Ամալ Քլունին հանձն է առել ՄԻԵԴ-ում հայկական կողմի պաշտպանությունը
Միջազգային իրավունքի և մարդու իրավունքների հայտնի մասնագետ Ամալ Քլունին, հանրահայտ դերասան Ջորջ Քլունիի կինը, հանձն է առել Մարդու Իրավուքնների Եվրոպական Դատարանում (ՄԻԵԴ) «Դոգյու Փերինչեկի» գործով հայկական կողմի պաշտպանությունը (այս մասին տեղեկացնում է «The Telegraph» պարբերականը):
Թուրքական ձախ «Աշխատավորական կուսակցության» ներկայացուցիչ Դոգյու Փերինչեկին շվեյցարական դատարանը մեղավոր էր ճանաչել 1915թ. Հայոց ցեղասպանության փաստը ժխտելու համար, այն բանից հետո, երբ վերջինս 2008թ-ին Շվեյցարիա կատարած իր այցելության ժամանակ Օսմանյան կայսրության կողմից իրականացված հայերի ցեղասպանությունը որակել էր, որպես «միջազգային մասշտաբի սուտ»: Շվեյցարական դատարանը որոշում էր կայացրել տուգանել Փերինչեկին՝ ցեղասպանության փաստը ժխտելու համար:
Շվեյցարական դատարանի որոշումը Դոգյու Փերինչեկի կողմից բողոքարկվել է Մարդու Իրավուքնների Եվրոպական Դատարանում, որն այնուհետև որոշում է կայացրել, որ իր որոշմամբ շվեյցարական դատարանը խախտել է ազատ արտահայտման իրավունքը:
Հայկական կողմը բողոքարկել է ՄԻԵԴ-ի նշված որոշումը: Առաջին լսումը տեղի է ունենալու ս.թ. հունվարի 28-ին՝ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում:
Ամալ Քլունիի հետ համատեղ պաշտպանության վրա կաշխատի նաև Ջեֆրի Ռոբերտսոնը, ով հայտնի է իր գրած գրքով, որի վերնագիրն է «Անհարմար Ցեղասպանություն. Ո՞վ է Այժմ Հիշում Հայերին»: Ամալ Քլունին միջազգային մեծ արձագանք գտած այնպիսի գործերում է ներգրավված եղել, ինչպիսիք են Վիքիլիքսի հիմնադիր Ջուլիան Ասանժի և ՈՒկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի պաշտպանությունը:
Այլ հարցերի հետ մեկտեղ ՄԻԵԴ-ին անհրաժեշտ է նաև հարցնել, թե արդյո՞ք իր կայացրած նախկին որոշումը կրկնակի ստանդարտ չէ: Եթե ՄԻԵԴ-ը վճռի և վերահաստանի իր նախկին որոշումն առ այն, որ շվեյցարական դատարանը սահմանափակել է ազատ արտահայտման իրավունքը, ապա դա կարող է միջազգային իրավունքի նախադեպ ստեղծել, որի միջոցով հնարավոր կլինի պայքարել հենց Թուրքիայի ներսում 301-րդ հոդվածի միջոցով ազատ խոսքի սահմանափակումները և ճնշումները, որով նաև զսպվում է հենց ցեղասպանության վերաբերյալ ազատ արտահայտման իրավունքը (սակայն, նույնիսկ այս դեպքում այն չի կարող կանգնեցնել դեպի ցեղասպանության ժխտման համար պատասխանատվության ենթարկելու գործընթացը):
Դոգյու Փերինչեկին հնարավոր է նաև մեղադրել ժխտման միջոցով ցեղասպանության իրականացման, կամ նման փորձի համար: Genocide Watch կազմակերպությունը սահմանել է ցեղասպանություն իրականացնելու համար անհրաժեշտ գործընթացները, որոնք բաղկացած են հետևյալ 8 փուլերից. 1. Դասակարգում (մշակույթի դասակարգում՝ «մենք և նրանք»), 2. Խորհրդանիշի սերմանումը (ազգային խմբերին ընդհանրական անուններ տալը, ինչպիսիք են օրինակ «այդ հրեաները», «այդ գնչուները» և այլն), 3. Մարդկային արժեքներից ցածր դասակարգելը (երբ մի խումը մեկ այլ խմբի իրենից ցածր և ոչ մարդկային է համարում), 4. Կազմակերպումը (պետության կամ այլ խմբի կողմից պլանավորումը), 5. Բևեռացումը (ծայրահեղականները խմբերին միմյանցից հեռու են վանում), 6. Նախապատրաստումը (զոհերին առանձնացնում են ըստ իրենց կրոնական կամ ազգային պատկանելիության), 7. Ոչնչացումը (երբ սկսում են սպանդով և գործընթացը վերածում են զանգվածային կոտորածի, որը կոչվում է «ցեղասպանություն»), և 8. ԺԽՏՈՒՄԸ (ցանկացած ցեղասպանությանը հաջորդում է ժխտելու փուլը):
Ըստ վերը նշված դասակարգման, Դոգյու Փերինչեկը ցեղասպանություն կամ ցեղասպանությանը միտված գործողություն է իրականացրել՝ ժխտելով դրա փաստը:
Մեկ այլ նախադեպ, որ ՄԻԵԴ-ը կարող է, որպես ի գիտություն ընդունել իր որոշման համար, շատ երկրներում Հոլոքոստի (մի սարսափելի ողբերգություն, որը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից՝ հայերի ցեղասպանությունից հետո տեղի ունեցած ցեղասպանություն է, որ խլեց վեց միլիոն հրեաների կյանք) փաստի ժխտման համար պատժի սահամնումն է: ՄԻԵԴ-ը պետք է պատրաստ լինի պատասխանելու այն հարցին, թե ո՞րն է հայերի տարբերությունը: Արդյո՞ք ցեղասպանության իրագործման համար վերը նշված ութ քայլերից որևէ մեկը առկա չէր հայերի դեպքում: Կամ, միգուցե մենք «այդ հայերն ենք», և այդ պատճառով էլ տարբեր վերաբերմունքի ենք արժանանում:
Ներկայումս Թուրքիայում որոշ կառավարական շրջանակներ քննարկում են Դոգյու Փերինչեկին դիվանագիտական անձեռնմխելիություն տրամադրելու հնարավորությունը, քանի որ ակնհայտորեն հասկանում են, որ այս դատական գործընթացը տանուլ են տալու, ուստի ցանկանում են իրենց պաշտոնյային պաշտպանել դրանով:
Նույնկերպ, Թուրքիան դիվանագիտական անձեռնմխելիություն է տվել Եգեմեն Բագիսին՝ Թուրքիայի կողմից ԵՄ-ում նշանակված նախարարին, որպեսզի նրան պաշտպանի պատասխանատվությունից այն բանից հետո, երբ Ցյուրիխի դատարանը հետաքննություն սկսեց նրա հանդեպ 2012թ-ին Դավոսի Համաշխարհային Տնտեսական Ֆորումի ժամանակ հնչեցրած ցեղասպանությունը ժխտող հայտարարությունների համար, որոնք Շվեյցարիայի հակառասսայական օրենսդրության ներքո օրենսդրական խախտում էին ճանաչվել:
Այս երկու դեպքերի միջև կա մեծ նմանություն, և ՄԻԵԴ-ին պետք է հարց ուղղել, թե նման ձևով դեռ քանի՞ պաշտոնյաների է Թուրքիան պատրաստվում «փրկել» պատասխանատվությունից՝ նրանց այդ իրավախախտումն իրականացնելուց հետո միայն դիվանագիտական անձեռնմխելիություն շնորհելով, և թե արդյո՞ք նման նախադեպը կարող է հետադարձ ուժ ունենալ և իրական իրավախախտումն իրականացնելուց հետո շնորհված դիվանագիտական կարգավիճակը ՄԻԵԴ-ի կողմից հետադարձ ուժ ունեցող կարգավիճակ կճանաչվի:
Հ.Գ. 168 Ժամի խմբագրակազմը կհետևի «Փերինչեկն ընդդեմ Շվեյցարիայի» գործին և ընթերցողներին կտեղեկացնի դրա հետագա ընթացքի մասին: