«Հասարակական կազմակերպությունների մասին նոր օրենքի նախագծում կան դրույթներ, որոնք տոտալ վերահսկողություն են սահմանում». Խաչատուր Մարոզյան
«Հասարակական կազմակերպությունների (հ/կ) մասին նոր օրենքը ՀՀ-ում պահանջված է, դրա կարիքն իսկապես կա: Այն սահմանում է հ/կ-ի իրավական վիճակը, կարգավորում է նրա ստեղծման, կառավարման, գործունեության, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները»,- այսօրվա ասուլիսում ասաց «Իրավաբանների և հոգեբանների միջազգային ասոցիացիա» հ/կ նախագահ Խաչատուր Մարոզյանը:
Նրա խոսքով՝ այս նախագիծը դեռևս 2001թ.-ից քննարկվում էր, թեև հ/կ-ների մի մասն այն քննադատում է, մյուս մասն ասում է, որ այն ընդունելու ճիշտ ժամանակն է.
«Ընդդիմախոսները, որոնք կարծում են, որ այս օրենքը գալիս է հ/կ-ների վրա վերահսկողությունը խստացնելու, տեղին են մտածում, քանի որ այս նախագծում կան այնպիսի դրույթներ, որոնք տոտալ վերահսկողություն են սահմանում հ/կ-ների վրա: Օրինակ՝ հոդված 23-ում կամ հոդված 25-ում ասվում է, որ եթե տարեկան 10 միլիոն դրամից ավելի դրամաշրջանառություն ունենա տվյալ հ/կ-ն, ապա պետք է անպայման ենթարկվի աուդիտի:
Չեմ կարծում, որ սա հ/կ-ների ազատ գործունեությունը կխթանի. ինչո՞ւ է ընտրված հենց 10 միլիոն դրամի շեմը, կամ ո՞ւմ կողմից պետք է ենթարկվի՝ երկրորդական հարցեր են: Այսինքն՝ այս օրենքում կան որոշակի բացեր, որոնք կասկած են հարուցում:
Բացի այդ, հին օրենքով հ/կ-ներին իրավունք էր վերապահվում դիմել դատարան և պաշտպանել իրենց անդամների շահերը: Հիմա այս օրենքում բավականին ծավալուն տրվում է նույն այդ իրավունքը, բայց ամբողջ նախագծում ոչ մի խոսք չկա գործող օրենսդրության վերաբերյալ, որն այսօր նույնպես պետք է փոփոխություններ կրի: Այսինքն՝ օրենսդրության մեջ նորից իրարամերժության խնդիր եմ ես տեսնում, ինչը մտավախություն և կասկածներ է հարուցում հ/կ-ների մոտ»:
Չնայած այս ամենին՝ Խ. Մարոզյանն այս նոր օրենքի տրամաբանությունը դրական է գնահատում, այսինքն՝ եթե հ/կ-ն որոշակի գործունեություն է իրականացնում, ապա պետք է աշխատի թափանցիկ, պետք է ցույց տա, թե իր ֆինանսական միջոցները որտեղից են հայթայթվում, որտեղից են դրանք գալիս:
«Պետության մտահոգությունն այստեղ տեղին է: Եթե մենք ուզում ենք ճիշտ հասկանալ հարցի էությունը, ապա չպետք է միայն հ/կ-ների տեսանկյունից դիտարկենք խնդիրը, այլև պետության տեսանկյունից»,- նշեց նա:
Ամփոփելով իր խոսքը՝ Խ. Մարոզյանն ասաց, որ քանի դեռ սա նախագիծ է, ապա պետք է քննարկվի, և անպայման պետք է վերացվեն խնդրահարույց բացերը, թերությունները: