՞լ է:
– Արդեն 15 տարի է՝ կարճ սանրվածք ունեմ: Բայց ժամանակին երկար, գանգուր մազեր ունեի: Երկար մազերով ինձ շարքային աղջիկ էի զգում: Անխնա կտրեցի, տատիկիս ասած՝ քոքից: Բայց ափսոսեցին դրա համար միայն տատիկս ու քամին: Թեև հիմա նրանց միացել է նաև աղջիկս: Ժամանակ առ ժամանակ հարցնում է, թե ինչո՞ւ իր մաման բոլոր մամաների նման չէ, այլ ավելի շուտ անչափահաս տղայի է նման: Խոստացել եմ՝ երբ ծերանամ, երկար մազեր պահեմ, «կոս» անեմ, որ աղջիկս թերարժեքության բարդույթ չունենա:
– Մի փոքր պատմեք Ձեր ընտանիքի մասին:
– Մենք մինի ընտանիք ենք՝ մամա, պապա և Եվա բալա: Եվան արդեն 6 տարեկան է: Եվ պահանջում է միանգամից մաքսի ընտանիք: Քանի որ ես երկվորյակ քույր ունեմ, նա բացահայտ և բարձրաձայն երազում է, որ մենք ունենանք զույգ բալիկներ՝ անպայման աղջիկ և տղա: Անգամ անուններն է որոշել՝ Մուշեղ և Մարիամ: Հա, նաև Պուսյա անունով կատու պետք է լինի, որ բալիկները խաղան հետը: Բնականաբար, նման հեռանկարից ես կորցնում եմ խոսելու ունակությունս: Ամուսինս՝ Վահանը, ծրագրավորող է: Սա այն դեպքն է, երբ անունը գտել է տիրոջը: Նա իմ իսկական վահանն է ցանկացած հարցում: Ընտանիքում հստակ հիերարխիկ համակարգ է: Ամենաբարձր սանդղակին Եվա բալան է, իսկ բուրգի ներքևում՝ աղջկա համար խենթացող հայրը և այս ստրկատիրական համակարգի դեմ անօգուտ պայքարող մայրը:
– Ձեր 6-ամյա Եվային քույր, եղբայր նվիրելու ցանկություններ չե՞ն առաջանում:
– Թեորիապես նման ցանկություն ունեմ, բայց հաշվի առնելով այն փաստը, որ ցանկացած կենդանի էակ, ով մտնում է մեր տուն՝ լինի կատու, թութակ, երեխա թե պատահաբար ներս թռած ճանճ, անմիջապես երես է առնում՝ մեր պապայի թեթև ձեռքով, ես դեռևս երկմտում եմ:
– Ձեր ամուսինը ծրագրավորող է: Մասնագիտությունների ոլորտների տարբերությունն ի՞նչ ազդեցություն է թողնում ընտանեկան հարաբերությունների վրա:
– Մինչ Վահանին հանդիպելը կարծում էի, որ դասական ծրագրավորողները վտիտ, մինուս 8 տեսողությամբ, ակնոցով, հյուծված տղաներ են: Բայց ամուսինս կորցրեց այդ կարծրատիպը: Պնդոտ, 100 տոկոսանոց տեսողությամբ, հումորի բացառիկ զգացումով և անալիտիկ ուղեղով կարգին տղա դուրս եկավ: Ես կարծում եմ, որ բոլոր ընտանիքներում մեկը պետք է հակակշռի մյուսին: Իմ խենթ, երբեմն էլ՝ հիստերիկ պոռթկումներին, մասնագիտական անկանոն ռեժիմին չէր կարող դիմանալ, օրինակ՝ շոու-բիզնեսի կամ արվեստի ներկայացուցիչ: Որովհետև նրանք նույնպես խենթ են, այսպես ասած՝ «չհասկացված» և հունից դուրս եկող: Այնպես որ, մենք իրար լրացնում ենք: Ես մեր կյանքին էքսպրեսիա եմ հաղորդում, ինքը՝ ռացիոնալիզմ:
– Աշխատանքի բերումով տարբեր հեռուստաընկերություններում, տարբեր ամսագրերում եք աշխատել: Հաճա՞խ եք փոխում Ձեր աշխատավայրը: Բնավորության գի՞ծ է, թե՞ պարզապես շուտ եք ձանձրանում:
– Կասեի՝ հակառակը: Չեմ սիրում նոր աշխատավայրեր, նոր կոլեկտիվ, նոր ռիթմ: Ես աշխատել եմ միայն «Շանթ» հեռուստաընկերությունում, որից հետո տեղափոխվել եմ «Երկիր Մեդիա», ուր աշխատում եմ առայսօր: «Էլ Style» ամսագրից գնացել եմ դեկրետ, քանի որ պատրաստվում էի երեխա ունենալ: Որից հետո աշխատել եմ IQ ամսագրում՝ նորից խմբագիր՝ մինչև ամսագրի փակվելը: Հիմա imyerevan.com կայքի ռուսերեն տարբերակի խմբագիրն եմ: Ինչպես նաև՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի պաշտոնական ձայնն եմ արդեն 6 տարի: Չէի ասի, թե հաճախ եմ փոխում աշխատանքս: Հակառակը՝ շատ կոնսերվատիվ եմ: Հաճախ՝ ի վնաս ինձ:
– Հե՞շտ է Ձեզ հետ համագործակցելը, աշխատելը: Առհասարակ բնավորությամբ բա՞րդ մարդ եք:
– Չգրված օրենքի համաձայն՝ ես հիմա պետք է համեստություն ցուցաբերեի և ասեի. «Օհ, այդ մասին ավելի լավ է պատմեն իմ ընկերները, իմ գործընկերները»: Բայց քանի որ կեղծ համեստությունն ինձ համար ամենամեծ անհամեստությունն է, վստահաբար ասում եմ ողջ կոլեկտիվի անունից՝ այո, ես շատ հեշտ մարդ եմ՝ աշխատանքում՝ առանց ավելորդ ձևականությունների, բարդույթների և զանգուլակների:
– Եթե անկեղծ՝ չեմ պատկերացնում Ձեզ խոհանոցում՝ գազօջախն ամուր գրկած: Միգուցե սխալվո՞ւմ եմ:
– Ես էլ ինձ դժվարությամբ եմ պատկերացնում խոհանոցում: Բայց թեկուց մինի ընտանիքին կերակրել է պետք: Կյանքն այնքան հետաքրքիր է ու բազմազան, որ չի կարելի այն անցկացնել խոհանոցում: Միշտ զարմացրել են այն կանայք, որոնք ուտելիքը, խոհանոցը կուլտ են դարձնում: Ասենք, կարող են ժամերով հիացած պատմել, թե ինչպիսի իդեալական տոլմա են պատրաստում: Ժամում 100 հատ: Ես նախընտրում եմ գիրք կարդալ, ֆիլմ դիտել, շփվել ընկերներիս հետ: Ու գտել եմ իմ լուծումը. ծանր, բարդ, կալորիական ճաշատեսակները պատրաստում է հրաշալի մի կին, ով ինձ օգնում է: Իսկ թեթև աղցանները և ապուրները, որոնք ամուսինս ապերախտաբար անվանում է «անիմաստ խոտեղեն» և հրաժարվում է ուտել, պատրաստում եմ ես: Բժշկական միանգամյա օգտագործման ձեռնոցներով, որ մորթիս և մանիկյուրս չփչանան: Անկեղծ՝ ձեռնոցը պարտադիր է:
– Կատակով, իհարկե, բայց ասում են՝ երեխաները մեծանում են երես առած, որովհետև ոչ ոք, ինչպես հարկն է, չի պատժում տատիկներին:
– Մեր տատիկները չափված-ձևված կոռեկտ տատիկներ են: Իսկ եթե ավելի լուրջ, ապա գտնում եմ, որ երեխաներին չես կարող երես տալ՝ անսահման սեր տալով: Գաղտնիքը նրանում է, որ երեխայի հետ պետք է անընդհատ խոսես: Ու խոսես հավասարը հավասարի նման, ինչպես մեծի հետ: Պատմես հեքիաթներ՝ չարի ու բարու մասին, անարդարության ու կյանքի: Նրանք ամեն ինչ հասկանում են ու ընկալում: Նրանք մեզանից իմաստուն են: