Որպես ի՞նչ վերադառնամ… գնացքս գնացել է. Լևոն Շարաֆյան. 1in.am
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱՄՆ-ում բնակվող դերասան Լևոն Շարաֆյանը
-Պարոն Շարաֆյան, արդեն 13 տարի է՝ հաստատվել եք Միացյալ Նահանգներում: Կարո՞ղ ենք արձանագրել, որ ստեղծագործողի համար սահմաններ չկան:
-Շատ մեծ թեմա է: Եթե մարդ ստեղծագործող է, ապա նա անապատում էլ կարող է մենակ ստեղծագործել, և ուղտերը դառնան նրա հանդիսատեսը: Ստեղծագործող մարդը չի կարող նստել ու սպասել, թե երբ իրեն կմատուցեն: Իհարկե, այստեղ՝ ԱՄՆ-ում, դժվար է այդ ամենն իրագործել: Այստեղ դա կախված է և՛ ֆինանսականից, և՛ շատ այլ խնդիրներից: Այնուամենայնիվ, փորձում ենք ստեղծագործել:
Այստեղ 14 տարվա ընթացքում խաղացել եմ 17 անուն ներկայացում, նկարահանվել են սերիալներում, երկու ամերիկյան ֆիլմում, 1 հայկական ֆիլմում եմ նկարահանվել: Այսինքն՝ կանգ չեմ առել և աշխատել եմ, ես ֆորմայի մեջ եմ, չեմ նիրհել, և՛ ուժս է տեղը, և՛ խելքս, դեռ կարող եմ աշխատել:
-Այնուամենայնիվ, դերասանները հիմա ավելի շատ են գալիս ԱՄՆ, քան 13 տարի առաջ: Սա ինչո՞վ է պայմանավորված, բոլորի համար ռեալիզացման այսքան մեծ դաշտ կա՞:
-Չէ՛, չկա, բարդ է: Այստեղ իրենց աշխատանքով հիմնականում զբաղվում են երաժիշտները, որտեղ լեզվի այնքան կարիք չկա. Մոցարտի երաժշտությունը կարող է լսել և՛ սևը, և՛ ճապոնացին, և՛ իտալացին, ու կհասկանան: Լեզվի պրոբլեմ չկա: Լեզվի պրոբլեմ ունենք մենք՝ դերասաններս, որոնք պետք է լեզուն գոնե իմանան, պետք է սովորեն: Նրանք, ովքեր գալիս են իրենց դերասանական կարիերան շարունակելու, առաջինը պետք է մտածեն լեզվի մասին: Ես, օրինակ, ուշ եկա այս երկիր: 55 տարեկանում մի քիչ ուշ է, որ ես կարողանամ լեզուն սովորել: Կենցաղային լեզուն գիտեմ, հասկանում եմ, որովհետև աշխատում եմ ամերիկացիների հետ, բայց դա շատ քիչ է:
Եթե գաս երիտասարդ տարիքում՝ 25, 30 տարեկանում, հնարավոր է, որ լեզուն այնպես սովորես, որ մտնես ամերիկյան շուկա, Հոլիվուդ: Իսկ այստեղ՝ Հոլիվուդում, պարտադիր պահանջում են, որ խոսես անգլերեն: Դուբլյաժ հասկացություն այստեղ գոյություն չունի: Ինձ հետ մի դեպք եղավ: Ես 3-րդ կամ 4-րդ տարին էի այստեղ, ինձ սերիալում էին տեսել, թե ինչպես եղավ՝ չգիտեմ, բայց ինձ հաստատել էին ամերիկյան ֆիլմի գլխավոր դերերից մեկում: Ուղարկել էին տեքստը, ահռելի տեքստ էր: Ես խելագարվում էի: Հնարավոր չէ, մի կերպ կես էջ սովորեցի: Իմը չէ, ես այդ լեզվով չեմ մտածում: Գնացի, ռեժիսորը շատ էր հավանել, արդեն հաստատել էր, ուղղակի ուզում էր ինձ հետ ծանոթանալ: Ես մի կերպ այդ տեքստը նկարվեցի, ասաց՝ կարո՞ղ ես հիմա իմպրովիզ անել այս տեքստի շուրջ, ասացի՝ դու 40 տարեկան տղա ես, եթե գաս Հայաստան, 3 տարի հետո կարո՞ղ ես տեքստը սովորես ու իմպրովիզ անես: Ասաց՝ չեմ կարող: Ասացի՝ բա ինձնից ի՞նչ ես ուզում: Ասաց՝ լավ, ոչինչ, ուսուցիչ կվարձեմ, ես էլ ասացի՝ չեմ կարող, որովհետև այդ լեզվով չեմ մտածում: Ռուսերեն, հայերեն՝ խնդրեմ, ինչ ուզես՝ խաղամ, բայց ինչո՞ւ ես ինձ նվաստացնում, ես ինձ վատ, նեղված կզգամ:
-Այսինքն՝ ստացվում է, որ եթե մեր դերասանները չեն կարողանում մեծ կինո հասնել, պատճառն այն է, որ լեզվի խնդի՞ր կա:
-Հիմնականում լեզվի խնդիրն է: Ես չեմ ասում, որ կգնան և գրկաբաց Հոլիվուդում կընդունեն: Ոչ, կարող է տասն անգամ գնա լսումների, 11-րդ անգամ չանցնի, բայց 12-րդ անգամ ինչ-որ էպիզոդի կամ դերի համար հաստատեն: Ես պարզ բան պատմեմ: Սանտա Մոնիկայով շատ գեղեցիկ շոուներ են լինում: 13-14 տարեկան մի աղջիկ հրաշալի պարում էր, մոտեցա, մի դոլար տվեցի: Անցավ 4 տարի, մի ֆիլմ դուրս եկավ, այդ աղջկան պրոդյուսերները տեսել էին և տարելգլխավոր դրում նկարվելու: Նման բաներ լինում են: Այս երկիրը անակնկալների երկիր է: Դու կարող ես քնել և աստղ արթնանալ կամ էլ աստղ քնես և արթնանաս ոչինչ: Այդպիսի երկիր է: Այն պրոֆեսիոնալներին, ովքեր այն նպատակով են գալիս, որ մտնեն Հոլիվուդ, պետք է մտածեն՝ կարո՞ղ են լեզուն սովորել, հետո՝ ունե՞ն այն շնորհքն ու ուժը, քանի որ տասնյակ հազարավոր դերասաններ կան:
Երբ ես գնում էի լսումների և տեսնում էի, թե ովքեր են կողքիս նստած, դերասաններ, որոնք 40,50,100 ֆիլմում նկարվել են, բայց այնտեղ խելոք նստում են: Հետո նրանց ասում են՝ ոչ, ու նրանք գնում են: Մի 7,8 աստղ կա, որոնց ուղղակի կանչում են նկարահանվելու: Բայց նրանք քիչ են, իսկ դերասաններիմի մեծ բանակ կա, որոնք աշխատում են:
Մեզ մոտ մի բար կա, որտեղ հավաքվում են դերասաններ, պրոդյուսերներ, ռեժիսորներ և բարմենը: Որ տեսնեք, կասեք՝ այս դեմքը ծանոթ է, մի 100 ֆիլմում նկարվել է: Երկրորդ դեր է կատարել՝ Ալ Պաչինոյի, Դե Նիրոյի, Բրյուս Ուիլիսի հետ է նկարվել, բայց նկարվել է տղան: Եվ շապիկի վրա գրված է. «Ես դերասան եմ, բայց հիմա ես բարմեն եմ»: Ու գալիս են, նայում են, ստուգում եմ, հիշում են, հրավիրում են նկարահանման: Գալիս, նկարվում է մի 4 օր, իր փողը ստանում է, բայց ինքն իր մշտական գործն ունի: Շատ դերասաններ կան, որ մանր-մունր դերեր են խաղում. նրանք և՛ տաքսի են քշում, և՛ բարմեն են, և՛ ռեստորաններում են աշխատում: Դա ամոթ չէ:
-Բայց հետաքրքիրն այն է, որ մեր դերասանների մեծ մասը գալիս է ու հենց թատրոնով կամ կինոյով չի զբաղվում, գերադասում է ծեր կնոջ կամ տղամարդու պահել:
-Այդպես էլ է լինում: Ես չեմ մեղադրում այդ մարդկանց, ովքեր գնում են վատ կենցաղից, և ամոթ բան չի ծեր տատիկ պահելը կամ ոսկերչականում աշխատելը, կամ տաքսի քշելը: Դա վատ բան չէ: Սարսափելին այն է, որ նա նախընտրում է օտարության մեջ տաքսի քշել, բայց իր երկրում ինքը տաքսի չի քշի: Թող նա այդ նույն բանը իր երկրում անի: Ես 1990-ականներին, երբ սով էր, ցուրտ էր, երեկոյան ներկայացում էի խաղում, բայց Երիտասարդական մետրոյի մոտ սեղանիկ էի դրել ու տարբեր բան էի դրել: Ամոթ չի, որ մի հատ լրագրող մոտեցավ և ասաց՝ վա՜յ, Դո՞ւք եք: Ես էլ իմ վաճառողին ուղարկել էի, անձրև էր գալիս, կանգնել էի, ասել էի՝ արագ կգաս, որովհետև երեկոյան ներկայացում ունեի: Ասաց՝ ես ներկայացման եմ գնում, ասացի՝ հիմա կգամ: Նա հարցրեց՝ կարո՞ղ եմ Ձեզնից հարցազրույց վերցնել, ասացի՝ հենց այստեղ: Այդ հարցազրույցը մինչև հիմա մոտս կա: Հետո ներկայացումից հետո ծաղիկներ բերեց լրագրողը: Ամոթն այն է, որ տղամարդը չի կարողանում տուն պահել:
Ես ուզում եմ հիշել իմ լուսահոգի ընկերոջը՝ Կարեն Ջանգիրովին, իմ բարի ընկերոջը: Ես ցավ եմ ապրում, որ նա հիմա չկա, բայց այդ ծանր տարիներին նա գնում էր մարդկանց մոտ, կաֆել և մետլախ էր գցում: Հարցնում էի՝ Կարեն, քեզ ճանաչո՞ւմ են, ասում էր՝ հա, մեկ-մեկ օղի են տալիս: Ասում էի՝ չե՞ս ամաչում, ասում էր՝ ինչի՞ ամաչեմ, փող եմ աշխատում, ընտանիք եմ պահում: Ու երեկոյան գնում էր, ներկայացում էր խաղում: Ես խոնարհվում եմ նման մարդկանց առաջ:
-Փաստորեն, անկախության առաջին տարիներն այդքան դժվար էին Հայաստանի համար, հիմա այդ դժվարությունները հաղթահարվա՞ծ են: Ըստ Ձեզ՝ ի՞նչը չստացվեց Հայաստանի կյանքում, ի՞նչն էր պատճառը, որ սխալ ռելսերի վրա դրվեց երկիրը:
-Ես քաղաքական գործիչ չեմ, ես կարող եմ միայն իմ կարծիքն ասել: Անկախությունը՝ անկախությամբ, դեմոկրատիան՝ դեմոկրատիայով, բայց դա այն երկիրն էր, որտեղ օրենքները գրված էին, բայց չէին աշխատում: Օրենքի մարդուն՝ ոստիկանին, չեն հարգում, որովհետև ոստիկանը ոչ մի իրավունք չունի քաղաքացու առաջ, նա իրավունք չունի ատրճանակը հանի ու կրակի, իսկ այստեղ այդ իրավունքը կա: Այստեղ որ ոստիկանը մոտենում է, քո բոլոր ապրած-չապրած մեղքերը աչքիդ առաջ են գալիս, որովհետև նա կարող է քեզ պառկեցնի ասֆալտին ու խուզարկի, որովհետև դա իր աշխատանքն է: Կապ չունի՝ դու ով ես, ուզում է՝ Բուշի եղբոր տղան լինես, նա այդ իրավունքն ունի:
Օրենքի առաջ այստեղ բոլորը հավասար են: 7 տարի առաջ, երբ Ալբեր Գորը նախագահի թեկնածու էր, այստեղ՝ ԼոսԱնջելեսում, ոստիկանը նրան հարբած բռնել ու ճանաչելով՝ ասել էր, որ իր ձայնը նրան է տալիս, բայց 5000 դոլարի տուգանք էր գրել: Հետո ինքնագիր էր վերցրել, նա էլ ասել էր՝ շնորհակալություն, թողել-գնացել էր: Միայն ասել էր, որ ես Ձեզ չեմ տանում ոստիկանություն:
Ես 7 տարի չեմ եղել Հայաստանում, բայց երբ 7 տարի առաջ տեսնում էի, թե ինչպես են մարդիկ փողոցը անցնում մեքենաների արանքով, ապշում էի, բայց 4 օր անց ես անում էի նույնը, ինչ նրանք: Ինչո՞ւ Հայաստանում դու կարող ես արևածաղիկ չրթել, շպրտել, թքել, փողոցը կեղտոտել, իսկ երբ գնում ես Եվրոպա, ԱՄՆ, դա չես անում: Որովհետև երբ այնտեղ դա տեսնեն, ոստիկանությունը չէ, ուղղակի քաղաքացին քեզ կմոտենա և կասի՝ մի՛ արա այդ բանը, ու կստիպի, որ կռանաս ու մաքրես:
-Այս 14 տարիների ընթացքում, երբ վերջնականապես ԱՄՆ-ում եք հաստատվել, կա՞ ինչ-որ բան, որի համար ափսոսում եք:
– Իհարկե կա: Բնական է, մի բան որ կորցնում ես, մի բան էլ ձեռք ես բերում: Ես կորցրել եմ շատ բան և ձեռք եմ բերել էլի շատ բան: Միանշանակ չեմ կարող ասել՝ ափսոսում եմ թե չեմ ափսոսում: Ներկայացում, որ անում ենք, շատ օպերատիվ ենք աշխատում, չունենք այն ճոխ պայմանները, փորձասենյակ, բեմում մեկ ամիս փորձ անել. այդպիսի բան չկա, մենք բեմ դուրս ենք գալիս ներկայացման օրը, որովհետև վարձն այնքան թանկ է, որ չենք կարող մի քանի օրով վարձել: Մի գիշերվա համար 6000-7000, և դա ընդամենը մեկ գիշերը, ամենաէժանը, և դրա համար բեմադրություն, որ անում ես, էլ չես մտածում՝ եկամուտ ունենաս, որովհետև եթե դու քո ծախսածը գոնե բերես զրոյի վրա կանգնեցնես, արդեն լավ է: Գուցե մի փոքր օգուտով դուրս գաս:
Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում: