Կրկին փորձիր ու կրկնակի

Մեր տնտեսական օրենսդրության պատմությունը հերթական տարօրինակ փաստն արձանագրեց: Շատ տարօրինակ: Խորհրդարանը քվեարկությամբ ևս վեց ամսով հետաձգեց «Շրջանառության հարկի մասին» օրենքը: Արդեն հանրահայտ դարձած այս օրենքը պիտի գործեր 2014թ. հոկտեմբերի 1-ից: Բայց անցած տարվա ամռան վերջից մանր ու միջին գործարարները փողոց ելան ու իշխանական շենքեր շրջափակեցին: Արդյունքում՝ որոշվեց օրենքի ուժի մեջ մտնելու նոր ժամկետ սահմանել 2015թ. փետրվարի 1-ը: Այլ կերպ ասած՝ հարազատ կառավարությունը երեքամսյա ժամկետ վերցրեց օրենքը վերանայելու համար: Ու հիմա՝ երեք ամիս հետո, ստիպված եղավ նույն նպատակով՝ կրկին, օտար բառով ասած` թայմ-աուտ վերցնել: Բայց այս անգամ՝ կրկնակի երկար ժամանակով:

Օրենքի կիրառումն անընդհատ հետաձգելով՝ կառավարությունը փորձում է հասարակությանն ու հատկապես մանր ու միջին ձեռնարկատերերին համոզել, որ այն խիստ անհրաժեշտ է: Կառավարությունը կարծում է, որ առանց այդ օրենքի գործարկման՝ չի կարողանա գլուխ բերել ստվերային տնտեսության ու կոռուպցիայի դեմ պայքարի իր խոստումները: Մանր ու միջին գործարարների պայքարը ևս կես տարով հետաձգեց հանգուցալուծումը: Հիմա դժվար է կանխատեսել, թե ինչ կկատարվի հետաձգման վեց ամիսների ընթացքում:

Փոխարենը՝ հստակ կարելի է միանշանակ արձանագրել, որ անցած կես տարում կառավարությանը չհաջողվեց կոմպրոմիսային որևէ լուծում գտնել: Խորհրդարանական որոշումը լուծում չէ, այլ հարցի հետաձգում: Մինչդեռ այս օրենքի մասին իրենց քաղաքական ու տնտեսական տեսակետները հրապարակել են բոլորը: Բառացիորեն բոլորը` կուսակցություններից՝ մինչև տեսաբան ու պրակտիկ տնտեսագետներ: Խորհրդարանական քննարկումների ընթացքում օրինագծին դեմ արտահայտվեցին ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՕԵԿ-ը: «Դաշնակցություն» խմբակցությունը հայտարարեց, որ կողմ է քվեարկում միայն այն պատճառով, որ «ավելի լավ է վատ օրենքի կիրառումը հետաձգվի, քան այն ուժի մեջ մտնի»:

Բազմաթիվ փորձագիտական վերլուծություններ կան, ուր նշվում է, որ այս օրենքի հետևանքով կտուժի մանր ու միջին ձեռնարկատիրությունը, և հազարավոր աշխատատեղեր կփակվեն: Հայաստանում մոտ 80 հազար տնտեսվարողներից մոտ 65 հազարից ավելին հենց մանր ու միջին մասշտաբի տնտեսվարողներն են: Փորձագիտական հաշվարկներով` նրանց մեծ մասը տնտեսվարող այն սուբյեկտներն են, ում օրական եկամուտը մինչև 10 հազար դրամ է կազմում: 10 հազար դրամ՝ չհանած բիզնեսի (հիմնականում առևտրի) կազմակերպչական ծախսերը: Փորձագետներից շատերը մատնանշում են այն փաստը, որ օրենքը մշակվել է մեկ դոլարը՝ 300-310 դրամ հաշվարկով, և դրամի ներկա փոխարժեքի պարագայում այն անհամեմատ մեծ քանակի տնտեսվարողների համար է գլխացավանք դարձել: Բայց միևնույն է, հետաձգվող օրենքը, սառնասիրտ անհանդուրժողականությամբ, մանր ու միջին գործարարներին փաստաթղթաշրջանառության վարույթ է պարտադրում: Այս գործարարների համար տեխնիկապես բավական բարդ և տնտեսապես նույնաստիճան թանկարժեք փաստաթղթաշրջանառություն:

Անկախության հենց սկզբից դժվար է հիշել տնտեսական մի բարեփոխում, որ այսքան լայնամասշտաբ հասարակական դժգոհություն ծնած լինի: Այս պարագային, իհարկե, կարևորը դժգոհության մասշտաբը չէ, այլ այն, որ տնտեսական այս օրենքից դժգոհողները բազմամարդ միտինգներ են անում: Անկեղծ ասած, լրատվամիջոցներով հետևել եմ բողոքի այդ ակցիաներին: Հետաքրքիր էր լսել իրենց բիզնես շահը պաշտպանելու ելած գործարարների ինքնաբուխ ելույթներ:

Կհանդգնեմ պնդել, որ քաղաքական իմաստով դրանք ավելի հասուն էին, քան մեր մանդատակիր ու պաշտոնյա գործիչներից շատերինը: Մարդիկ գիտեն իրենց տեղն ու արժեքը մեր հասարակական-քաղաքական կյանքում: Գիտեն ու փորձում են տեր կանգնել իրենց իրավունքներին: Մեր նորօրյա պատմության մեջ դժվար է մեկ-երկու դեպքից ավելին հիշել, երբ հասարակական շարժումը հասնում է իր նպատակին: Հասնում է այս կամ այն չափով: Առաջինը, թերևս, ուղեվարձի դեմ պայքարն էր: Այդ շարժումից արդեն համարյա մեկուկես տարի է անցել, բայց քաղաքային տրանսպորտը դեռ աշխատում է: Աշխատում է` անգամ անցած դեկտեմբերի արժեզրկման հարվածից հետո: Երևանի քաղաքապետարանը նույնիսկ արտասահմանյան կազմակերպություն էր հրավիրել տրանսպորտի ու ուղեվարձի խնդիրների ուսումնասիրության համար: Բայց այդ ուսումնասիրության արդյունքներն առ այսօր հրապարակված չեն:

Ճիշտ այնպես, ինչպես հրապարակված չէ, թե ինչով էր զբաղված կառավարությունը «Շրջանառության հարկի մասին» օրենքի ուժի մեջ մտնելը հետաձգելու` արդեն սպառված, երեք ամսվա ընթացքում: Հավանաբար երբեք չենք իմանա նաև, թե ինչ է անելու կառավարությունը նորավաստակ վեցամսյա թայմ-աուտի ընթացքում: Եվ եթե այսպես շարունակվի, հուլիսի 1-ի նախօրյակին կրկին նույն պիկետներն են լինելու, կրկին կառավարական շենքեր են շրջափակվելու: Ու այսպես շարունակ՝ մինչև կառավարությունը ստվերային տնտեսության դեմ «պայքարի» այլ ճանապարհ մշակի: Իսկ այս օրենքի դեմ հասարակական դիմադրությունը չի մեղմանալու:

Չի մեղմանալու ոչ միայն այն պատճառով, որ մանր ու միջին բիզնեսն աշխատատեղ ու ապրուստ է ապահովում շատ-շատերին: 2014թ. հազար խոշոր հարկատուների ցուցակն ուսումնասիրելուց ակնհայտ է, որ խոշոր հարկատուների մասնաբաժինը կրճատվել է: Փոխարենը՝ աճել են մանր ու միջին գործարարներին բաժին ընկած հարկային մուտքերը: Սա՝ այն պարագային, երբ «Շրջանառության հարկի մասին» օրենքը դեռ չի գործում:

Տեսանյութեր

Լրահոս