
Մոսկվայում Արմեն Սարգսյանի սպանության գործով ՀՀ քաղաքացիներ են ձերբակալվել. ԶԼՄ

«Արբատ» գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանի սպանության գործի հետաքննության շրջանակում Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացիներ են ձերբակալվել։ Սպուտնիկ Արմենիայի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնում է RT–ն։
«Ձերբակալվել են 44-ամյա Արման Պ.- ն և 61-ամյա Հրաչյա Պ.-ն, որոնք ծնվել և մեծացել են Վաղարշապատում: Երկուսն էլ երկար տարիներ զբաղվել են սպորտային պարահանդեսային պարով։ Նրանցից մեկը միջազգային կարգի պարող է, մյուսը՝ վարսահարդար Խիմկիում»,- գրում է լրատվամիջոցը։
Ավելի վաղ ԶԼՄ–ները հայտնել էին, որ պայթուցիկ սարքը գործարկել է Վաղարշապատում ծնված 58-ամյա Պարույր Մ. – ն: Ձերբակալվածները նրա հետ ծանոթացել են պայթյունից ոչ շատ առաջ՝ ընդհանուր ընկերոջ ծննդյան օրը:
RT–ն պարզել է, որ ձերբակալվածներն ու ենթադրյալ ահաբեկիչը ՌԴ-ում և Հայաստանում հետախուզման մեջ չեն եղել։
Մոսկվայում ՀՀ դեսպանությունից հայտնել են, որ իրենք իրավապահներից տեղեկություններ չեն ստացել բնակելի համալիրում տեղի ունեցած պայթյունի գործով ՀՀ քաղաքացիների ձերբակալության մասին։
Նման անուններով մարդկանց ձերբակալության մասին տեղեկություններ չկան նաև Մոսկվայի դատարանների բազայում։
Ռուսաստանի քննչական կոմիտեից հայտնել են, որ առայժմ չեն մեկնաբանում սպանության գործի հետաքննության ընթացքը:
Հիշեցնենք` փետրվարի 3–ին Մոսկվայի հյուսիս-արևմուտքում գտնվող «Ալ առագաստներ» բնակելի համալիրի 29-հարկանի շենքում պայթյուն էր տեղի ունեցել։ Պայթյունից անմիջապես հետո հայտնի դարձավ, որ 1 մարդ մահացել է, 4-ը` տարբեր աստիճանի վնասվածքներ ստացել, նրանց թվում է ԴԺՀ-ում կամավորական գումարտակի հիմնադիր Արմեն Սարգսյանը: Ավելի ուշ լրատվամիջոցները հայտնեցին, որ նա մահացել է հիվանդանոցում։