«Եթե կառավարության համակարգն ամբողջությամբ չփոխվի, 2015 թվականը որևէ լավ բան չի կարող բերել». Արմեն Մարտիրոսյան

«Չեմ կարծում, որ 2014-ը հաջող տարի էր, Հայաստանը վերջնականապես կորցնում է անկախության վերջին նշույլները, իշխանությունները բացարձակապես մտածում են իշխանությունը երկարաձգելու մասին, այդ թվում նաև, ցավոք սրտի, պետական ռեսուրսները, ինքնիշխանության ռեսուրսները մսխելով»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը՝ ամփոփելով 2014 թվականը:

Ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունեցել 2014 թվականին, որևէ ձևով չի կարելի ասել, որ առաջընթաց էր, հակառակ պարագայում՝ գոնե արտագաղթի տեմպերն էականորեն կկրճատվեին, բայց նմանատիպ իրավիճակ չկա. «Տարվա վերջին իրադարձություններն արդեն ուղղակի եկան ապացուցելու, որ որևէ հույս իշխանությունների հետ այլևս կապել ոչ թե չի կարելի, այլ նույնիսկ չակերտավոր հանցագործություն է»:

– Ըստ Ձեզ՝ ինչպիսի՞ն կլինի 2015 թվականը Հայաստանի համար:

– Եթե կառավարության համակարգն ամբողջությամբ չփոխվի, 2015 թվականը որևէ լավ բան չի կարող բերել: Բնականաբար, մի խումբ անձինք կարող է ավելի շատ հարստանան, բայց ընդհանուր բնակչության մեծ մասն աղքատանալու են, որը բերելու է հավելյալ խնդիրներ:

– Այդ դեպքում ժողովուրդն իր հույսն ո՞ւմ հետ պետք է կապի, արդյոք եռյակի՞:

– Ժողովուրդը բացառապես հույսը պետք է իր հետ կապի: 3 ընդդիմադիր քաղաքական ուժերը թե այլ ֆորմատներ կլինեն, նրանք բոլորը կարող են գործ անել, կարող են ինչ-որ մի քայլ անել բացառապես ժողովրդի շնորհիվ: Ընդհանրապես, ժողովուրդը շատ ակտիվ պետք է լինի, չպետք է սպասեն, որ որևէ մեկն ինչ-որ բան պետք է անի իրենց փոխարեն, իրենք դրանց արդյունքները վայելեն: Այդպիսի բան չի լինելու և աշխարհում երբեք չի եղել:

Բոլորը պետք է ոտքի կանգնեն, բոլորը պետք է պայքարեն, չպետք է այնպես լինի, որ տունը համակարգչի առաջ նայեն, ասեն՝ դե լավ, այնտեղ մարդիկ կան, ես չեմ գնում, բոլորը պետք է լինեն, բոլորը պետք է պայքարող լինեն, և այդ դեպքում է, որ մենք կարող ենք ինչ-որ բան փոխել, հակառակ պարագայում, որքան էլ ուժեղ լինեն քաղաքական ուժերը, իրենք չեն կարող անել այն ամենը, ինչ անհրաժեշտ է երկրի համար, որովհետև տեսնում ենք, որ իշխանությունը չի կանգնում որևէ բացասական քայլի առջև:

– 2015 թվականից մենք նոր միության՝ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմի մեջ ենք լինելու, այդ տեսանկյունից ինչպիսի՞ տարի է սպասվում:

– Այն, ինչ հիմա կատարվում է, տեսնում եմ՝ որ միաձայն, միահամուռ աշխատանք ԵՏՄ-ում գոյություն չունի, տեսնում եք՝ ինչ է տեղի ունենում Բելառուս-Ռուսաստան-Ղազախստան հարաբերություններում, մեկը մեկի դեմ ճանապարհ է փակում…Նմանատիպ համագործակցություն ուղղակի չի լինում երբևիցե: Այն, ինչ կլինի Հայաստանի հետ, չեմ կարծում՝ դրական նոտաներով երևա, ավելի շատ բացասական նոտաներ կլինեն՝ այդ միության մեջ մտնելով, որի արդյունքում ընդամենն արտագաղթի տեմպերը կավելանան, որովհետև ճնշումն այստեղ մեծ կլինի, այնտեղ ճնշումը փոքր կլինի, և մարդիկ, այլևս սոցիալական խնդիրներ լուծելու համար, ստիպված կլինեն գնալ:

– Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ եռյակի երկու ուժերն էլ իշխանությունների նման կողմ են ԵՏՄ անդամակցությանը՝ հնարավո՞ր եք համարում 2015-ին Հայաստանի՝ ԵՏՄ-ի կազմից դուրս գալը:

– Ես կարծում եմ՝ իշխանությունների և բոլոր այն քաղաքական ուժերի միջև, որոնք, իշխանություն չլինելով՝ կողմ են որոշակիորեն այդ միության մեջ մտնելուն, կամ ստիպված են կողմ լինել, պետք չէ երբեք հավասարության նշան դնել, որովհետև իշխանություններն են, որ նախաձեռնեցին դա: Չլիներ այս իշխանությունը՝ այս միությունը չէր լինի միանշանակ: Ուստի, նույնիսկ այն քաղաքական ուժերը, որոնք կողմ են քվեարկել, ես կարծում եմ՝ իրենք կոնյունկտուրայից ելնելով են քվեարկել՝ իրականում հասկանալով, թե ինչ է սա բերելու մեզ բոլորիս: Առանձնահատուկ սպասելիքներ, կարծես թե, չկան: Ուստի և, իմ գնահատականն ուղղված է բացառապես իշխանություններին, և, կարծում եմ, իրավիճակի փոփոխության արդյունքում՝ արահերթ ընտրությունների պարագայում, մենք, երևի թե, այլ իրավիճակ կունենանք և կկարողանանք փոխշահավետ համագործակցություն ունենալ Ռուսաստանի հետ, այլ ոչ թե նմանատիպ տնտեսական իրավիճակում հայտնվենք:

– Այսինքն՝ ԵՏՄ-ին անդամակցելը շրջելի գործընթա՞ց եք համարում:

– ԽՍՀՄ-ի նման երկիրը փլուզվեց, ինչի՞ մասին է խոսքը, որը, պատկերացրեք, երկրագնդով մեկ ուներ սոցիալիստական ճամբարի տարբեր ներկայացուցիչներ, համաշխարհային առևտրի ամենամեծ մասնակիցներից մեկն էր, կար Վարշավյան համաձայնագիր… Այսինքն՝ նմանատիպ ռեսուրսով երկիրն է քանդվել, ինչպե՞ս կարող է սա քանդման ենթակա չլինել: Աշխարհն առաջ է ընթանում, և անշրջելի ոչինչ չկա:

– Ինչպիսի՞ ապագա կունենա եռյակը, կշարունակի՞ միասնական պայքարը 2015 թվականին:

– Չեմ կարծում՝ էականը եռյակի ճակատագիրն է, կարծում եմ՝ էականն այն է, թե բոլորս միասին՝ հասարակությունը, ինչ կունենա 2015 թվականին: Կարևոր է, որ մենք, հասարակական լայն կոնսոլիդացիայի արդյունքում, քաղաքացիների ակտիվ պայքարի արդյունքում, ունենանք արմատական փոփոխություններ, արտահերթ ընտրություններ, համակարգային բարեփոխումներ և կարողանանք մեր առջև դրված խնդիրները լուծել: Այլևս նոր խնդիր ավելացնելու հնարավորություն չունենք:

Տեսանյութեր

Լրահոս