Դոնեցկի և Լուգանսկի վերջին բախումներին հայեր ևս մասնակցել են ու զոհվել. հայ համայնքը ևս դժվարին կացության մեջ է
168.am-ի զրուցակիցն է Ուկրաինայի Հայոց թեմի առաջնորդ Տ. Գրիգորիս արքեպիսկոպոս Բունիաթյանը:
– Սրբազան, իրավիճակն Ուկրաինայի հարավարևելյան շրջաններում կրկին լարվել է: Երեկ Մյունհենում բացվեց միջազգային խորհրդաժողովը, որում քննարկվելու է Ուկրաինայի հակամարտության կարգավորումն ու այդ երկրում տիրող ճգնաժամի լույսի ներքո՝ անվտանգության եվրոպական ապագան: Մոսկվայում շարունակվում են ուկրաինական խնդրի շուրջ բանակցությունները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հազարավոր հայեր են բնակվում և՛ Դոնեցկում, Լուգանսկում, և՛ Արևմտյան Ուկրաինայում, ո՞րն է, ըստ Ձեզ՝ նախընտրելի փոխզիջումը:
– Դոնեցկ և Լուգանսկ մարզերում իսկապես դրությունը բարդ է. մարդիկ շատերը տեղափոխվել են, կան մարդիկ, ովքեր ստիպված մնում են իրենց բնակավայրերում: Մյուս բնակավայրերում իրավիճակը համեմատաբար խաղաղ է: Կիևում, եթե մի փոքր լարվածություն կա, դա ներքին դժգոհություն է, ներքին հոսանքների մրցապայքար: Թեև այսօր նախկինի նման շատ չեն դրվում այս կամ այն պաշտոնյաների հրաժարականների պահանջներ, բայց դժգոհություններ կան, մարդիկ կոնկրետ հարցեր են առաջադրում իրենց ապրելակերպի և շատ այլ հարցերի վերաբերյալ, քանի որ հիմնականում տնտեսական հոգսերի և տագնապների մեջ են, չեն կարողանում այս իրավիճակում բավարար ապրուստ վաստակել: Բավական խառը վիճակ է, բոլորի միտքն այն է, թե ինչպես կավարտվի այս լարվածությունը: Բոլորի փոքր հույսն այս բանակցություններն են: Տեսնենք՝ ինչ կլինի, մենք հրադադար ենք ցանկանում: Իսկ Դոնեցկում, Լուգանսկում կիրակոցները, ռմբակոծությունները շարունակվում են, հույս ունենք, որ այս օրերի բանակցությունները բոլոր կողմերի միջև արդյունք կտան:
– Այնուամենայնիվ ինչպիսի՞ լուծումն է Ձեզ և հայ համայնքի համար նախընտրելի և ձեռնտու:
– Ես չեմ կարող հաստատ ասել: Նախընտրելին այն է, որ դադարի պատերազմը: Իսկ թե ի՞նչ լուծմամբ, դժվարանում եմ ասել, քանի որ երկու կողմից էլ կան մարդիկ, որոնք ունեն տեսակետներ ու ցանկություններ, նկրտումներ: Ես՝ որպես ոչ իրենցից մեկը, չեմ կարող բարոյապես թույլ տալ ինձ ասել, թե ինչն է նախընտրելի:
– Տեղեկություններ կան, որ այս օրերին ևս մի շարք հայեր ներգրավված են եղել բախումներում՝ թե՛ այս, թե՛ այն կողմից, որոնց հետևանքով զոհեր ևս եղել են: Մոտավորապես ի՞նչ թվի մասին է խոսքը: Հայ համայնքների ղեկավարները մշտապես պնդում են, որ չեզոքության կոչ են անում, բայց, փաստորեն, կան նաև այս կամ այն ճամբարում ներգրավվածներ:
– Ուկրաինայի ողջ հայ ժողովուրդը չէ, որ կապված է հայկական կառույցների և եկեղեցու հետ: Համայնքային կառույցները գիտեն, որ շատ մարդիկ ապրում են, և մենք իրենց գոյության մասին տեղեկություն չունենք, մեզ հետ կապեր չեն պահում: Բայց համատարած բնույթ չկրելով` երկու կողմերից էլ կան մասնակիցներ ռազմական գործողություններին, և կան զոհեր: Բարեբախտաբար, շատ չեն, մոտավորապես 20 զոհ ունենք մեկ տարվա ընթացքում, շատ ճշգրիտ չեմ կարող ասել: Սա՝ մեկ տարվա ընթացքում, վերջին օրերին ևս եղել են զոհեր:
– Իսկ համայնքի հետ աշխատանք այս դժվարին օրերին տարվո՞ւմ է:
– Իբրև ղեկավար մարմիններ՝ մեր համայնքները միջինացված դիրքորոշում ունեն, որ պետք չէ ակտիվ միջամտել մարդկանց դիրքորոշումներին և աչք է պետք փակել, երբ տեսնում ենք, որ մարդիկ իրադարձությունների էպիկենտրոնում են գտնվում, այդ վայրերում իրենք են որոշում՝ ինչ ասել, ինչ խոսել իրենց շրջապատող մարդկանց հետ: Մեծամասնությունն այդ չեզոքության մտքին է:
– Սրբազան, իսկ հայ համայնքի ներկայացուցիչների շրջանում շա՞տ է արտագաղթն Ուկրաինայից:
– Այո, կան շատերը, որ որոշում են հեռանալ: Բացի այս պատերազմական վիճակից, բախումներից և տնտեսական վիճակից, մարդիկ աշխատում են տարիներով, հասնում են մի տեղ, մի նպատակ են իրագործում և ինչ-որ մի փոքր խնայողություն են կարողանում ունենալ, և դա՝ մեկ օրվա, մեկ տարվա մեջ, մեկ ամսվա մեջ կորում-գնում է: Մարդիկ մտածում են` այսպես մինչև ե՞րբ: Հեռացողները հիմնականում Լուգանսկի և Դոնեցկի բնակիչներն են: Գնացողները բնակչության կեսն են կազմում, որոնք գնում են Ռուսաստան, տեղափոխվում Ուկրաինայի այլ բնակավայրեր կամ որոշում հաստատվել Հայաստանում: