Բաժիններ՝

Փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացու

Փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացուՀայաստանի տարածքում ձյան առատ տեղումներով պայմանավորված՝ փետրվարի 20-ից հանրապետության ողջ տարածքում Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունն ու Ոստիկանությունն անցել են ուժեղացված ծառայության։

Այս մասին հայտնում է Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունը:

Մի շարք ճանապարհահատվածներին ՆԳՆ ենթակա ծառայությունները պարբերաբար իրականացրել են շրջայցեր, սահմանվել են հերթապահություններ՝ անհրաժեշտության դեպքում վարորդներին օգնություն ցուցաբերելու և քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Երկու օրում փրկարարներն ու ոստիկանները արգելափակումից դուրս են բերել 1430 տրանսպորտային միջոց, օգնություն են ցուցաբերել 2889 քաղաքացու։

Հաղորդվում է, որ համագործակցելով Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ճանապարհային դեպարտամենտի, տեղական ինքնակառավարման մարմինների և ճանապարհները սպասարկող ընկերությունների հետ՝ Փրկարար ծառայության և Ոստիկանության ծառայողները աջակցել են նաև ձնամաքրման աշխատանքներին։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ փետրվարի 20-ից 21-ը հանրապետությունում արձանագրվել է 578 ճանապարհատրանսպորտային պատահար, մարմնական վնասվածքներ է ստացել 35 քաղաքացի։ Տեղումների պատճառով արձանագրված ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհեր չկան։

«Սիրելի՛ քաղաքացիներ, անվտանգության նկատառումներից ելնելով՝ կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել զգոն և խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները»,-հորդորել է Փրկարար ծառայությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս