«Ակնկալվում է, որ մեղադրյալը կդատապարտվի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ մարմինների կողմից». ՄԻՊ
«Ինչպես ողջ հասարակությունը, այնպես էլ ես խորապես ցնցված եմ այս նողկալի և սահմռկեցուցիչ հանցագործությունից: Կենսականորեն կարևոր է, որ անցկացվեն գործի արդար ու թափանցիկ քննություն և դատաքննութուն»,- քիչ առաջ պատասխանելով 168.am-ի գրավոր հարցին, թե ինչպես է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը գնահատում հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցածը, հայտնել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից:
Մեր հարցին, թե ՀՀ Սահմանադրութան և միջազգային պայմանագրերի համաձայն՝ ո՞ր երկրի իրավապահ մարմինները պետք է իրականացնեն քննությունը, ՄԻՊ գրասենյակից պատասխանել են. «Համաձայն ՀՀ օրենսդրության և միջպետական պայմանագրերի՝ Գյումրիի սպանության գործի ընդդատությունը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Այսինքն՝ ակնկալվում է, որ գործի քննությունը և հետագա ընթացքը տեղի կունենան ՀՀ-ում, մեղադրյալը կդատապարտվի ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ մարմինների կողմից: Հենց նույն միջպետական պայմանագրով մեղադրյալն այժմ գտնվում է ՀՀ տարածքում և արտահանձնելու կամ հանձնելու մասին խոսք չկա, խոսք կա միայն փոխանցելու մասին: Կարծում եմ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կպահանջի այդ փոխանցումը, որպեսզի գործընթացները լինեն այնպես, ինչպես ակնկալում է մեր հասարակությունը»:
Իսկ հարցին, թե ինչ քայլեր է արել կամ նախատեսում ՄԻՊ գրասենյակը դեպքի առնչությամբ, պատասխանել են, որ հանցագործության մասին հայտնի դառնալուց անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակզմի իրավաբանները սկսել են ուսումնասիրել խնդրի իրավական կողմը. «Այս պահին դեռևս չենք արձանագրել օրենքի խախտում: Այլ բան է, որ բոլորս ունենք մտահոգություններ, և եթե դրանք ճիշտ ձևով չփարատվեն, դա կարող է դառնալ մարդու իրավունքների խախտում: Նման զարգացումների դեպքում կտանք մեր պաշտոնական գնահատականը»: