
«Այո՛, ես կարծում եմ, որ այս ամենը կապված է դե ֆակտո իշխանությունների վարկանիշի անկման հետ». Վարուժան Գեղամյան
Դատարանն այս պահին քննում է Լեհաստանում ՀՀ դեսպան, հասարակական գործիչ Էդգար Ղազարյանին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին հարցը։ Նրան երեկ կանչել էին Քննչական կոմիտե, որտեղ էլ հայտնել էին առաջադրված մեղադրանքի մասին, այն է՝ դատավորներին վիրավորելն իր արտահայտած հանրային խոսքում:
Դատարանի բակում հավաքվել են հասարակական-քաղաքական գործիչներ, Էդգար Ղազարյանին ճանաչող անձինք՝ սպասելով դատարանի որոշմանը։
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ցանկացած մտածող մարդու համար տեղի ունեցող այս և սրան նախորդած մի շարք իրադարձութուններ պետք է սթափության յուրահատուկ զանգ լինեն։
«Մենք գործ ունենք Հայաստանում խորացող ամբողջատիրության, բռնապետության հետ։ Այո՛, միշտ չէ, որ դա առաջին հայացքից նկատելի է, բայց երբ դեպքերն իրար ես միացնում ու վերլուծում, հասկանում ես, որ գործ ունենք ավտորիտար համակարգի հետ, ուստի որպես քաղաքացի՝ ես չեմ ուզում ապրել մի երկրում, որտեղ ավտորիտարիզմ է, դրա համար այստեղ եմ։
Այո, կարծում եմ՝ այս ամենը նաև կապված է դե ֆակտո իշխանությունների կողմից իրենց վարկանիշի անկման, միաժամանակ այդ անկումը կանգնեցնելու համար ընդդիմախոսներին լռեցնելու փորձերի հետ։ Սա միակ դեպքը չէ, սրանից առաջ լռեցրել էին մարդկանց, որոնք տարբերվող կարծիք էին արտահայտել»,- ընդգծեց Վարուժան Գեղամյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում