ԱՄՆ պետդեպարտամենտը խստապես քննադատել է Էրդողանին
Թուրքական Taraf թերթի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետդեպարտամենտն արձագանքել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին խստապես քննադատած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի խոսքերին:
Սրանից առաջ Էրդողանը, անդրադառնալով ահաբեկչությունների կապակցությամբ Նեթանյահուի փարիզյան այցին, զարմանք էր հայտնել դրա համար՝ հայտարարելով, թե «ի՞նչ երեսով է նա գնացել Փարիզ»: Էրդողանը Նեթանյահուին անվանել էր «երկերեսանի ու ահաբեկչական պետության ղեկավար»:
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարի Հարֆը Վաշինգտոնում կազմակերպված ամենօրյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ իրենք խստապես դատապարտում են Էրդողանի այդ խոսքերը: Հարֆն ընդգծել է, որ որևէ բան չի կարող արդարացնել հակասեմականության դրսևորմանը, և որ իրենք դեմ հակասեմականության ամեն տիպի դրսևորումներին:
Հարֆը հայտարարել է, որ ԱՄՆ-ը «Իսլամական պետության» դեմ պայքարում սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ, որպեսզի կանխվի այդ երկրի տարածքով օտար զինյալների մուտքը Սիրիա ու Իրաք: Հարֆը պարզաբանել է, որ այդ հարցում նկատի ունի Թուրքիայի աշխարհագրական դիրքը, որի հարևաններն են Սիրիան ու Իրաքը: