
ՌԴ ԱԳ փոխնախարարը մանրամասներ է հայտնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև բանակցություններից

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել է, որ այս պահին Մոսկվայի և Վաշինգտոնի միջև երկխոսության երկու զուգահեռ կան՝ մեկն Ուկրաինայի շուրջ իրավիճակի, մյուսը՝ երկկողմանի հարցերի շուրջ: Այս մասին ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հայտարարել է «ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում:
«Մի փոքր պարզ ասած, այսօր մենք ունենք երկու զուգահեռ, բայց, իհարկե, որոշ չափով քաղաքականապես փոխկապակցված ուղի. մեկն ուկրաինական գործերն են, մյուսը՝ երկկողմանի հարցերը»,- ասել է Ռյաբկովը։
Նա նշել է, որ կա ըմբռնում, որ կողմերն առաջնահերթության կարգով կզբաղվեն երկկողմ հարցերի շուրջ երկխոսության զարգացմամբ ու խորացմամբ։
«Ինչ վերաբերում է այլ հարցերին, այդ թվում՝ միջազգային և ռազմավարական կայունության հարցերին, նման հնարավորություն կա, և մենք նախկինում բազմիցս ասել ենք, որ ռազմավարական կայունության և սպառազինությունների վերահսկման շուրջ երկխոսությունը հնարավոր է, երբ ամերիկյան քաղաքականության մեջ տեսանելի փոփոխություններ լինեն դեպի լավը»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը։
Ռուս-ամերիկյան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը կայացել է փետրվարի 18-ին՝ Էր-Ռիադում։ Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել են ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, իսկ ԱՄՆ կողմից՝ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ առաջնորդի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։