Միևնույն է Հայաստանը մնում է էպիկենտրոն. Դավիթ Սեխպեյան. 1in.am
«Առաջին լրատվական»-ը զրուցել է դերասան, ներկայումս ԱՄՆ-ում ապրող ու ստեղծագործող Դավիթ Սեխպեյանի հետ, որին հայ հանդիսատեսը գիտի Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում ու սերիալում խաղացած դերերով («Դժվար ապրուստ» սերիալում Նոյի դերով, «Չառլի շոուն», «Հեռուստախոհանոց» հաղորդաշարերից):
– Դավիթ, նայելով Facebook-յան ձեր վերջին լուսանկարները, կարելի է արձանագրել ձեր արտաքինում կատարված զգալի փոփոխությունը: Փոխե՞լ եք ձեր ոճը, թե՞ ֆիլմում որևէ հերոսին մարմնավորելու համար են դրանք կատարվել:
– ԱՄՆ-ում «Կտակով թագուհին» սերիալում ինձ առաջարկել էին մարմնավորել մի թմրամոլ երիտասարդի կերպար, շատ ոճային փոփոխություն չկա, պարզապես կերպարն այդպես էի տեսնում: Այնքանով եմ արտաքինիս կարևորություն տվել, որ կերպարը հաջողվի: Խաղից բացի՝ կան մի քանի այլ բաներ, որ արտաքնապես ինձ օգնում են, նպաստում, որ ավելի զգաս քեզ կերպարի մեջ:
– Սերիալները մեզանում շատ են քննադատվում ցածր մակարդակի ու նկարահանման որակի պատճառով, սակայն Հայաստանում ու ԱՄՆ-ում բնակվող դերասանները հիմնականում ներգրավված են սերիալներում: Ո՞րն է խնդիրը:
– Ես կարևորում եմ քննադատությունը, երբեմն առողջ քննադատությունը օգնում է, այն շեշտում է ամենափոքրիկ դրական կողմը, հետո նոր անդրադառնում է բացասականին: Սերիալները քննադատելու հարցում մեծ դեր ունի ֆինանսը, տրամադրված բյուջեն: Բնական է, 10 նախագծի դեպքում եթե 2-ն էլ հաջողված լինի, արդեն լավ է: Այստեղ էլ փորձում ենք առավելագույնն անել այն:
Ամերիկայում շատ դժվար է նկարահանում անելը: Կինոն, ի տարբերություն թատրոնի, այլ է: Եթե թատրոնում դերասանը կարող է դուրս գալ բեմ ու խաղալ միայնակ, կինոյում դերասանը կարծես մղվում է հետին պլան՝ գոյություն ունի ռեժիսոր, օպերատոր, մոնտաժ, լույս, ձայն, և այլն: Եթե չլինի գումար, չի լինի համապատասխան տեխնիկա, ռեժիսորը՝ համապատասխան տրամադրված ժամանակ, սցենարիստը չի կարող գրել լավ սցենար: Ցավոք, դա է խնդիրը, որ քննադատվում են: Իսկ թե ինչն է ինձ դուր գալիս կամ ոչ՝ իմ անձնական կարծիքն է, որը չեմ ցանկանա բարձրաձայնել: Ինչ վերաբերում է լավ ֆիլմին, ապա տարեկան կտրվածքով շատ քիչ թվով ֆիլմ է արտադրվում, իսկ դերասանների թիվը շատ-շատ է, իսկ ի՞նչ պետք է անեն նրանք:
– Ինչպե՞ս եք վերաբերվում մրցակցությանը:
– Տաղանդավոր ու նպատակասլաց մարդն իր ուզածին կհասնի: Ինձ համար մրցակցությունը մի տեսակի է լինում. կա մրցակություն, որ պետք է փորձես շատ լավը լինել ու կատարելագործես քեզ որպես մասնագետ, բայց մնացած հարցերում, աշխատանքից դուրս ինձ համար մրցակցություն գոյություն չունի: Եթե ես ունենամ առողջ մրցակից, մեծ սիրով նրա հետ կմրցեմ, որովհետև դրանից աշխատանքը միայն օգուտ կքաղի:
– Դավիթ, երբ հեռացաք Հայաստանից ու գնացիք ստեղծագործելու ԱՄՆ-ում, շատերի մեջ ձեր հեռանալը զարմանք առաջացրեց, քանի որ արդեն կայացած դերասան էիք, վաղուց ձեր արժանի տեղն էիք զբաղեցրել թատրոնում, հանդես էիք գալիս սերիալներում, ճանաչված էիք: Ինչը ստիպեց հեռանալ:
– Գիտեք, ընդհանուր կարծիք է ստեղծվել, որ եթե ինչ-որ մեկը գնում է Հայաստանից, ուրեմն երկրում վատ է: Ես հասկանում եմ, որ այսօր մենք երկրում շատ խնդիրներ ունենք, ու ցանկացած հայ Աստծուն խնդրում է, որ Հայաստանում վիճակը փոխվի, այն, ինչ վատ է, լավանա, իսկ ինչ լավ է՝ ավելի զարգանա:
Ինչ վերաբերում է երկրից գնալուս, այն Հայաստանի հետ ընդհանրապես կապ չի ունեցել: Թե ինչու եմ եկել, պատճառները շատ-շատ են. ամուսնացա, կյանքս հիմնավորապես փոխվեց, երկար մտածելուց հետո հասկացա, որ կարելի է կտրուկ փոփոխություն անել, հասնել ինչ-ինչ նպատակների ու դրանով իսկ պիտանի լինել ազգին:
Այսօր ուսումս ու աշխատանքս թույլ չեն տալիս վերադառնալ Հայաստան, բայց Հայաստանը շատ կարոտում եմ: Խնդիրն այն չէ, որ Հայաստանից ինչ-որ բան եմ ուզել, ու Հայաստանը դա ինձ չի տվել, Հայաստանի շնորհիվ է, որ ես այն եմ, ինչ եմ: Այնպիսի մի օր չկա, որ պառկես ու աչքիդ առաջ չգան փողոցները, Հայաստանի հետ կապված համն ու հոտը կարոտել եմ:
Ինչ վերաբերում է պահանջված դերասան լինելուն, ասեմ, որ դա իմ երազանքը չի եղել, դա գագաթնակետ չէր, այլ սկիզբ: Եթե գալով ԱՄՆ՝ ես կարող եմ իմ ամբողջ հաջողությունը ոտնատակ տալ, դրանից չեմ վախենում, այլ ցանկանում եմ ավելի շատ գիտելիքներ ձեռք բերել, որ կարողանամ որպես հայ պիտանի լինել ազգիս, որ կարողանամ փոխել այն, ինչ ինձ դուր չի գալիս, այլ ոչ թե նստեմ ու քննադատեմ: Սովորում եմ, լուրջ զբաղվում եմ ինքնակրթությամբ, դեռ 3 տարի էլ կա սովորելու:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: