Բաժիններ՝

Ի՞նչ երեսով է նա գնացել այնտեղ. Էրդողանը՝ Նեթանյահուի փարիզյան այցի մասին

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը նախագահական նստավայրում ընդունել է Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբբասին: Հանդիպումը նախ կայացել է տետ-ա-տետ ձևաչափով, ապա՝ պատվիրակությունների մասնակցությամբ:

Հանդիպումից հետո կազմակերպվել է համատեղ մամուլի ասուլիս, որի ժամանակ Էրդողանը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, ով Ֆրանսիայում տեղի ունեցած վերջին ահաբեկչություններից հետո մեկնել էր Փարիզ ու մասնակցել էր Միասնության երթին, որի մասնակիցները հարգանքի տուրք էին մատուցել ահաբեկչությունների զոհերին.

«Ի՞նչ երեսով է նա գնացել այնտեղ: Թուրքիան հանդես է գալիս Իսրայելի անխոհեմ ու ապօրինի քայլերի դեմ և պայքարը շարունակելու է Իսլամական աշխարհի ու միջազգային հանրության մյուս անդամների հետ միասին: Պետք է վերջ դնել Իսրայելի զավթողական ու ագրեսիվ քաղաքականությանը և տարածաշրջանում հաստատել տևական ու համապարփակ խաղաղություն:

Մերձավոր Արևելքի խնդիրների հիմքը հանդիսացող Պաղեստինի հարցն այսօր ծառացել է մարդկության խղճին: Տարածաշրջանում մնայուն խաղաղության հաստատման համար անհրաժեշտ է մինչև 2017 թվականը վերադարձ կատարել 1967 թվականի սահմաններին: Բնականաբար միաժամանակ մենք խոսում ենք անկախ Պաղեստին պետության ստեղծման մասին՝ Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով»:

Էրդողանը հիշեցրել է, որ Շվեդիան արդեն իսկ Պաղեստինին ճանաչել է որպես պետություն, որով և նման երկրների թիվը հասել է 135-ի: Էրդողանը հավելել է, որ եվրոպական երկրների խորհրդարաններն այդ ճանապարհի շեմին են՝ պատրաստվելով հետևել Շվեդիայի օրինակին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս