Բաժիններ՝

«Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գլխավոր օգուտը Հայաստանը քաղելու է մաքսատուրքերի արտոնություններից». Զավեն Տիգրանյան

Տնտեսագետ Զավեն Տիգրանյանը (Zaven Dikranian) Լիբանանում աշխատում է հաշվապահական խորհրդատվության բնագավառում, ինչպես նաև՝ մամուլում հանդես է գալիս տնտեսագիտական վերլուծություններով: Շաբաթը մեկ անգամ Լիբանանի «Ռադիո Սևանով» վարում է տնտեսագիտական հաղորդում: Հայաստանի տնտեսական իրավիճակի մասին 168.am-ին տված բացառիկ հարցազրույցում նա նշել է, որ 2015 թվականը Հայաստանի համար  տնտեսական հուսադրող տարի չի լինելու:

«Տնտեսական առումով, ենթադրում եմ, որ 2015-ը Եվրոպայի, Միջին Արևելքի, Կովկասի և ասիական տարածաշրջանի համար լինելու է դիմանալու և դիմադրելու տարի. առկա են տնտեսական ուժեղ ճնշումներ: Միջազգային ներկա տնտեսական քաղաքականությունը, մանավանդ՝ նավթային ոլորտում, շարունակվում է: Տվյալների վերլուծումը ցույց է տալիս, որ նավթի գնի անկումը ծրագրված է գլխավորապես Ռուսաստանի և Իրանի դեմ, որոնք արտաքին աշխարհում ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքական և տնտեսական շահերին հակառակ միջոցառումներ են իրականացնում: Այս երկու երկրներն իրենց սահմաններից դուրս ազդեցիկ տեղ ունեն և դեռևս ուզում են շարունակել իրենց ձեռք բերած արտաքին նվաճումները՝ շնորհիվ նավթի եկամուտների, ինչի միջոցով հեշտորեն ապահովում էին օտար դրամանիշեր:

Կարծես թե ԱՄՆ-ը և իր դաշնակիցներն այս երկու երկրների արտաքին ազդեցությունը կասեցնելու ամենահարմար տնտեսական միջոցը դեռևս համարում են նավթի և գազի գներն անկված վիճակում պահելը, որպեսզի երկու երկրներում դոլարի և եվրոյի մուտքերը նվազեն և բյուջեների հավասարակշռությունները խախտվեն՝ նվազեցնելով եկամուտները, ինչի պատճառով Ռուսաստանն ու Իրանը ստիպված պիտի լինեն արտաքին աշխարհում կասեցնել իրենց ծախսերը, ինչն իր հերթին՝ նվազեցնելու է նրանց ազդեցությունը:

Նավթի գների նվազումը սկիզբ է առել մոտավորապես 2014-ի կեսին, և վեց ամսվա ընթացքում ավելի քան 50 %-ով գնի նվազում է արձանագրվել՝ մեկ տակառի արժեքը 118-ից հասնելով ներկայիս 49 դոլարին:

Մյուս կողմից՝ նախատեսվում է, թե եվրոն նույնպես պիտի շարունակի դոլարի դիմաց փոխանակման արժեքը ցածր պահել, և նույնիսկ խոսվում է 1 դոլարի դիմաց 1 եվրոյի փոխանակման մասին, որպեսզի Եվրոպայի արտահանումները հզորանան, և արտադրությունն աշխուժանա:

Ես նախատեսում եմ, որ 2015-ի տնտեսական ճանապարհն ընթանալու է այս մթնոլորտում, ինչը շատ նպաստավոր չի թվում Հայաստանի համար. նավթի գնի ցածր մակարդակը մնայուն ճնշում է առաջացնելու երկրում, և դոլարի պահանջը շարունակվելու է, ինչն իր հերթին՝ կարող է սառեցնել տնտեսական ծրագրերը»:

Ըստ Զ. Տիգրանյանի՝ Հայաստանը կարող է օգուտներ քաղել Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցությունից:

«Համաշխարհայնացումի արդի սկզբունքներին համաձայն՝ անհրաժեշտ է դառնում, որ որևէ երկիր անդամակցի տնտեսական ինչ-որ համախմբման, որպեսզի ավելի ընդարձակի տնտեսական զանազան ոլորտների գործունեությունները, սպառման ավելի լայն շուկաներ գտնի և հեշտորեն կարողանա հավասարակշռել իր գերակայությունները՝ պակասների հետ: Այս առումով տրամաբանական է, որ Հայաստանը մաս կազմի ԵՏՄ-ին՝ նկատի ունենալով երկար տարիների ընթացքում իր նախկին համագործակցությունն ու սերտ պատմական կապերը՝ այդ համախմբման անդամ մյուս երկրների հետ:

Այժմ Հայաստանը կարող է ինքն իրեն համարել տնտեսական ավելի ընդարձակ սահմանների ներքո գտնվող երկիր. երկրի արտադրանքը, նախատեսվում է, որ կհասնի ավելի մեծ թվով սպառողների, հետևաբար՝ նախ՝ այդ արտադրանքի քանակը պիտի ավելանա, և հետո նաև ջանք պիտի տարվի մրցակցության հնարավորությունները զարգացնելու՝ որակավորելով ներկայացված արտադրանքը, որպեսզի այն պահանջարկ առաջացնի, և նախընտրությունը տրվի հենց հայկականին:

Գլխավոր օգուտը Հայաստանը քաղելու է մաքսատուրքերի արտոնություններից, հատկապես նավթի ներմուծման տուրքերից՝ նկատի ունենալով, որ միության մյուս երեք անդամները հարուստ են նավթով: Ուրեմն այս անդամակցությունը կարող է մեղմացնել գների բարձրացումը, եթե, իհարկե, շահագործությանն ընթացք չտրվի: Տարբեր օգուտներ ևս սպասվում են, հատկապես՝ գյուղատնտեսական բերքի հեշտ սպառման, ինչպես նաև՝ միության անդամ երկրների ներսում հայ աշխատավորների անարգել տեղաշարժման և գործ գտնելու մեծ հավանականության առումով:

Վերջին տեղեկությունների համաձայն՝ Չինաստանն ու Հնդկաստանը խիստ հետաքրքրված են և պատրաստակամություն են հայտնել ԵՏՄ-ի հետ համագործակցելու: Իբրև աշխարհի ամենաշատ բնակչության թվեր ունեցող երկրներ՝ նրանց գործակցությունը ԵՏՄ-ի հետ սպառման լայն շուկա է բացելու անդամ երկրների առջև: Սակայն պետք է ընդունել նաև, որ ԵՏՄ-ն միայն բարիք բերող միություն չէ, և Հայաստանի անդամակցությունը հեշտ աչքով չի դիտվելու ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից: Նրանք բազմիցս են հորդորել Ռուսաստանի հետ սերտ գործակցող երկրներին՝ անջատվելու այդ գործակցությունից և միանալու արևմտյան քաղաքականություն վարող համախմբումների: Սա նշանակում է, որ ԵՏՄ-ի անդամակցության ճանապարհը խոչընդոտներ էլ ունի, բայց առայժմ անդամակցության առավելությունները գերազանցում են բացասական կողմերին»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ առաջիկայում:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս