Անթույլատրելի է Սուրբ երրորդությունը հոմոսեքսուալ կապի մեջ ներկայացնելը. Վարդան Խաչատրյան

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն ու աստվածաբան Վարդան Խաչատրյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին Եվրոպայում տեղի ունեցած վերջին դեպքերի մասին:

Լևոն Շիրինյանն ասաց, որ Եվրոպան սարսափում է քաղաքակրթությունների կամ մշակույթների բախումից. «Այդ բախումն ի տարբերություն 1915թ. հայ-թուրքական բախումի՝ Եվրոպայում է: Իսկ սրանք սովոր են ուրիշի տան մեջ տեղի ունեցած հրդեհով գոհանալ կամ հրդեհը տեղափոխել ուրիշի տուն»:

Վարդան Խաչատրյանը նկատեց, որ իսլամի ծագումից հետո համաշխարհային քաղաքականության և հնարավոր զարգացումների հունը պայմանավորված է եղել երկու խոշորագույն համաշխարհային կրոնների բախմամբ և պայքարով. « Քրիստոնեությունը համեմատաբար ավելի մեղմ ու խաղաղասիրական կրոն է, քան իսլամը: Մարտին Լյութերը, երբ ժամանակին ավարտում էր Վուլգատան, ասում էր որ հիմա վերջացնում է իր գործը, բայց երևի թե դրա կարիքը չի լինի, որովհետև թուրքերը մտել են Եվրոպա, նրանց այնտեղից քշել հնարավոր չէ, Աստված պետք է իջնի ու փրկի իր հավատավոր ժողովրդին:
300 տարի շարունակ իսլամն իր ներքին զսպանակի պայմաններում եղել է գաղութացված, ճնշված Արևմուտքի կողմից: Սա չի կարող հասարակական ենթագիտակցության մեջ չառաջացնել այն աներևակայելի արձակվելիք ուժը, որն այսօր սկսում է արձակվել: Դա նշանակում է, որ նոր գաղափարաբանություններ են ի հայտ եկել, որոնք միացրել են իսլամի գոյություն ունեցող տարանջատված պատկերացումները ներսում: Կարելի՞ է արդյոք այսօր քրիստոնեական համարել Եվրոպան. բավականին բարդ հարց է: Այսինքն՝ ներկայիս Եվրոպայում հիմնականում սկեպտիկներ են: Վիեննայի կարդինալը վերջերս հայտարարեց, որ քրիստոնեությունը օտար տարր է դարձել Եվրոպայի համար»:

Աստվածաբանը հիշեցրեց, որ Եվրամիության ձևավորման ընթացքում բոլոր փաստաթղթերից ամենայն մանրամասնությամբ քրիստոնեության ու նրա հետ կապ ունեցող բոլոր բառերը հանվել են:

Կարդացեք նաև

Իսկ քաղաքագետը հակադարձեց, ասելով, որ կրոնագիտության տեսանկյունից գուցե կասկածլի է Եվրոպայի քրիստոնյա լինելը. «Բայց քաղաքակրթության ու մշակույթի առումով՝ այն միանշանակ քրիստոնեական է: Իսկ իսլամական ու քրիստոնեական քաղաքակրթության բախումն ասում եմ որոշակի վերապաումներով, որովհետև շիա ուղղությանը չի վերաբերում ասածս: Այս ագրեսիան հատուկ է թուրքական սունի քաղաքակրթությանը: Մշակութային բախումը հնարավոր չէ զորքով կանգնեցնել, նույնկերպ և կրոնի տարածումը: Քրիստոնեության նահանջն սկսվել է Հայոց ցեղասպանությունով»:

Վարդան Խաչատրյանը, անդրադառնալով Չարլի Հադբո երգիծական թերթի խմբագրությունում տեղի ունեցածին, ասաց, որ այդ թերթի մոտեցումներն առհասարակ քրիստոնեական չեն. «Երբ Սուրբ երրորդությունը ներկայացնում է հոմոսեքսուալ կապի մեջ, դա անթույլատրելի է: Իհարկե, չեմ ասում, որ ճիշտ արեցին, որ այդպես վարվեցին, որովհետև մարդիկ զոհվեցին: Երբ Մուհամեդի ծաղրանկարներն արվեցին, մեր հարևան ադրբեջանցիներն էլ Հիսուս Քրիստոսի ծաղրանկարները տպագրեցին, այսինքն՝ Եվրոպան ստացավ իսլամական աշխարհի պատասխանը, որ Հիսուս Քրիստոսը Մուհամեդից պակաս չէ իսլամական աշխարհի համար: Այսինքն՝ քննադատության այն ալիքը, որն Ադրբեջանի վրայով անցավ գոնե այս հարցում Եվրոպային խելքի բերեց: Իսկ ինչ վերաբերում է բոլորի սրբությունները ծաղրի ենթարկելուն, դա հումանիզմի կեղծ զավակներից մեկն է, որը համարում է, որ մարդը պետք է հնարավորինս կտրվի բնությունից և իր անցյալից»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս