Բաժիններ՝

«Ժամանակը գնացել է առաջ, իսկ մեր թատրոնների մեծամասնությունը դոփում է նույն տեղում». Հրանտ Թոխատյան (լուսանկարներ)

Տարին ավարտվում է, իսկ մենք դեռ չենք շտապում հրաժեշտ տալ 2014-ին ու այս անգամ տարին ամփոփում ենք դերասան Հրանտ Թոխատյանի հետ:

– Այս տարի Դուք ոչ միայն հայերիս, այլև ռուս հեռուստադիտողի էկրանի բարեկամն եք դարձել, ու Ձեր «Վերջին Մահիկյանը» հեռուստասերիալը շատերիս ամենասիրելի սերիալների շարքին է դասվել: Կարո՞ղ ենք ասել, որ այն Ձեզ համար այս տարվա ամենամեծ ձեռքբերումներից մեկը եղավ:

– Ես չգիտեմ՝ ձեռքբերո՞ւմ է, թե՞  ոչ: Ինձ համար ձեռքբերումները միշտ ավելի շատ կապված են լինում բեմի հետ, բայց, իհարկե, հետաքրքիր էր, որովհետև աշխատանքը, գոնե, Ռուսաստանի համար ստացվեց: Սերիալը բավականին պոպուլյար դարձավ, և, ճիշտն ասած, իրենք էլ չէին սպասում: Այդ պատճառով սկզբնական մասը շատ ավելի քիչ նկարեցին, քան պլանավորել էին, որովհետև կասկած կար, որ ռուս հեռուստադիտողը չի նայի հայ ընտանիքի մասին սերիալ… բայց արի ու տես, որ այն բավականին հետաքրքիր դարձավ, ռեյտինգները բավականին բարձր էին:

toxatyan01

– Սկզբում նույնիսկ չէի՞ն սպասում, որ 3-րդ եթերաշրջանը կնկարեն:

– Չէ, իրենք նույնիսկ չէին սպասում, որ 2-րդը կնկարահանեին, դրա համար իրար հետևից չնկարահանեցին. բավականին մեծ ընդմիջում եղավ, հետո նոր՝ 3-րդ, 4-րդը նկարվեց, իսկ փետրվարի վերջին 5-րդը կնկարահանեն:

Հնարավո՞ր է` նույնիսկ ավելանան` 7-8-րդը:

– 5-րդը կնկարեն, որից հետո կլինի լիամետրաժ տարբերակը` ինչպես արեցին իրենց մյուս բավականին հաջողված սերիալը` «Խոհանոցը» («Кухня»): Նույնը կլինի «Մահիկյանը», 5-րդը կնկարեն, հետո աշնանը մեզ մոտ` Հայաստանում, և ԱՄՆ-ում արդեն լիամետրաժ տարբերակը կնկարահանվի:

toxatyan10

Ինչպե՞ս է Ձեզ համար Ձեր նոր «ռուս ընտանիքը», հե՞շտ է ռուսների հետ աշխատել:

– Հեշտ է, որովհետև աշխատում ես բավականին պրոֆեսիոնալ մարդկանց հետ, ու նկատի ունեմ ոչ միայն ստեղծագործական խումբը, այլև տեխնիկական մասը` լույս, ձայն, օգնականներ… Բացի այդ, պայմանները բավական տարբերվում են մերինից: Ճիշտ է` մեզ մոտ սերիալում դեռ չեմ նկարահանվել, բայց լսելով իմ գործընկերներին` գիտեմ, որ այդքան էլ լավ պայմաններ չեն: Իսկ այնտեղ տեխնիկական միջոցներն ամենավերջինն են, ամենաժամանակակիցը, հնարավորությունները շատ մեծ են. բնակարանը` որտեղ բնակվում է Մահիկյանների ընտանիքը, ամբողջովին մի մեծ տաղավար է: Այսինքն` ամեն ինչը շատ բարձր մակարդակի է. նույնիսկ դերասանների համար կան առանձին հանգստասենյակներ, մի խոսքով` ամեն ինչ այնպես է արված, որ դերասանը ոչնչի մասին չմտածի ու զբաղվի միայն իր աշխատանքով:

toxatyan08

Սերիալ ասելով` հայերս հիմնականում ինչոր տխուր ու երկար սերիալների շարք ենք պատկերացնում, իսկ սա ավելի շատ նորություն էր մեզ համար, ու երևի թե այդ պատճառով սիրվեց:

– Դա մոտեցումից է գալիս, հիմա այն իրենով անգամ սերիալ չէ, «ՎերջինՄահիկյանը» սիթ-քոմ է, ուղղակի, ռեժիսորը սիթ-քոմի ֆորմատից դուրս եկավ ու նկարահանեց որպես շարունակական ֆիլմ, որովհետև մոտեցումն էլ է այդպիսին` ֆիլմի պես է նկարահանվում:

Նշեցիք, որ Ձեզ համար ձեռքբերումը թատրոնում է լինում: Այս տարի թատրոնում ունեցա՞ք ձեռքբերումներ:

– Այս տարի, ցավոք սրտի, նկարահանումների պատճառով նոր ներկայացումը չհասցրեցինք անել` «Մեա կուլպայի» շարունակությունը` նոր «Մեա կուլպան», չնայած պլանավորել էինք: «Մեա կուլպան» անեկդոտի պես է դարձել, որ պետք է վերջանա ու չի վերջանում (չի վերջանում, որովհետև հանդիսատեսն է ուզում), վերջինն էլ դեկտեմբերին խաղացինք` լեփ-լեցուն դահլիճում: Հիմա այն պետք է վերջանա, որովհետև «Մեա կուլպայի» գործողությունները կատարվում են 2015 թվին. եկավ 2015-ը, ու արդեն պետք է ներկայացումը փոփոխել: Պրոդյուսեր Արմեն Համբարձումյանի հետ երկար մտածեցինք ու որոշեցինք, որ դա պետք է լինի նոր ներկայացում: Դե, իհարկե, այն կլինի «Մեա կուլպայի» շարունակությունը, բայց արդեն նոր հայացքով ու արդեն 2015-ից հետո: Կարծում եմ` խոսքը կգնա 2025 թվականի մասին:

toxatyan09

«Մեա կուլպան»  շատ ստացված ներկայացում է, քանի որ այսօր թատրոններում հիմնականում  ներկայացումների ժամանակ դահլիճի կեսը հազիվ է լցվում: Շատ եմ լինում թատրոններում ու նկատել եմ` հանդիաստես քիչ է գալիս թատրոն, իսկ «Մեա կուլպայի» համար տոմս նույնիսկ չես գտնում:

– Իսկ մտածե՞լ եք` ինչո՞ւ չի գալիս հանդիսատեսը:

Երևի`  մյուս ներկայացումները քիչ են գովազդվում, այդ պատճառով է քիչ հանդիսատեսը, իսկ սա իր ժամանակին լավ գովազդվեց ու իր տեղը գտավ: Այդպես չե՞ք կարծում:

– «Մեա կուլպան» 12 տարեկան է:

toxatyan06

– Դե, «Մեա կուլպան» ուրիշ պատմություն է, այն նաև շատ յուրահատուկ է:

-Լավ, պատկերացրեք, որքան էլ գովազդեն մի ապրանքատեսակ, որևէ մթերք, ու դուք գովազդի տպավորության տակ գնեք դա: Եթե ուտեք, ու այն լավը չլինի, դուք առնվազն ձեր ընկերներին, բարեկամներին կտեղեկացնեք, որ պետք չէ խաբվել գովազդին, ճի՞շտ է: Դե, հիմա 12 տարվա մեջ հանդիսատեսի այն քանակը, որը նայել է, շատ վաղուց` 4-5 տարվա մեջ, պետք է վերջանար: Ուրեմն` գովազդը չէր, որ հանդիսատեսին բերում էր թատրոն: Փառք Աստծո, այսօր կան մի քանի  հեռուստաալիքներ, որոնց թվում նաև Հանրայինն է, որոնք մշակութային ծրագրերի գովազդ անում են, ու այստեղ հարցը միայն գովազդը չէ: «Մեա կուլպան» այդպես հեշտ չի ծնվել, ու այնտեղ ամեն ինչ շատ էր  չափված-ձևված, որպեսզի մենք հանդիսատեսի հետ բեմից խոսենք այն ամենի մասին, ինչն այսօր բոլորին է հետաքրքրում, ու մեր ներկայացումը մոնոլոգ չէր, դա երկխոսություն էր հանդիսատեսի հետ:

toxatyan04

– «Մեա ուլպան» լրիվ ուրիշ պատմություն է, ես ընդհանուր առմամբ բոլոր թատրոնների ներկայացումների մասին եմ խոսում: Ըստ Ձեզ` ինչո՞ւ է քիչ հանդիսատեսը թատրոնում:

– Իսկ կարծում եք` 90-ականներից առաջ այդքան շա՞տ  էին գովազդվում թատրոններն ու ներկայացումները. իհա՛րկե ոչ: Բայց հանդիսատեսը միշտ գնում էր, ու տոմսերը գնվում էին մեկ շաբաթ առաջ: Այսինքն` ժամանակը գնացել է առաջ, իսկ մեր թատրոնների մեծամասնությունը դոփում է նույն  տեղում: 21-րդ դարն է, ուրիշ տեղ է գնացել միջազգային թատրոնը:

– Նկատի ունեք` նոր բան կամ որակյալ ներկայացումներ չե՞ն մատուցվում:

– Նկատի ունեմ՝ սկսած թատրոնի կազմակերպությունից, որն էլ բերում է նրան, ինչ կատարվում է բեմի վրա: Ա՛յ դրան պետք է մի քիչ նորովի նայել, որովհետև այն թատրոնը, որն այսօր մեզ մոտ գոյատևում է, մոտավորապես 70-80-ականների թատրոնն է: 21-րդ դարում թատրոնն ու նրա կազմակերպումը մի քիչ ուրիշ տեղ են գնացել ամբողջ աշխարհում:

toxatyan03

– Ինչպե՞ս պետք է նորովի մատուցել, նոր տեխնիկա՞ ավելացնել ներկայացումներին: Օրինակ` անցած տարվա «Հայ Ֆեստ» փառատոնի բացման օրը բրիտանական ներկայացման ժամանակ օգտագործվել էին անիմացիոն հնարքներ, ու դա նորություն էր մեզ համար: Նկատի ունեք այսպիսի՞ նորություններով մատուցման ձև:

– Ամեն ինչով. թատրոնը կոմպլեքս է, չի կարելի ասել, որ՝ միայն տնօրինությամբ, միայն ռեժիսուրայով, դերասանական խաղով, այլ՝ ամեն ինչով, թատրոնի ամբողջ տնտեսությունն այսօր մեզ մոտ հնացել է: Մենք կարող ենք շատ ու շատ բնագավառներում ասել` մոտեցումը` երկրի, կառավարության, թերի է, բայց այս բնագավառում դժվար է խոսել թերության մասին, որովհետև մենք էլ` թատրոններս էլ ենք թերի: Մենք չունենք այսօր լավ դրամատուրգիա, չունենք թատրոնի կազմակերպիչներ, բուն մասնագիտական թատրոնի պրոդյուսերներ, մենք չունենք…

toxatyan02

– Փաստորեն` հանդիսատեսի մեղքով չէ, ու սխալ են մեկնաբանություն-արդարացումները, թե հանդիսատեսը չի ցանկանում գնալ թատրոն ու հեռացել է թատրոնից:

– Չէ, չէ, հիմա գնացեք Կամերային թատրոն, կտեսնեք, որ դահլիճը լիքն է: Այո, այն փոքրիկ է, բայց իր փոքրիկ լինելով հանդերձ` շաբաթվա մեջ աշխատում է մոտ 4-5 օր, մյուսները `1-2 օր: Այսինքն` այստեղ հանդիսատեսին դժվար է մեղադրել:

– Իսկ մյուս տարի, բացի «Մեա կուլպայից», ուրիշ ներկայացումներ սպասե՞նք Ձեզնից:

– Եթե հասցնեմ՝ այո: Ծրագրերը շատ են, մի ներկայացում, որը հաստատ կանենք, լինելու է մանկական ներկայացում:

– Այսպիսով` ամփոփենք տարին. այս տարվա համար պահած Ձեր բոլոր ցանկությունները կատարվեցի՞ն, լա՞վ տարի էր Ձեզ համար:

– Դժգոհելու տեղ չունեմ, տարին, ինչպես և ամեն տարի, ունեցավ իր լավ ու նաև վատ պահերը: Կորցրեցի շատ լավ ընկեր Մարկ Սաղաթելյանին, շատ ծանր կորուստ էր, կորցրեցի իմ մոտ ազգականիս` եղբորս, որի հետ շատ մոտ էի, ու Թոխատյաններս երկուսս էինք,  շատ ծանր կորուստ էր: Այսպիսի բաներ էլ եղան այս տարի, այնպես չէ, որ շատ պարզ էր, ու, եթե դա մի կողմ դնենք, ապա ստեղծագործական առումով` բավականին հաջող տարի էր ինձ համար: Ահագին մեծ աշխատանք արվեց, հասցրեցինք մեր ներկայացումները խաղալ` ինչպես որոշել էինք, այնպես էլ խաղացինք: «Վերջին Մահիկյանի» մեծ մասն այս տարի նկարահանվեց, 2 նոր ֆիլմում հասցրեցի նկարահանվել` «Любовь с акцентом и без», «Дед 005», և ևս մեկը` վերջերս նկարահանվեց «Страна чудес»: Բավականին հագեցած տարի էր:

– Կարելի՞ է ասել, որ այս տարին Ձեզ համար մի տեսակ «ռուսական» տարի էր:

– Այո, կինոյի առումով ավելի շատ ռուսական էր: Ես այս մեկ տարվա մեջ այնքան ֆիլմերում նկարահանվեցի, որքան նկարահանվել էի իմ ամբողջ ստեղծագործական տարիների ընթացքում:

– Ի՞նչ սպասելիքներ ունեք 2015-ից, լա՞վ եք տրամադրված:

– Ես միշտ էլ Նոր տարուն լավ եմ տրամադրված. Նոր տարվա գիշերն անպայման ցանկություն եմ պահում, դեռ հույս ունեմ, որ Ձմեռ պապիկը գալու է, ու Նոր տարվա խորհուրդն ինձ համար չի փոխվում: Ես գտնում եմ, որ Նոր տարին, ի տարբերություն շատուշատ ուրիշ տոների, շատ ընտանեկան տոն է, և ես սիրում եմ, երբ շրջապատված եմ լինում իմ բոլոր երեխաներով. միասին ենք դիմավորում, զարդարում տոնածառը, նամակներ ենք գրում Ձմեռ պապիկին… Ինչ վերաբերում է ստեղծագործական տարուն` երկու ներկայացման եմ պատրաստվում` «Մեա կուլպան» և մյուսը` մանկականը, և ծանր ու դժվար է լինելու, բայց պետք է հասցնել անպայման, «Մահիկյանի» շարունակությունը, ևս 2 ֆիլմեր կավելանան, բայց եթե զգամ, որ դրանք խանգարում են ներկայացումներին՝  չեմ անի, կհրաժարվեմ կինոյից, բայց կանեմ ներկայացումներս:

ԱՄԱԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս