«Տպավորությունն այնպես էր, որ իրենք նախընտրած թեկնածու ունեին և նրա շուրջ էին կազմակերպել մրցույթը»
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագիրն առաջ է բերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության նորմրցույթ անցկացնելու անհրաժեշտություն: Այս մասին նշված էր նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ: Այդ հրամանագրով՝ ուժը կորցրած էր ճանաչվել ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչվածների ցուցակը հաստատելու մասին նրա հրամանագիրը:
Դա պատճառաբանվել էր նրանով, որ «Եվրոպայի խորհրդի կողմից սահմանված ընթացակարգերի շրջանակում ՀՀ արտաքին գործերի նախարարությունը ստացել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ՄԻԵԴ դատավորի ընտրության համար թեկնածուների վերաբերյալ փորձագետների խորհրդատվական խմբի կարծիքը, որիցհետևում է, որ ցուցակում ընդգրկված տարբեր սեռերի թեկնածուները պետք է հավասարապես և ամբողջովին համապատասխանեն Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 21-րդ հոդվածի 1-ին մասի բոլոր պահանջներին, այդ թվում՝ ճանաչված իրազեկ իրավագետ լինելու չափանիշին»:
Հիշեցնենք, որ նախագահի կողմից հաստատված ցուցակում ընդգրկված էին ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանը, «Իրավունքի գերակայություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության և «Ֆորում իրավունքի կենտրոն» հասարակական կազմակերպության մասնակից Արայիկ Ղազարյանը և ՀՀ Գլխավոր դատախազության միջազգային-իրավական կապերի բաժնի պետ Նելիկ Հարությունյանը: Հարցազրույցի արդյունքում՝ վերջինիս փոխարեն երրորդ տեղը զբաղեցրել էր Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնի վարիչ Վիգեն Քոչարյանը:
Հանձնաժողովը, սակայն, որոշել է մրցույթում հաղթող ճանաչել նաև Նելիկ Հարությունյանին` դա պատճառաբանելով հետևյալ կերպ. «Հաշվի առնելով այն, որ 1-3 տեղերը զբաղեցնող թեկնածուներն արական սեռի ներկայացուցիչներ են, հիմնվելովսեռերի ներկայացվածության սկզբունքի վրա, հանձնաժողովն անհրաժեշտ է համարում երրորդ տեղը զբաղեցրած հավակնորդին փոխարինել առավելագույն միավորը հավաքած իգական սեռի ներկայացուցչով` Նելիկ Հարությունյանով»:
Երեկ մեզ հետ զրույցում փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանն ասաց, որ ՄԻԵԴ-ը Հայաստանի համար կարևորագույն կառույցներից է, որը «վերահսկողություն» է իրականացնում Հայաստանի կողմից Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի իրականացման վրա. «Դա վերջին տարիներին մեր այն ձեռքբերումն է, որտեղ ՀՀ բնակչությունը գործուն միջազգային պաշտպանություն ստանալու հնարավորություն է ունենում: Դա այն եզակի մարմիններից է, որիմիջոցով ՀՀ քաղաքացիները կարող են վերականգնել իրենց իրավունքները: Ելնելով այս կարևորությունից՝ կարծում եմ, որ Հայաստանի իշխանությունները պետք է շահագրգռված լինեն թափանցիկ և օբյեկտիվ իրականացնել դատավորի մրցույթը: Մինչդեռ, «Իրավունքի Եվրոպա Միավորում» հասարակական կազմակերպությունն իր զեկույցում մանրամասն ներկայացրել էր այն խախտումները, որով իրականացվել էր այս մրցույթը: Ի պատասխան դրան՝ Հայաստանի արդարադատության նախարարությունն արձագանքել էր՝ ասելով, թեմրցույթն իրականացվել է եվրոպական չափանիշներին համապատասխան, թափանցիկ և օբյեկտիվ:
Այստեղ հարցադրում է ծագում. արդեն այդ պետական մարմինները պետք է ասեն, քանի որոչ թե մեր իրավաբանները, հասարակական կազմակերպությունները, այլ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը գտել է, որ այդ մրցույթը թափանցիկ, օբյեկտիվչի անցել, հակառակ դեպքում՝ հանրապետության նախագահն ուժը կորցրած չէր ճանաչի իր հրամանագիրը»: Բացի այդ, ըստ փաստաբանի, մթնոլորտն այնպիսին պիտի լինի, որմրցույթը թափանցիկ անցկացվի: «Երբ արդեն իսկ այնպիսի մթնոլորտ է, որ փորձ է կատարվում ոչ թե մրցույթ անցկացնել, այլ նշանակել, և ըստ այդմ ընտրվում է թեկնածուն, որիցհետո արդեն փորձում են գրանցել մարդկանց (այդ տպավորությունն ենք ստացել), այդ մթնոլորտում թափանցիկ ընտրություններ անցկացնել հնարավոր չէ»,- ասաց Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ թափանցիկության մասին չի կարող խոսել այն իրավիճակը, երբ նախապես որոշվում է՝ ում ընտրել դատավոր, և որպես մյուս թեկնածուներ՝ ընտրում են մարդկանց, ովքերինչ-ինչ չափորոշիչներով զիջում են նախապես ընտրված դատավորին, որպեսզի հետագայում ՄԻԵԴ-ն իր հերթին՝ նրան ընտրիորպես դատավոր:
«Թափանցիկ մրցույթ անցկացնելու համար ելակետային տվյալներ պետք է լինեն: Այս անգամ տպավորությունն այնպես էր, որ իշխանությունները նախընտրած թեկնածու ունեին և նրա շուրջ էին կազմակերպել մրցույթը: Այնտեղ թափանցիկության խնդիր չկար, կար անհասկանալի տրամաբանությամբ գործընթաց»,- եզրափակեց նա:
Թեկնածուների ընտրության մրցույթում հաղթող ճանաչված թեկնածուներից մեկը՝ Արա Ղազարյանն էլ պարզաբանեց, որ ցանկի ներկայացումից հետո Եվրոպայի խորհրդում ստեղծվել է համապատասխան մարմին՝ փորձագետներից բաղկացած խորհրդատվական մարմին, որը սկզբում որոշում է կայացրել թեկնածուներին հրավիրել Ստրասբուրգ՝ հարցազրույցի համար, ապա մեկ այլ որոշում է կայացրել, որ ցանկում խնդիր կա, և դրա մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին.
«Մամուլի բազմաթիվ հրապարակումներից, և եթե չեմ սխալվում՝ ԱԳՆ խոսնակի հայտարարությունից հետևում է, որխոսքը մեկ թեկնածուի մասին է: Այդ հիմքով նախագահը չեղյալ է համարել իր նախկին հրամանագիրը՝ կապված երեք թեկնածուների հաստատման հետ»: Արա Ղազարյանն ասաց, որ Սերբիայի դեպքում թեկնածուներից մեկի վերաբերյալ խորհրդատվական մարմինն իր անհամաձայնությունն է հայտնել, և նրա թեկնածությունը հետ է քաշվել և փոխարինվել այլ թեկնածությամբ: Նա նշեց նաև, որմրցույթի հայտարարման դեպքում, ամենայն հավանականությամբ, կմասնակցի դրան. «Որևէ խոչընդոտ չկա, որպեսզի ես չմասնակցեմ»:
Տեղեկացնենք, որ թեև մեր զրուցակիցները բարձրաձայն չէին հնչեցնում իշխանությունների նախընտրած թեկնածուի անունը, սակայն, ըստ ԶԼՄ տարբեր հրապարակումների՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ)դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների ցանկից իշխանությունների նախընտրելի թեկնածուն ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արմեն Հարությունյանն էր: