Վարորդները սպասում են քաղաքապետարանի որոշմանը
«Եթե մեզ ասում են` աշխատեք 100 դրամով, մենք էլ ասում ենք՝ մեզ վառելիքը տվեք ինքնարժեքով: Դա շատ մեծ քանակ չի, ու ներկորղների վրա ծանր չի նստի: Ասում ենք՝ դիմեք իշխանություններին, որպեսզի մեր հարկային բեռը թեթևացնեն»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր Փոխադրողների միության նախագահ Հրանտ Եղիազարյանը:
Հիշեցնենք, որ դեռևս դեկտեմբերին մի շարք երթուղային տաքսիների վարորդներ գործադուլ էին հայտարարել՝ բողոքելով գազալցակայաններում գազի գնի թանկացման դեմ և պահանջելով բարձրացնել ուղեվարձի սակագինը: Երևանի քաղաքապետարանը վարորդներից ժամանակ էր խնդրել՝ գծատերերի և գազալցակայանների սեփականատերերի հետ հարցը քննարկելու և խնդրին լուծում տալու համար: Այդ օրերին համաձայնության էին եկել ժամանակավորապես կայունացնել վիճակը, վերականգնել երթուղիների սպասարկումը՝ մինչև խնդրին լուծում տրվի: Վարորդները սպասումով դադարեցրել էին գործադուլը մինչև հունվարի 15-ը: Հարցը մինչ օրս դեռ լուծված չէ:
«Գծատերն ասում է՝ վճարեք: Երբ գազի գինը բարձրանում է, գծատերը պահանջում է այն գումարը, որը պահանջվում է, ու այն մյուսը մնում է վարորդի հաշվին, իսկ վարորդն ասում ՝ այդ եղած գումարով չեմ կարող տունս պահել, հետևաբար՝ չեմ աշխատում»,- ասել է Հրանտ Եղիազարյանը, ով կողմ է, որպեսզի ուղևորից գանձվող գումարը մնա նույնը, և տարբերությունը կատարվի իշխանությունների կողմից, ինչպես շատ ուրիշ երկրներում է արվում:
168.am-ը խնդրի շուրջ զրուցեց Երևանի երթուղային տաքսիներից մի քանիսի վարորդների հետ: Նրանց համոզմամբ՝ այսօր բոլորն են վնասով աշխատում, ու այսպես շարունակվելու դեպքում՝ հնարավոր չի լինի աշխատել: Վարորդները կողմ չեն, որ ուղևորը վճարի, այլ պահանջում են գազի գների իջեցում: Իրենք էլ իրավունք չունեն ընդունված գինն իրենց կամքով բարձրացնել ու ցանկություն էլ չունեն. հասկանում են ժողովրդի վիճակը ու չեն ուզում՝ էլ ավելի վատանա: Եթե այսպես շարունակվի, վստահաբար պատրաստ են գործադուլի:
Իսկ «Շևրոլե» տաքսու վարորդ Արտուշ Մանուկյանը մեզ հետ զրույցում ասաց. «Գազի մի խորանարդը 170 դրամ էր, հետո դարձավ 180, հետո՝ 230, 250 , հիմա էլ դարձրեցին 200-210 դրամ: Այսինքն՝ մի 40%-ով թանկացավ: Պարզ երևում է, որ այսօր գազի գինը չի իջել: Հիմա մենք վնասով ենք աշխատում՝ 1 կմ-ը 100 դրամ է: Մենք ինքներս ուզում ենք փոխել գինը, բայց դե, եթե պետականորեն չի որոշվել, որ ուղեվարձը դառնա 120 կամ 150 դրամ՝ չենք կարող թանկացնել: Նաև մարդիկ կան՝ հասկանում են, որ թանկացել է, ավել գումար են տալիս. ով ունենում է՝ տալիս է, ով չէ՝ հենց 100-ով է գնում: Մենք սպասում ենք, որ պետք է կարգավորվի, խոսակցություն կա, բայց՝ ե՞րբ, չգիտենք: Եթե պիտի վնասով աշխատեմ, իմաստը ո՞րն է: Առաջ 5000 կամ 4000 դրամ փող էի տուն տանում, հիմա՝ 2000, կամ էդ էլ չեմ տանում, անօրինական տաքսիները շատ են, այնքան բան կա ասելու… Էլի ժողովրդի ջանից ա դուրս գալիս՝ թե՛ վարորդի, թե՛ ուղևորների, իրանց ի՞նչ»,- ասում է տաքսու վարորդը:
62 համարի երթուղայինի վարորդ Գեղամ Գրիգորյանն այսօր նաև այլ տարբերակ է գտել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար: Թեև ավելի մատչելի գնով գազալցակայան է գտել, բայց, միևնույն է, գոհ չէ. այս դեպքում էլ գազի որակը լավը չէ: Վստահ է՝ այս վիճակն իր համար երկար չի շարունակվի, ու եթե հարցին լուծում չտրվի, նա այլևս չի շարունակելու որպես վարորդ աշխատել. ձեռք չի տալիս: «Վնասով ենք աշխատում՝ մոտավորապես 3-4 հազար դրամ: Դե, կոնկրետ տեղեր կան, որ զապռավկեն էժան ա, բայց դե, նույնն ա դուրս գալիս: Էնտեղ էլ գազի որակը լավը չէ: Էնտեղ 170 է, իսկ որակով գազը 200-210 դրամ է: Դե, հլա որ ոսկե միջինը գտել ենք, սպասենք՝ տեսնենք՝ ի՞նչ կլինի: Բայց սենց երկար չի կարա շարունակվի: Մարդը 100 դրամ տալիս է՝ մի կանգառ գնում է, եթե դարձավ 200 դրամ՝ կտա՞, կգնա՞: Սրա միակ լուծումը գազի գինն իջացնելն է: Մի քանի օրից ես էլ չեմ էլ քշելու, թողելու եմ մեքենան. ձեռք չի տալիս»,- ասում է վարորդը: