Բաժիններ՝

IDeA հիմնադրամը թվայնացնող երկու սարք նվիրաբերեց Հայաստանի ազգային արխիվին

«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը գերմանական արտադրության երկու պրոֆեսիոնալ սքաներներ նվիրաբերեց Հայաստանի ազգային արխիվին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախաշեմին արխիվային փաստաթղթերի եւ նյութերի թվայնացման գործընթացն ավելի արագացնելու նպատակով:

IDeA հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Գեւորգյանը կարեւոր համարեց ժամանակակից տեխնիկայով արխիվների վերազինումը: «Արխիվային փաստաթղթերի թվայնացումը եւ հետազոտողներին որակյալ, ժամանակակից պահանջներին համապատասխան արխիվային ծառայությունների մատուցումը խիստ կարեւոր է: Ուրախ ենք, որ մեր ներդրումը կարող ենք ունենալ այդ գործում եւ շարունակելու ենք օժանդակել հատկապես Հայոց ցեղասպանության վերաբերյալ արխիվային փաստաթղթերի թվայնացմանը»,-նշեց հիմնադրամի գլխավոր տնօրենը:

Հայաստանի ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը շնորհակալություն հայտնեց հիմնադրամին՝ իրենց համար խիստ անհրաժեշտ սարքերի նվիրաբերության համար: «Հայաստանի ազգային արխիվն ունի բարեկամներ, որոնք օգնում են վերազինման հարցում: Մենք ունեինք ընդամենը երկու թվայնացման սարք, IDeA հիմնադրամից այսօր ստանում ենք եւս երկուսը, ինչը հնարավորություն կտա կրկնապատկել արխիվային փաստաթղթերի թվայնացման աշխատանքների ծավալը: Հուսով եմ, որ 2015 թվականին կկարողանանք երկու անգամ ավելի շատ նյութեր թվայնացնել եւ հասարակությանն ու հետազոտողներին մեր ժողովրդի պատմության մասին անհրաժեշտ տեղեկություններ տրամադրել»,-ասաց Ա. Վիրաբյանը:
«Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի հանրային կապերի բաժին

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս