
Վիճաբանություն՝ Երևանում․ «Կանտար» հյուրանոցից ձերբակալվել են Իրանի և ՌԴ-ի քաղաքացիներ

Shamshyan.com-ի տեղեկություններով փետրվարի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևան քաղաքում։ Ժամը 02։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնում տեղեկություն է ստացվել, որ «Կանտար» հյուրանոցում հյուրերի միջև տեղի է ունեցել վիճաբանություն, ինչի հետևանքով մեկը մյուսի բջջային հեռախոսը պատշգամից նետել է:
Ոստիկաններն ու պարեկները նշված հյուրանոցից հոգեկան ներգործություն և գույքը վնասելու առաջացած հիմնավոր կասկածով ձերբակալել և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնականի բաժին են տեղափոխել ՌԴ քաղաքացի 27-ամյա Սիյոն Ս․-ին և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի 29-ամյա Ռադմեհր Ֆ․-ին և ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նույն օրը ժամը 01։00-ի սահմաններում, նշված հյուրանոցում վերջիններիս միջև կենցաղային հարցի շուրջ ծագել է վիճաբանություն, որի արդյունքում միմյանց հասցեին հնչեցրել են սպառնալիքներ, որից հետո Սիյոն Ս․-ն վերցրել է Ռադմեհր Ֆ․-ին պատկանող «Samsung» բջջային հեռախոսը և պատշգամից նետել:
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։