Թութքը կանխելու միջոցներ
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Ճիշտ սնվելն ու առողջ ապրելակերպը երբեք ձեզ չեն կանգնեցնի այնպիսի տհաճ խնդրի առջև, ինչպիսին թութքն է:
Առողջ սնունդը ենթադրում է ամբողջական հացահատիկներ, բանջարեղեն և բավարար հեղուկ: Այս երեք բաղադրիչներն էլ հիմնական կարևոր դեր են կատարում աղիքների անխափան աշխատանքը ապահովելու գործում: Աղիքների ընդհանուր աշխատանքը, եթե բավարար է, այսինքն ամեն առավոտ աղիքը գործում է, կալը ձևավորված է, ապա թութքի առաջացման հավանականությունը չնչին է:
Սնունդը պետք է բաղկացած լինի բջջանյութ պարունակող մթերքներից՝ ամբողջական հացահատիկներ, բանջարեղեն՝ հիմնականում կանաչ: Այստեղ պետք է հատուկ շեշտել հեղուկի ծավալի կարևորությունը: Որքան էլ ճիշտ սնվեք, եթե բավարար հեղուկ չօգտագործեք, աղիքներում ջրազրկում է տեղի ունենում և բացի այն, որ հեղուկը անհրաժեշտ է աղիքների աշխատանքին, կալը ինքնին դառնում է չոր, պինդ, որը գրգռում է հաստ աղիքի պատերը: Եթե սա հաճախ է կրկնվում, դառնում է թութքի պատճառ:
Նստակյացություն
Նստակյացությունը թութքի առաջացման ևս մի պատճառ է: Ֆիզիկական ակտիվությունը օգնում է ողջ մարսողական համակարգին, արագացնում է աղիքների աշխատանքը: Քայլելը, վազքը, յոգան շատ օգնում են խուսափել բոլոր տեսակի աղիքային և մարսողական խնդիրներից, այդ թվում նաև թութքից:
Նստակյացության ամենավատ տեսակներից է նաև «զուգարանային ընթերցասիրությունը»: Վստահ եմ, որ շատերդ զուգարանում ամսագրեր ու գրքեր են կուտակվել, մեծամասնությունն էլ լավ հյուրի նման դատարկաձեռն՝ առանց հեռախոսի կամ պլանշետի, այդ սենյակ չի այցելում: Շատ իզո՛ւր: Զուգարանում երկար նստելը դառնում է թութքի պատճառ, քանի որ այդ դիրքից աղիքի արյունատար անոթները լարված վիճակում են գտնվում և մեծացնում են թութքի հավանականությունը:
Վերջին խորհուրդը՝ պահը բաց չթողնելն է: Եթե զգում եք, որ աղիքը աշխատում է, դուք զուգարանի կարիք ունեք, մի հետաձգեք, պետք է աղիքը դատարկվի հենց այդ ժամանակ»: