Գարիբաշվիլին 2015 թվականը Վրաստանում հայտարարել է հեպատիտ C-ի դեմ պայքարի տարի
Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլին կառավարության այսօրվա նիստում 2015 թվականը երկրում հայտարարել է հեպատիտ C-ի դեմ պայքարի տարի.
«Այս տարի մեր կառավարության գլխավոր մարտահրավերը հեպատիտ C-ի ամբողջական հաղթահարումն է, ինչի համար էլ մենք 2015 թվականը հայտարարում ենք հեպատիտ C-ի դեմ պայքարի տարի:
Բազում տարիներ Վրաստանում անհաղթահարելի է եղել հեպատիտ C-ի խնդիրը, սակայն կառավարության մեծ ջանքերի շնորհիվ այսօր խոսքը գնում է այդ հիվանդության ամբողջովին հաղթահարման մասին»:
Գարիբաշվիլին ընդգծել է տվյալ հարցում Վրաստանի առողջապահության նախարարության ներդրումը և շնորհակալություն է հայտնել գերատեսչության ղեկավարին:
Վրաստանի առողջապահության, զբաղվածության ու սոցիալական պաշտպանության նախարար Դավիթ Սերգեենկոն 2014 թվականի նոյեմբերին ԱՄՆ կատարած այցի ժամանակ համաձայնագիր է ստորագրել, ըստ որի՝ 2015 թվականին Վրաստանն ԱՄՆ-ից կստանա հեպատիտ C-ի բուժման պատրաստուկ, որը մատչելի կլինի երկրում ապրող բոլոր հիվանդների համար:
Գարիբաշվիլին հավելել է. «Շուտով մենք կսկսենք աննախադեպ նախագիծ, որի նպատակը ոչ միայն դեղորայքով ապահովելն է, այլև՝ ճիշտ ախտորոշելն ու բուժելը: Ծրագրում կընդգրկվեն հեպատիտ C-ով հիվանդ Վրաստանի բոլոր քաղաքացիները, ինչը շատ բարդ է: Բուժումը մատչելի կլինի բոլորի, այդ թվում նաև բանտարկյալների համար»: