Իլհամ Ալիևի հրահանգով ադրբեջանցի 30 ակադեմիկոսներ զբաղված են Հայոց ցեղասպանության եղելության հերքմամբ
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ադրբեջանցի պատմաբանները մանրակրկիտ ձևով հետազոտության են ենթարկում 1915 թվականին Հայոց ցեղասպանության մասին պնդումները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրահանգով՝ Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի 30 ակադեմիկոսներ հետազոտում են Ադրբեջանի, Ռուսաստանի, Թուրքիայի ու Եվրոպայի արխիվային փաստաթղթերը, որոնք առնչվում են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Արևմտյան Հայաստանում գրանցված դեպքերին:
Պատմության ինստիտուտը ձեռնարկած աշխատանքների շնորհիվ 3 տարում հրատարակել է 37 գիրք, որոնք առնչվում են նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Պատմության ինստիտուտի տնօրեն Յաղուբ Մահմուդովն ադրբեջանցի ակադեմիկոսների կատարած աշխատանքների մասին պատմել է թուրքական գործակալության թղթակցին:
Մահմուդովը հայտարարել է, որ իրենք «պարզել են», որ Հայոց ցեղասպանության մասին պնդումները «կեղծ» են, և որ իրականում հայերը Ցարական Ռուսաստանի տրամադրած զենքերով «ապստամբել» են Օսմանյան պետության դեմ: Մահմուդովը հայերին մեղադրել է «թուրքերին ու ադրբեջանցիներին կոտորելու» մեջ: