Չեմ բացառում, որ կարող է սկսվել լայնամասշտաբ պատերազմ. Տուրչինով
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի ազգային անվտանգության ու պաշտպանության խորհրդի քարատուղար Ալեքսանդր Տուրչինովը երկրի խորհրդարանում ունեցած ելույթի ժամանակ չի բացառել լայնամասշտաբ պատերազմի սկսվելը:
Հայտարարելով Ուկրաինայի արևելքում տակտիկական խմբերի կուտակումների մասին՝ Տուրչինովը նշել է, որ այդպիսի իրավիճակում հնարավոր է երկու սցենար. «Առաջինը Ռուսաստանի զինված ուժերի ակտիվ մասնակցությամբ թշնամու կողմից լայնամասշտաբ ռազմական գործողությունների ու հարձակման վերսկսումն է, ինչի հետևանքը կարող է լինել լայնամասշտաբ պատերազմը:
Երկրորդ սցենարը նախատեսում է Ուկրաինայում իրավիճակի կայունացում չթույլատրելու ուղղությամբ Կրեմլի փորձերի ձեռնարկում: Ռուս-ուկրաինական սահմանի արևելյան մասում ռազմական լրիվ պատրաստության վիճակում գտնվում է 52.000-անոց ռուսական զորք՝ հարձակողական զգալի պոտենցիալով:
Նրանք ունեն ավելի քան 300 տանկ, ավելի քան 1800 զրահամեքենա, ավելի քան 750 հրետանային ու համազարկային կրակի համակարգ, մինչև 360 մարտական ինքնաթիռ ու հարվածային ուղղաթիռ»:
Տուրչինովի խոսքերով՝ ռուսական հատուկ ծառայություններն անելու են ամեն բան՝ Ուկրաինայում զորահավաքը ձախողելու կամ էլ այն էականորեն նվազեցնելու համար: