Երբ սնվել. ուշ ընթրիք՝ վատ սովորություններ
Սննդաբան (դիետոլոգ), գաստրոէնտերոլոգ Վարդանուշ Պետրոսյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Օրվա վերջին ուշ ընթրիք-վատ սովորություններ
Տարբեր մարդկանց համար գիշերային ուշ ժամի ուտելու սովորությունն ունի շատ տարբեր պատճառներ: Ոմանք փորձում են այդ ձևով ընկերակցել աշխատանքը ուշ ժամի վերջացնող ամուսիններին, մյուսները նման կերպ հանգստանում են ծանր աշխատանքային օրվանից հետո, մի մասն էլ սթրեսն է այդպես հաղթահարում: Մարդիկ, առօրյան, բնավորությունները, պատճառները տարբեր են, բայց միևնույն է՝ սովորությունը բոլորի մոտ էլ նույնն է և բոլորի համար էլ վնասակար է: Վնասակարությունը գիտակցելուց մինչև վերահսկելն ու հետզհետե վատ սովորությունը վերացնելը մնում է մեկ քայլ: Իսկ մինչև գիտակցելը՝ երկար ճանապարհ:
Սկսենք նրանից, որ այդ ժամին օրգանիզմը սով չի զգում, ուղղակի դուք եք իներցիայով վերցնում մի բան ու սկսում ծամել: Երեկոյան ընթրիքը կարող է լինել ժամը 18-ին, 19-ին կամ նույնիսկ 20-ին, բայց ոչ երբեք 24-ին կամ առավոտյան 1-ին:
Այս ժամերին օրգանիզմն իր ջանքերը ուղղում է ինքն իր վրա: Ինչպես դուք եք գործերն ավարտում և քնելուց առաջ մեկ, երկու ժամ տրամադրում ինքներդ ձեզ՝ լոգանք ընդունում, հաջորդ օրվա հագուստը պլանավորում և այլն, այնպես էլ օրգանիզմն է աշխատում ինքն իր վրա՝ մաքրելով իրեն տոքսիններից, և հաջորդ օրվա համար էներգիա է կուտակում, որպեսզի առավոտյան թարմ ու առույգ տեսք պարգևի հենձ ձեզ:
Եթե գիտակցեցինք, անցնենք սովորույթից հրաժարվելու պարզ քայլերին:
Նախաճաշ
Առաջին ու հիմնական սխալը մարդկանց չնախաճաշելն է: Ստիպեք ինքներդ ձեզ լավ նախաճաշել, նույնիսկ եթե ախորժակ չունեք (սա հենց գիշերային շատակերության պատճառով է, որ ախորժակ չունեք): Եթե օրվա ընթացքում երեք անգամ բավարար սնունդ ընդունեք, գիշերվա 10, 11-ին հաստատ սոված չեք լինի:
Անտեսանելի սնունդ
Երեկոյան ընթրիքից հետո պահեք բոլոր ուտելիքները աչքից հեռու: Եթե մի բան անընդհատ տեսնում ենք, որքան էլ կուշտ լինենք, գայթակղությունը կարող է մեր կամքի հետ մենամարտում հաղթող դուրս գալ:
Ինքներդ ձեզ զբաղեցրեք այլ հետաքրքիր բաներով:
Գոյություն ունեն նաև ընդդարմացնող, ախորժակը փակող եթերայուղեր:
Մի բաժակ թեյ
Աշխատանքից ուշ վերադարձող ամուսիններին կարելի է թողնել, որ մենակ ընթրեն ու վերջում միայն միանալ մի բաժակ թեյով:
Անուշ երազներ
Ի վերջո, այդ ժամերին անհրաժեշտ է քնել, ոչ թե հավակնել Դանթեի որկրամոլության պարունակում տեղ գրավելու պատվին
Բարի գիշեր ու անուշ երազներ: