
ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի բոլոր վարժանքները կլինեն հանկարծակի. Բորդյուժա

Ռուսական Красная звезда թերթին տված հարցազրույցի ժամանակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հայտարարել է, որ հանկարծակի ստուգումների սկզբունքը, որը հաջողությամբ իրեն արդարացրել է ռուսական բանակում, այժմ լայնորեն կիրառվելու է նաև ՀԱՊԿ-ի զորավարժությունների անցկացման ժամանակ.
«ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի համատեղ մարտական պատրաստությունն այժմ իրականացվելու է այդ նորարարության կիրառմամբ: Այսպես կոչված հանկարծակիության տարրն այն է, որը վերջին ժամանակ կիրառվում է Ռուսաստանի զինված ուժերում և ապացուցել է իր արդյունավետությունը: Այժմ դա անպայմանորեն կիրառվելու է նաև ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի համատեղ զորավարժությունների ընթացքում»:
Բորդյուժան կարևորել է համատեղելի ռազմական տեխնիկայով ու սպառազինությամբ ՀԱՊԿ-ի երկրների բոլոր զինված ուժերի հագեցվածությունը. «Ստորագրվել է Տաջիկստանի զինված ուժերի վերազինման ծրագիր, համանման աշխատանք տարվում է Ղրղզստանի հետ:
ՀԱՊԿ-ի շրջանակներում առկա համաձայնագրերին համապատասխան արտոնյալ պայմաններով ակտիվորեն իրագործվում է Ղազախստանի, Բելառուսի հետ ռազմա-տեխնիկական համագործակցությունը, օգնություն է հատկացվում Հայաստանին:
Մենք առաջնորդվում ենք նրանով, որ բոլոր զինված ուժերը, և հատկապես այն զորամիավորումները, որոնք մտնում են ՀԱՊԿ-ի Հավաքական ուժերի կազմում, պետք է ունեն նույնատիպ, օպերատիվ առումով համատեղելի ժամանակակից սպառազինություն, ռազմական տեխնիկա ու կապ»: