
Թուրքիան ու Ադրբեջանն ընդլայնելու են ռազմական համագործակցությունը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Անկարայում այսօր տեղի է ունեցել Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Էրդողանի ու Իլհամ Ալիևի հանդիպումը:
Հանդիպման ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև ռազմական համագործակցության զարգացման հարցը: Հանդիպումից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք քննարկել են համատեղ ռազմական արտադրանքի հարցը. «Կան մեծ պլաններ՝ պաշտպանական ոլորտում համագործակցությունը խորացնելու համար»:
Ալիևը հիշեցրել է, որ նախորդ տարի կողմերը անցկացրել են համատեղ զորավարժությունները, որոնք պետք է կրեն կանոնավոր բնույթ. «Ադրբեջանն ուրախ է Թուրքիայի մեծ հաջողությունների կապակցությամբ, ով արդեն իսկ վերածվել է ուժի կենտրոնի: Որքան ուժեղ է Թուրքիան, այնքան ուժեղ է նաև Ադրբեջանը»: