Ամենակարևորը՝ բանկերի մասին-2

Ինչպես խոստացել էինք, կրկին անդրադառնում ենք բանկերի թեմային՝ թարմացնելով տվյալները։ Նախորդ հրապարակման մեջ («Ամենակարևորը՝ բանկերի մասին») ներկայացրել էինք ՀՀ բանկերի՝ 2013 թվականի տվյալները։ Այժմ ՀՀ բոլոր
21 բանկերը հրապարակել են նաև 2014 թվականի 4-րդ եռամսյակի ցուցանիշները։

Ճիշտ է, դրանք դեռ պետք է աուդիտ անցնեն և տարվա կտրվածքով հրապարակվեն ապրիլին, սակայն, որպես կանոն, փոփոխություններ գրեթե չեն լինում։ Այսինքն՝ արդեն կարող ենք արձանագրել, թե ինչպիսին է եղել 2014 թվականը բանկերի համար։

Ընդհանուր առմամբ կարող ենք ասել, որ բանկային համակարգի համար տարին տխուր էր։
Բանկերի շահույթը 2014 թվականին 42.34%-ով նվազել է 2013-ի համեմատ և կազմել 26.7 միլիարդ դրամ (2013-ին բանկային ոլորտի շահույթը 46.3 միլիարդ դրամ էր)։

 

Տարին վնասով փակած բանկերը

Տարին վնասով են փակել 5 առևտրային բանկեր (2013-ին վնասով աշխատել էին 3 բանկեր)։

Ամենամեծ վնասն արձանագրել է Առէկսիմբանկը (Գազպրոմբանկի խումբ)՝ 5 մլրդ 668.9 միլիոն դրամ։ Բանկը 2013-ին ունեցել էր 108.7 միլիոն դրամի շահույթ։
Տարին պակաս անհաջող չի եղել նաև Ակբա-Կրեդիտ Ագրիկոլի համար։ Այս բանկը 2013-ը փակել էր շուրջ 5 միլիարդ դրամ շահույթով, սակայն 2014-ին արձանագրել է 4 մլրդ 625 միլիոն դրամի վնաս։

Արցախբանկի վնասը 2014-ին կազմել է 1 միլիարդ 697.1 միլիոն դրամ (2013-ին բանկն ունեցել էր 1 միլիարդ դրամի շահույթ)։

Բիբլոս բանկն ունեցել է 513.4 միլիոն դրամի վնաս: Բանկը վնասով էր փակել նաև 2013 թվականը։ Եվ վերջապես ԲՏԱ բանկը, որը 2013-ին ունեցել էր 79 միլիոն դրամի շահույթ, նախորդ տարին փակել է 177.9 միլիոն դրամի վնասով։

Մնացած 16 բանկերը 2014 թվականը փակել են շահույթով, սակայն նրանցից 7-ի շահույթը պակասել է՝ 2013-ի համեմատ։ Շահույթի ամենամեծ կորուստը գրանցել է ՎՏԲ-Հայաստան բանկը՝ 5 միլիարդ 638 միլիոն դրամից հասցնելով 777.14 միլիոն դրամի։ Արդշինբանկի շահույթը նվազել է 35%-ով կամ 2.2 միլիարդ դրամով։ Պրոմեթեյ բանկը 2014-ին ունեցել է 1.4 միլիարդ դրամի շահույթ՝ 21.5%-ով քիչ, քան 2013-ին։

Որ բանկերն են ամենից շատ շահույթ ունեցել 2014 թվականին

Ամենամեծ շահույթը 2014 թվականի արդյունքներով գրանցել է Ամերիաբանկը՝ 7 մլրդ 148.8 միլիարդ դրամ։ Բանկի շահույթը նախորդ տարվա համեմատ ավելացել է 1.09 միլիարդ դրամով կամ 18%-ով։

procredit-shahuyt

Երկրորդն տեղում HSBC Հայաստանն է՝ 6 միլիարդ 565.4 միլիոն դրամով։ Նշենք, որ 2013 թվականին HSBC-ն ավելի մեծ ցուցանիշ ուներ՝ 8 միլիարդ դրամ, և շահույթի բացարձակ մեծությամբ առաջին տեղում էր։

Երրորդը Ինեկոբանկն է, որը նախորդ տարվա համեմատ շահույթն ավելացրել է 5.93%-ով (290 միլիոն դրամով) և հասցրել 5 միլիարդ 176.9 միլիոն դրամի։
Արդշինբանկի շահույթը նախորդ տարվա համեմատ նվազել է 2.2 միլիարդ դրամով, սակայն, չնայած դրան՝ բանկը զբաղեցնում է 4-րդ տեղը՝ 4.2 միլիարդ դրամ շահույթի ցուցանիշով։

Հնգյակը եզրափակում է Հայբիզնեսբանկը՝ 3 միլիարդ 527.4 միլիոն դրամ շահույթով։

Շահույթի աճի առումով առանձնանում է Անելիք բանկը։ 2013-ին ունենալով 1.4 միլիարդ դրամի վնաս՝ բանկը 2014-ին ապահովել է 335 միլիոն դրամի շահույթ։

 

ՊրոԿրեդիտ բանկի շահույթը աճել է 23.3 անգամ՝ 21.5 միլիոն դրամից հասնելով 502.28 միլիոնի։

Կոնվերս բանկը շահույթն ավելացրել է 5.3 անգամ՝ 449 միլիոն դրամից հասցնելով 2 միլիարդ 379.5 միլիոնի։ Յունիբանկը կրկնապատկել է շահույթը՝ 483.6 միլիոնից հասցնելով 961.8 միլիոն դրամի։

Շահութաբերությունը

Բանկային համակարգի շահութաբերությունը՝ ըստ կապիտալի (ROE), 2014-ին կազմել է 5.53%։ Դա բավականին ցածր է 2013-ի ցուցանիշի համեմատ։

Ամենաշահութաբեր բանկը 2014-ի արդյունքներով՝ Ինեկոբանկն է՝ 20.75% (2013-ին՝ 23.6% էր)։ Հաջորդն Ամերիաբանկն է՝ 17.64% (2013թ.՝ 16.1%)։ HSBC-Հայաստանը, որը 2013 թվականի արդյունքներով երկրորդ շահութաբեր բանկն էր (20.9%), 2014-ին նահանջել է երրորդ տեղը՝ 14.4%։ Նրան հաջորդում են Արարատբանկը՝ 14.24%, Հայբիզնեսբանկը՝ 13.42, Կոնվերս բանկը՝ 11.39%, Արմսվիսբանկը՝ 11.83%, Արդշինբանկը՝ 9.11%, և Զարգացման հայկական բանկը՝ 8.58%։

Բանկերի կապիտալը

Սեփական կապիտալի մեծությամբ առաջին տեղում 2014-ին հայտնվել է HSBC-Հայաստան բանկը, որը մեծացրել է իր կապիտալը 8.7 միլիարդ դրամով (21.2%-ով) և հասցրել շուրջ 50 միլիարդ դրամի։

Ակբա-Կրեդիտ Ագրիկոլը նահանջել է երկրորդ հորիզոնական։ Բանկի կապիտալը նվազել է 4.73 միլիարդ դրամով և կազմել 49.37 միլիարդ դրամ։

Սեփական կապիտալի զգալի աճ է ունեցել Արդշինբանկը՝ 7.46% կամ 3.3 միլիարդ դրամ։ Բանկն իր 47.39 միլիարդ դրամ սեփական կապիտալի ցուցանիշով 3-րդն է։

Չորրորդ տեղում ՎՏԲ-Հայաստան բանկն է, որը նույնպես զգալի աճ է ապահովել՝ 20.35% կամ 7.57 մլրդ դրամ։ Բանկի կապիտալը 2014-ի վերջին կազմել է 44.77 միլիարդ դրամ։

Հինգերորդը Ամերիաբանկն է՝ 42.35 միլիարդ դրամ (աճը՝ 3.65 մլրդ դրամ կամ 9.43%):

Մնացած բանկերի սեփական կապիտալը Կենտրոնական բանկի նոր պահանջից՝ 30 միլիարդ դրամից ցածր է։ Թեպետ դեռ 2 տարի ժամանակ կա՝ այդ ցուցանիշն ապահովելու համար։

30 միլիարդի շեմին մոտեցել են Հայբիզնեսբանկը (27.64 մլրդ դրամ) և Ինեկոբանկը (26.48 մլրդ դրամ)։ Նշենք նաև, որ Առէկսիմբանկը նույնպես մոտեցել է 30 միլիարդի շեմին։ Բանկի հաշվետվության մեջ դա չի երևում, քանի որ փոփոխությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարին։ Բանկը հաղորդագրություն էր տարածել, որ միակ բաժնետերը՝ Գազպրոմբանկը, համալրել է Առէկսիմբանկի կանոնադրական կապիտալը 20 միլիոն դոլարով (9.4 միլիարդ դրամով)։

21 բանկերից 6-ի սեփական կապիտալը նվազել է։ Դրանցից 5-ն այն նույն բանկերն են, որոնք տարին փակել են վնասով։ Շահույթով աշխատած բանկերից կապիտալի նվազում ունեցել է Արմսվիսբանկը։

Ընդհանուր առմամբ, բանկային ոլորտի սեփական կապիտալի մեծությունը 2014-ին աճել է 3.74%-ով (17.71 միլիարդ դրամով) և կազմել 491.21 միլիարդ դրամ։

Ով որքան է վարկավորել

ՀՀ առևտրային բանկերի կողմից հաճախորդներին տրված վարկերի և փոխատվությունների ծավալը 2014 թվականի վերջին կազմել է 2 տրիլիոն 134.45 մլրդ դրամ։ 2013-ի համեմատ ցուցանիշն աճել է 364.4 մլրդ դրամով կամ 20.6%-ով։ Թեպետ կարելի է ենթադրել, որ ցուցանիշի աճը հիմնականում պայմանավորված է արտարժույթով տրված վարկերի վերագնահատմամբ (դրամի արժեզրկման արդյունքում դրանք այժմ ավելի մեծ ցուցանիշ են ապահովում)։

Վարկային պորտֆելի առումով անվիճելի առաջատար է դարձել Ամերիաբանկը։ Բանկի վարկային պորտֆելն աճել է 108.9 միլիարդ դրամով (64.12%-ով) և կազմել 278.8 միլիարդ դրամ։ Ամերիաբանկին բաժին է ընկնում ՀՀ բանկային համակարգի վարկային պորտֆելի 13%-ը։

ՎՏԲ-Հայաստանը երկրորդ տեղում է՝ 244.34 միլիարդ դրամով (ընդհանուրի՝ 11.45%-ը)։
Խոշորագույն վարկատուների եռյակը եզրափակում է Արդշինբանկը՝ 220.14 միլիարդ դրամով։ Բանկի վարկային պորտֆելն աճել է 27.78%-ով կամ 47.86 մլրդ դրամով։

Աճի առումով տպավորիչ ցուցանիշ է գրանցել Անելիք բանկը։ Այս բանկի վարկային պորտֆելն աճել է 51.88%-ով (20 միլիարդ դրամով) և կազմել 58.61 միլիարդ դրամ։
Վարկային պորտֆելի նվազում ունեցել է միայն Առէկսիմբանկը։ Հաճախորդներին տրված վարկերի ծավալը նվազել է 25.6%-ով՝ 92.7 միլիարդ դրամից հասնելով 69 միլիարդ դրամի։

bab-axyusak-varker

Ինչպես են փոխվել ավանդները

Ամենահետաքրքիրը, թերևս, հաճախորդների ավանդների և հաշիվների վերաբերյալ ցուցանիշներն են։ ՀՀ 21 բանկերի եռամսյակային հաշվետվությունների հիման վրա կազմված աղյուսակից երևում է, որ հաճախորդների ավանդների և հաշիվների մեծությունը 2014 թվականի վերջին կազմել է 1 տրիլիոն 701 միլիարդ դրամ։ Տարվա սկզբի համեմատ այդ ցուցանիշն աճել է 78.1 միլիարդ դրամով կամ 4.8%-ով։

Սակայն, ինչպես նախորդ համարում գրել էինք, ավանդների մեծությունն իրականում նվազել է։ Հաշվի առնելով, որ ավանդների և հաշիվների 70%-ն արտարժույթով է, ապա միայն դրամի 15%-անոց արժեզրկման արդյունքում ավանդների մեծությունը պետք է կազմեր շուրջ 1.8 տրիլիոն դրամ։ Իսկ ներկայիս թվերը խոսում են այն մասին, որ ավանդների իրական չափը նվազել է 5%-ով կամ ավելի քան 90 միլիարդ դրամով։ Այդքան գումար դուրս է եկել բանկերից նախորդ տարվա ընթաքում (ենթադրվում է՝ դեկտեմբերյան խուճապի ընթացքում)։

Բացարձակ թվով նվազել են հայաստանյան 4 բանկերի ավանդները։ Իսկ ամենամեծ նվազումը գրանցել է Առէկսիմբանկը։ Այս բանկում պահվող ավանդների և հաշիվների մեծությունը նվազել է շուրջ 4 անգամ՝ 160.8 միլիարդ դրամից հասնելով 41.8 միլիարդ դրամի։

Բացարձակ թվով ամենից շատ աճել են Ամերիաբանկի ավանդները՝ 38.8 միլիարդ դրամով կամ 22.8%-ով։ Արդյունքում՝ Ամերիաբանկն ավանդների մեծությամբ դարձել է Հայաստանի խոշորագույն բանկը (208.7 միլիարդ դրամ կամ ընդհանուրի 12.27%-ը)։

Ավանդների և հաշիվների մեծությամբ երկրորդ տեղում Արդշինբանկն է (182.8 մլրդ դրամ կամ ընդհանուրի 10.75%-ը)։ Նախորդ տարվա ընթացքում այս բանկի ավանդների ու հաշիվների մեծությունն աճել է 14.9%-ով կամ 23.66 միլիարդ դրամով։ Երրորդ տեղում HSBC-Հայաստանն է՝ 172.76 միլիարդ դրամ կամ ընդհանուրի 10.16%-ը։

Տոկոսային առումով ավանդների ամենամեծ աճը գրանցել է իրանական Մելլաթ բանկը։ Իր ծավալներով հայաստանյան ամենափոքր բանկում ավանդների և հաշիվների մեծությունն ավելացել է 5.6 անգամ՝ 1 միլիարդ 270 միլիոն դրամից հասնելով 7 միլիարդ 120 միլիոնի։ Ավանդների տպավորիչ աճ է գրանցել Անելիք բանկը՝ 46% կամ 15.3 միլիարդ դրամ։ Այստեղ ավանդների մեծությունը 2014-ի վերջին կազմել է 48.53 միլիարդ դրամ։
Արմսվիսբանկում ավանդների մեծությունն աճել է 43.4%-ով (10.5 միլիարդ դրամով) և հասել 34.6 միլիարդի։

Բիբլոս բանկում ավանդների ու հաշիվների մեծությունն աճել է 38.8%-ով կամ 9.45 միլիարդ դրամով, Հայէկոնոմբանկում՝ 29.6%-ով կամ 13.1 միլիարդ դրամով, Հայբիզնեսբանկում՝ 25.2%-ով կամ 29.27 միլիարդ դրամով։

Տեսանյութեր

Լրահոս