Ակադեմիկոսները քվեարկությամբ պատասխանեցին Հայկ Դեմոյանին

Քիչ առաջ Գիտությունների ազգային ակադեմիայի ընդհանուր ժողովում ընտրվեցին ՀՀ ԳԱԱ 9 ակադեմիկոսներ և 14 թղթակից անդամներ: Ակադեմիկոսներ ընտրվեցին Արշալույս Թարվերդյանը՝ գյուղատնտեսական մեքենաշինություն, Ռադիկ Կոստանյանը՝ լազերային ֆիզիկա, Ալբերտ Ղուլյանը՝ ռադիոաստղագիտություն, Ռազմիկ Աբրահամյանը՝ բժշկագիտություն, Լևոն Թավադյանը՝ ֆիզիկական քիմիա,  Աշոտ Մելքոնյանը՝ պատմություն, Ռուբեն Սաֆրաստյանը՝ արևելագիտություն, Գագիկ Ղազինյանը՝ իրավագիտություն, Գևորգ Պողոսյանը՝ սոցիոլոգիա մասնագիտությունների գծով: Միակ առաջադրված թեկնածուն, ով չհավաքեց անհրաժեշտ 30 ձայնը, Համլետ Կարայանն էր, ով մասնագիտացած է կոնդենսացված միջավայրի ֆիզիկա մասնագիտության գծով: 16 թղթակից անդամի թեկնածուներից չընտրվեցին Արկադի Կարախանյանը, ով Երկրաբանության ինստիտուտի տնօրենն է, և Արմեն Սաղաթելյանը, ով «Էկոլոգոնոոսֆերայի հետազոտություների կենտրոնի» տնօրենն է:

Ակադեմիկոսի թեկնածուներից ամենաշատ կողմ քվեներ ստացել էր Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը. քվեարկությանը մասնակցած 45 ակադեմիկոսներից նրա օգտին էր քվեարկել 41-ը:

Արդյո՞ք Մելքոնյանի նման բարձր ցուցանիշն ինչ-որ կապ ունի երկու օր առաջ նրա հասցեին Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի հնչեցրած մեղադրանքների հետ:

Ակադեմիկոս Լենսեր Աղալովյանը պատասխանելով մեր այս հարցին՝ ասաց. «Իհա՛րկե կապ ուներ, իհա՛րկե նման բարձր արդյունքը պատահականություն չէր: Եթե այսօր կա հայրենասեր մի մարդ, հայրենասեր մի գիտնական, ապա ես նրան համարում եմ առաջիններից մեկը»:

– Կարելի՞ է ասել, որ ակադեմիկոսների քվեարկությունը Հայկ Դեմոյանին տրված պատասխան էր:

– Ակադեմիայի պատասխանն էր այն մարդկանց, ովքեր վատ էին տրամադրված դեպի Աշոտ Մելքոնյանը և ովքեր չէին ցանկանում նրա ընտրությունը: Կարծում եմ, որ այս ընտրությունից հետո նրանք իրենց վարքագծի մեջ փոփոխություն կմտցնեն:

– Կարծում եք, որ բոլոր 9 ընտրված ակադեմիկոսներն էլ արժանի՞ են այդ կոչմանը:

– Ովքեր որ ընտրվել են, իրոք արժանի են, բայց կային մարդիկ, ովքեր պետք է ընտրվեին, բայց չընտրվեցին:

– Խոսքը չընտրված Համլետ Կարայանի մասի՞ն է:

– Ես կարող եմ նաև Կարայանի մասին նույնն ասել, կարող եմ Ժիրայր Վարդանյանի մասին ասել, ով արժանի էր ակադեմիկոս ընտրվելուն, բայց բաժանմունքը նրան չէր ներկայացրել: Ընտրվածների մեջ չկա մեկը, որի մասին ես վատ կարծիք ունենամ և համարեմ, որ նա արժանի չէր ակադեմիկոսի կոչմանը:

– Քվեարկությանը մասնակցող ակադեմիկոսները տարբեր մասնագիտություններ ունեն, և որքանո՞վ է ճիշտ, երբ պատմաբանը պետք է իր քվեարկությամբ որոշի, թե որևէ ֆիզիկոս արժանի՞ է լինել ակադեմիկոս, կամ քիմիկոսը որոշում է, թե արևելագիտության մասնագետը պե՞տք է արդյոք ակադեմիկոս լինի:

– Դա շատ ճիշտ է, քանի որ մենք մեր քվեարկությամբ գնահատում ենք նաև մարդուն, բացի նրանից, որ նա պետք է լավ գիտնական լինի, նա նաև պետք է իր հայրենիքին նվիրված լավ մարդ լինի, ակադեմիկոսը շատ ցայտուն հասարակական դեմք պետք է լինի:

– Այսինքն՝ ոչ մասնագետը կարող է գնահատել ակադեմիկոսի մասնագիտական կարողություննե՞րը:

– Ճիշտ չի ասել՝ ոչ մասնագետ. օրինակ, թուրքագետ ակադեմիկոս ունեցանք, որին մենք ամեն օր լսում ենք հեռուստատեսությամբ, պատմության մասնագետ ունենք, որին մենք կրկին կարող ենք գնահատել իր փայլուն հրապարակային ելույթներով:

Տեսանյութեր

Լրահոս