
Վահան Հովհաննեսյանը երկրապահ էր ուղնուծուծով. Մանվել Գրիգորյան

«ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանը ցավակցական ուղերձ է հղել Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանի մահվան կապակցությամբ, որում ասվում է.
Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների և անձամբ իմ անունից վշտակցություն եմ հայտնում Հովհաննեսյանների ընտանիքին և հայ ժողովրդին պետական-ազգային գործիչ, Գերմանիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահան Հովհաննեսյանի անժամանակ մահվան կապակցությամբ:
Վահան Հովհաննեսյանը երկրապահ էր ուղնուծուծով, ապրած կյանքով, ընտանիքում ստացած դաստիարակությամբ: Հայ ազգի համար օրհասական պահին նա զինվորագրվեց կամավորական շարժմանն ու մասնակցեց Արցախի ազատագրման պատերազմին, իսկ հրադադարի կնքումից հետո, զբաղեցնելով կարևոր պետական պաշտոններ՝ դարձյալ ծառայում էր ազգին, հայրենիքին, պետությանը: Վահան Հովհաննեսյանը նաև կարկառուն կուսակցական գործիչ էր, ով սակայն, առաջնորդվում էր «Կուսակցությանս հետ, բայց ժողովրդիս համար» նժդեհյան սկզբունքով:
Մենք կորցրինք լավ մարդու, լավ հայի, լավ ընկերոջ, ով ազնիվ ու հայրենասեր քաղաքական, պետական գործիչ էր, լավ հայր, լավ զավակ:
Հավերժ փառք քեզ, հարգարժան Վահան»: