Ոչի՛նչ , հետո կնիհարեմ

Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Ոչի՛նչ , հետո կնիհարեմ…

Նոր տարի է գալիս, մի լավ ճոխ սեղան ենք բացելու բոլորս էլ, հետո էլ մի շաբաթ տանն ենք, լավ ուտելու ենք, հյուր ենք գնալու կամ ընդունելու ու էլի ենք ուտելու…
՛«Երկուշաբթի կգնամ աշխատանքի, նորից նույն ռեժիմին կանցնեմ, կընկնեմ հունի մեջ ու, ինչպես միշտ եմ անում, մեկ-երկու ամսում նորից կնիհարեմ, ոչի՛նչ՛»

Քանի՞ անգամ եք ինքներդ ձեզ սփոփել այս համոզմամբ և հանգստյան կամ տոն օրերին առանց երկար-բարակ մտածելու կուլ տվել ձեռքի տակ ընկածը: Չեմ ասում հետո քաշը չեք վերականգնել, բայց արդյո՞ք ճիշտ է, արդյո՞ք հարցի լուծում է հետո նույն քաշին հասնելը:

Սկսեմ նրանից, որ քաշի անընդհատ փոփոխվելը մեծ սթրես է օրգանիզմի համար

Բացի դրանից օրգանիզմում տեղի են ունենում այլ կարևոր փոփոխություններ: Ամեն անգամ քաշ գցելու ժամանակ, դուք ազատվում եք ոչ միայն կուտակված ճարպերից այլ նաև մկանային հյուսվածքներից: Այնպես որ, եթե ՛՛բուռն մեկշաբաթյա խրախճանքից՛՛ հետո դուք մեկ կամ 2 ամիս անց նորից նույն քաշին եք հասել, չի նշանակում, որ ազատվել եք այդ ընթացքում ձեռք բերած ողջ ճարպից, գուցե դրա մեծ մասից այո, բայց մնացած կգ-ները ձեր թուլացած մկանների հաշվին են պակասել: Այպիսով, եթե տարվա ընթացքում 3 անգամ ձեր քաշն ավելանում է և նույնքան անգամ էլ ետ եք գալիս նույն քաշին, հինգ տարվա կտրվածքով ունենում եք բավականին մեծ քանակությամբ կուտակված ճարպ և կորցրած մկաններ: Մկանային հյուսվածքները չկորցնելու և միայն ճարպն այրելու միակ փրկությունը ֆիզիկական ակտիվությունն է: Հիշեք, որ նիհարել նշանակում է նույն քաշը պահել ամենաքիչը երկու տարի:

Անտեղի շատակերությունից հնարավոր է նաև, որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձրանա: Մի քանի օր, առավել ևս մի քանի շաբաթ արյան մեջ գլյուկոզայի բարձր մակարդակը ներազդում է ենթաստամոքսային գեղձի ինսուլին արտադրող բջջիջների արտադրողականության վրա: Գլյուկոզայի մակարդակը սննդակարգի և ֆիզիկական վարժ. շնորհիվ որոշ չափով հնարավոր է լինում վերականգնել: Եթե գլյուկոզայի բարձր մակարդակը շարունակական է, հետևաբար քայքայումն էլ ավելի ինտենսիվ է, սննդակարգն ու ֆիզ. վարժ-երն էլ ավելի խիստ:

Կանոնավո’ր սնվեք, ճի’շտ նիհարեք և պահե’ք այդ արդյունքը»:

Տեսանյութեր

Լրահոս