Հաստատվել է այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը, որոնք ազատվելու են հարկերից
Այսօրվա նիստում ՀՀ կառավարությունը հաստատեց մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող հողատարածքներ ունեցող այն սահմանամերձ գյուղական համայնքների ցանկը: ՀՀ ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը ներկայացրեց, որ ցանկում ընդգրկվել են 31 համայնքներ, որտեղ գործունեությունն ազատվում է հարկերից: Ա.Ալավերդյանը նշեց, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թ. հունվարի 1-ից:
«Ս սա այն ցանկն ենք հաստատում, որ տվել ենք արտոնություններ սահմանամերձ՝ սահմանապահ համայնքներին»,- ասաց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ու ընդգծեց, որ այն գործելու է հունվարի 1-ից:
Ըստ վարչապետի՝ սա մեծ աջակցություն է նշված համայնքներին: Հ.Աբրահամյանը նշել է, որ վերջերս տեղի են ունեցել գնդակոծություններ, ստեղծվել է հանձնաժողով, որը հաշվարկում է վնասները եւ կառավարությունը փոխհատուցելու է բոլոր այն քաղաքացիներին, ովքեր վնասներ են կրել այդ գնդակոծությունների հետևանքով:
«Այսուհետ շատ ուշադիր ենք լինելու սահմանամերձ՝ սահմանապահ համայնքների բնակիչների հգսերին»,- ասաց վարչապետը: