Սեյրան Օհանյանը այցելել է կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ
Նոր տարվա նախօրեին` դեկտեմբերի 30-ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը տիկնոջ` «Ռազմական բժիշկների հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Ռուզաննա Խաչատրյանի հետ, այցելել է Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:
ՀՀ պաշտպանության նախարարին ուղեկցել են ՀՀ ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Էնրիկո Ապրիամովը, ՀՀ ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, ՀՀ ԶՈւ ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Կամավոր Խաչատրյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդիպել է հոսպիտալում բուժվող զինծառայողներին, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով, մաղթել առողջություն և շուտափույթ ապաքինում: Նախարարը հիվանդներին շնորհավորել է Ամանորի կապակցությամբ և հանձնել նվերներ:
Շրջայցի ավարտին Սեյրան Օհանյանը հանդիպել է նաև հոսպիտալի բուժանձնակազմի հետ և պատասխանել նրանց հուզող հարցերին: Նախարարը հանձնարարականներ է տվել լայնածավալ բարեփոխումներ իրականացնելու համար, ամփոփել է անցնող տարին և քննարկել գալիք տարվա ընթացքում սպասվող մարտահրավերներին դիմակայելու տարբերակները:
ՀՀ պաշտպանության նախարարություն