Կարճ ասած՝ իշխանությունն ուժեղ է

ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի՝ իր ռուս գործընկերոջը նամակ ուղարկելուց հետո, որը, իմիջիայլոց, հասցեատերը դեռ չի ստացել (դե, փոստը Ռուսաստանում միշտ էլ վատ է աշխատել), Հիմնադիր խորհրդարանի խաղաղ ավտոերթի մասնակիցներին Բերձորում ծեծուջարդի ենթարկելուց հետո իշխանությունները մի քանի օր որևէ տարօրինակ, տրամաբանության մեջ չտեղավորվող քայլ չէին արել:

Սակայն զգալով դա՝ արագ ուղղեցին սխալը, վերանայեցին գործելաոճը, ու ամեն ինչ գնաց իր հունով: Հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ինքնաբուխ զանգվածային բողոքի ակցիայից 20 օր անց հայաստանյան Ֆեմիդան անցավ գործի. Ոստիկանությունը ձերբակալեց Սառնաղբյուր գյուղի 22-ամյա բնակիչ Մնացական Ալեքսանյանին: Մամուլում անմիջապես հայտնվեց բացարձակ անարժեք տեղեկատվություն, որ երիտասարդը բանակից զորացրվել է 2 տարի առաջ, ծառայել է Ասկերանում, իր ծառայության ընթացքում երեք անգամ մասնակցել է դիվերսիոն խմբերի դուրսմղման գործողություններին:

Այս անէական տեղեկությունը տարածողները թերևս հույս ունեին, թե նման կենսագրությունը կարող է մեղմել երիտասարդի մահացու մեղքերը, որոնք, թեև չեն հրապարակվել, սակայն դրանց կազմելն էլ մեկ-երկու րոպեի գործ է:
Փաստորեն, արդարադատության վրա փորձ էր արվում ճնշում գործադրել:
Ավելի՛ն, սառնաղբյուրցիները, մայրաքաղաքից քաղաքացիական ակտիվիստներ որոշեցին ավտոերթ կազմակերպել Գյումրի՝ ի պաշտպանություն ձերբակալված Մնացական Ալեքսանյանի: (Ավտոերթը հայաստանյան գեղեցիկ ավանդույթներից մեկն է): Գյումրեցիներն անգամ վերջնաժամկետ դրեցին՝ փետրվարի 6, ժամը 15:00: Այդ օրն ու նշված ժամից մեկ րոպե ուշ երիտասարդին ազատ չարձակելու դեպքում հնարավոր զարգացումների մասին գյումրեցիները մի քանի վարկածներ նշեցին:

Ու մինչ բոլորս սպասում էինք, թե հատկապես ո՛ր ուղղությամբ կաշխատի զայրացած գյումրեցիների ցասումը, փետրվարի 6-ի արդեն կեսօրին նոր լուր տարածվեց, թե, այսպես ու այսպես, Շիրակի մարզի դատախազ Րաֆֆի Ասլանյանը քննիչին ցուցում է տվել ազատ արձակել Սառնաղբյուրի ձերբակալված երիտասարդին՝ Մնացական Ալեքսանյանին, և խափանման միջոց ընտրել ստորագրությունը՝ չբացակայելու մասին:

Հասարակությունը, որի գրեթե բոլոր անդամները կվարվեին ճիշտ Մնացական Ալեքսանյանի նման, եթե հունվարի 15-ին լինեին Գյումրիում, այդպես էլ չիմացավ՝ հատկապես երիտասարդի ո՛ր արարքն է նրա ձերբակալման հիմքում: Թեև, հաշվի առնելով, որ հունվարի 15-ին բախումներ են եղել ոստիկանների հետ, իսկ ոստիկաններից մեկը հայտնվել է հիվանդանոցում, կարող ենք եզրակացնել, որ փնտրվում է նա, ում պատճառով ոստիկանը հայտնվել է հիվանդանոցում: Թեև չի բացառվում, որ ոստիկանը ցանկանում էր անձամբ շնորհակալություն հայտնել իրեն վիրավորած ցուցարարին՝ բնակարան ստանալու հնարավորության համար: (Կատակ)…

Ոստիկանին հարվածած ցուցարարին գտնելու շտապողականությունը զարմանալի է, քանի որ դրանից առաջ մայրաքաղաքում բազմաթիվ ազատամարտիկների, քաղաքացիների ծեծելու, ի վերջո, 2008-ի Մարտի 1-ին տասը մարդու սպանության համար գոնե մեկ իրավապահի գլխից մազ չի պակասել, գոնե մեկ ոստիկանի մի քանի ժամով անգամ չեն ձերբակալել:

Այն, որ երիտասարդին ազատ արձակեցին, ամենևին արդարադատության հաղթանակը չէ: Նա անմեղ է, հետևաբար՝ պետք է ազատության մե՞ջ լինի: Հայաստանում, թերևս, ճիշտ հակառակն է: Նախագահականում, կառավարությունում, ԱԺ-ում, իրավապահ համակարգի հիմնական կոնտինգենտը կարող է անցնել Քրեական օրենսգրքի միանգամից բոլոր հոդվածներով՝ կաշառակերությունից՝ բռնաբարություն: Բոլոր չինովնիկների աշխատավարձերը բարձր են, սակայն նրանց ինչ-որ քիչ է թվում: «Քիչ է, բայց համեստ կյանք վարելու դեպքում` կբավարարի»,- ասում էր Վոլանդը՝ հայտնի վեպում:

Իրավական երկրում այդ մարդկանց սենյակների պատուհանները ճաղավանդակների ետևում պիտի լինեին: Բայց ապրում են մարդիկ, օրենքներ ստեղծում, կառավարությունում հակակոռուպցիոն ծրագրեր մշակում: Այն, որ այդպիսի ծրագրերից հետո կոռուպցիան ոչ միայն չի նվազում, այլ նոր ոլորտներ է գրավում, խոսում է երեք բանի մասին. կա՛մ կոռումպացված չինովնիկները խուլ են: Կա՛մ նրանք ձերբակալվելուց չեն վախենում: Կա՛մ իրենց կաշառքը 50/50 կիսում են նրանց հետ, ովքեր հակակոռուպցիոն ծրագրեր են մշակում:

Բայց սրանք երկրի համար վտանգ, հասկանալի է, չեն ստեղծում: Վտանգավորը սառնաղբյուրցի, Ասկերանում ծառայած ու երեք անգամ դիվերսիոն խմբերի դուրսմղման գործողություններին մասնակցած Մնացական Ալեքսանյանն է: Եվ, ահա, նրան ազատ են արձակել՝ ստորագրությամբ: Ինչո՞ւ պետք է նրան ազատ արձակեն: Մենք չենք կարող ենթադրել, որ խոսքն արդարության, օրենքի հաղթանակի մասին է:

Երբ արձանագրում ենք, որ խնդիրն այս դեպքում օրենքի կամ արդարության պահանջը կատարելը չէ, հետևաբար՝ կարող ենք արդեն դիմել մեր ֆանտազիային՝ հասկանալու՝ ինչ տարատեսակ պատճառներ կարող են լինել երիտասարդին ազատ արձակելու հարցում: Միակ հավանական պատճառը մտավախությունն է, որ գյումրեցիները կիրագործեն իրենց սպառնալիքը:

Գյումրեցիների դեպքում իշխանությունների մտավախությունն արդարացված էր. նրանք կգնային մինչև վերջ: Մայրաքաղաքում առայժմ համաժողովրդական ամուլ շարժումների նոր փուլ է սպասվում: Դրանց հեգնանքով է արձագանքում անգամ Գալուստ Սահակյանը:

Բայց ոչ թե` որովհետև նա Գալուստ Սահակյանն է, այլ` որովհետև համաժողովրդական հուժկու նման մի քանի շարժումներ «թեժ» աշնանն արդեն եղել են: Եվ այդ հուժկու շարժումների առաջնորդն իշխանություններին հերթական վերջնաժամկետը տալուց հետո դահլիճում քնում է, ապա այլ ելույթներ լսելու բարդությունը հաղթահարում՝ դահլիճից հեռանալով: Համաժողովրդական նման շարժումները, որքան տեսանք, գրոշի արժեք չունեցան:

Բայց բավական էր փոքրիկ, վիրավոր Գյումրիի սպառնալիքը՝ Մնացական Ալեքսանյանին չազատելու դեպքում վարվել, ինչպես վարվել են նախագահական ընտրություններին իշխանական թեկնածուին «ոչ» ասելու ժամանակ, ինչպես վարվել են հունվարի 15-ին, և երիտասարդին ազատ արձակեցին, թող որ՝ ստորագրությամբ:
Իշխանությունը վտանգավոր է նրանով, որ բացարձակ անէֆեկտիվ ու ոչ ադեկվատ է, սակայն ուժեղ է: Բայց ուժեղ է ոչ թե սեփական ուժով, այլ մեր պասիվությամբ, անկազմակերպությամբ, մեր վախերով: Կարճ ասած՝ իշխանությունն ուժեղ է…

Տեսանյութեր

Լրահոս