
Ինչպես են մաքսազերծվելու Ռուսաստանից Հայաստան ներկրվող մեքենաները

Մեր հայրենակիցներից շատերն այս տարվա վերջին երկու ամիսների ընթացքում Ռուսաստանում մեծ քանակությամբ մեքենաներ են գնել։ Պատճառն այն է, որ դոլարի նկատմամբ ռուբլու փոխարժեքի անկման պատճառով մեքենաներ ձեռք բերելը ՌԴ-ում դարձել է մատչելի (քանի որ ռուբլով գինը չի փոխվել)։ Խոսքը վերաբերում է ոչ միայն ռուսական արտադրության, այլև արտասահմանյան մակնիշի մեքենաներին։
Սակայն սա դեռ ամենը չէ։ Մեր հայրենակիցները չեն շտապում այդ մեքենաները բերել Հայաստան։ Սպասում են, որ հունվարի 2-ից հետո բերեն։ Նրանցից շատերը համոզված են, որ հունվարի 2-ից հետո իրենք ստիպված չեն լինի մաքսազերծել այդ մեքենաները, քանի որ Հայաստանը հանդիսանալու է Եվրասիական տնտեսական միության անդամ։
Սակայն դա այդպես չէ։ Ռուսաստանից Հայաստան ներկրվող մեքենաները մաքսազերծվելու են ճիշտ այնպես, ինչպես հիմա։
Ճիշտ այնպես, ինչպես արտասահմանյան երկրներից Հայաստան ներմուծվող մեքենաների համար դեռ 5 տարի գործելու է ներկայիս մաքսատուրքը, այնպես էլ փոփոխության չի ենթարկվելու ՌԴ-ից ներկրվող մեքենաների մաքսազերծման կարգը։
Նշենք, որ ներկայումս Հայաստան ներմուծվող բոլոր մեքենաների համար գանձվում է 20% ԱԱՀ, իսկ ոչ Ռուսաստանից ներմուծվածների համար՝ նաև 10% մաքսատուրք։ ԵՏՄ-ում մեքենաների մաքսատուրքերը շատ ավելի բարձր են, սակայն Հայաստանի պարագայում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ներկայիս դրույքաչափերը կշարունակեն գործել ևս 5 տարի։
Իսկ ինչո՞ւ են Ռուսաստանից ներմուծվող մեքենաները (ռուսական և ոչ ռուսական արտադրության) ընդհանուրի մեջ չնչին տոկոս կազմում։ Օրինակ, այս տարվա առաջին 9 ամիսների ընթացքում Հայաստան է ներմուծվել 35901 հատ մեքենա, որից ընդամենը 737-ը՝ Ռուսաստանից (ՌԴ-ից ներմուծվում են գրեթե 100%-ով ռուսական արտադրության մեքենաներ)։ Հայերը մեքենաներ բերում են այլ երկրներից՝ Գերմանիա, ԱՄՆ, Ճապոնիա, Ֆրանսիա և այլն։ Այդ դեպքում ինչո՞ւ է ՌԴ-ից մեքենա բերելու դեպքում մաքսազերծման հին կարգը մնալու ուժի մեջ, եթե, միևնույն է, դա չնչին քանակություն է։
Հարցի պատասխանը պետք է փնտրել հենց այս վիճակագրության մեջ։ 35901 մեքենաների ներմուծման արդյունքում ՀՀ պետական բյուջեն համալրվել է 36 միլիարդ դրամով (հարկերի ու տուրքերի տեսքով)։
Եթե ՌԴ-ից բերվող մեքենաները չմաքսազերծվեն, ապա բյուջետային եկամուտներն էապես կպակասեն։ Բոլորը համատարած կսկսեն գնել արտասահմանյան մակնիշի մեքենաներ հենց Ռուսաստանում և կվարեն դրանք Հայաստանում՝ առանց մաքսազերծելու։ Այլ երկրներից ներկրվող մեքենաների քանակը և դրանց արդյունքում բյուջե մուտքագրվող գումարը մի քանի անգամ կկրճատվի։
Հենց եկամուտների կտրուկ նվազման այս խզումը թույլ չտալու համար որոշվել է սկզբնական շրջանում պահպանել հին կարգը։ Այնպես որ, եթե ՌԴ-ում գնել եք բավականին թարմ Toyota Prado և անհամբեր սպասում եք հունվարի 2-ին, ապա կարող եք այսօր էլ տեղափոխել այն Հայաստան և վայելել դրա փափուկ ընթացքը՝ ԵՏՄ անդամ դառնալուց առաջ։