Բաժիններ՝

«Անանիա Շիրակացի կրթահամալիրը՝ Հայաստանում Միջազգային բակալավրիատի առաջին ամբողջական կրթահամալիրը». Աշոտ Ալիխանյան

«Հայաստանում այսօր կա 1400 դպրոց, ու եթե կա գոնե մեկ թույլ դպրոց, ապա մեր նպատակն է, մեր բոլոր պրոֆեսիոնալներիս գործն է՝ գնալ և ուժեղացնել այն: Մենք իրավունք չունենք Հայաստանում ունենալու թույլ դպրոց, ոչ մի սան իրավունք չունի մտածի՝ իր դպրոցը թույլ է, իր ուսուցիչը վատն է. այդ հուսահատությունը, որը մենք այսօր ստեղծում ենք Հայաստանում, սարսափելի կործանարար է: Մեր նպատակն է՝ ուժեղացնել, մեր փորձը փոխանակել մեր բոլոր գործընկեր դպրոցների հետ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երևանի Անանիա Շիրակացի կրթահամալիրի տնօրեն Աշոտ Ալիխանյանը: Հանդիպումը կազմակերպվել էր ճեմարանի հոբելյանական՝ 25-րդ ուսումնական տարվա կապակցությամբ:

Հանդիպման բացման խոսքը տնօրենինն էր, ով իր աշխատակիցների հետ  ներկայացրեց այս ամբողջ 25 տարվա ընթացքում իրենց ունեցած ձեռքբերումներն ու ճեմարանի առանձնահատկությունները: «30 տարի առաջ՝ 1985 թվականին, մտել եմ այս շենք  ու էլ դուրս չեմ եկել այս շենքից,- հենց այս խոսքերով սկսեց տնօրենն իր խոսքը, ապա ներկայացրեց դպրոցի անցած ճանապարհը,- Ռուսաստանում սնկի պես աճում էին օժտվածության ուսումնասիրության գիտակրթական կենտրոնները: Այդ հանգամանքը բավականին հեշտացրեց ճեմարանի ստեղծումը, քանի որ Հայաստանի կառավարությունը դեռ կիսով չափ էր ինքնուրույն: Եվ երբ 1990 թվականի գարնանը նախարարների խորհրդում մեր կողմից ներկայացվեց  կենտրոնի ստեղծման անհրաժեշտությունը, այն շատ արագ կյանքի կոչվեց, և այդպես ստեղծվեց Անանիա Շիրակացու անվան ճեմարանը` որպես շնորհալի երեխաների բացահայտման կենտրոն: Այսօր, երբ մենք ամփոփում ենք քառորդ դարի մեր գոյությունը, ներողություն խնդրելով անհամեստության համար՝ ուզում եմ զեկուցել մեր հանրությանը, որ ճեմարանը ոչ մի օր և ոչ մի վայրկյան չի շեղվել իր ուղեծրից՝ անգամ ամենաանելանելի վիճակներում»:

Երևանի Անանիա Շիրակացու անվան ճեմարանը 2010թ. «Մայքրոսոֆթ» կազմակերպության համաշխարհային գրասենյակի կողմից  ճանաչվել է որպես աշխարհի 56 ամենաառաջատար և նորարար դպրոցներից մեկը: Իսկ վերջերս՝ 2013 և 2014 թթ., ճեմարանն ունեցել է իր ամենանշանակալի ձեռքբերումը՝ Միջազգային բակալավրիատ կազմակերպության կողմից հավաստագրվելով բոլոր երեք՝ կրտսեր, միջին և ավագ դպրոցների ծրագրերով, դարձել է Հայաստանում Միջազգային բակալավրիատի (անգլ.՝ International Baccalaureate, IB) առաջին ամբողջական կրթահամալիրը: Ի դեպ, այսօր աշխարհի 144 երկրներում գործող Միջազգային բակալավրիատի 5000-ից ավելի դպրոցներից ընդամենը 6 %-ն է միաժամանակ իրականացնում բոլոր 3 ծրագրերը: Տեղեկացնենք, որ Միջազգային բակալավրիատն այսօր արդեն իր մեջ ընդգրկում է ավելի քան 146 երկրների 3668 դպրոցներ և իրավացիորեն միջազգային ճանաչում ունեցող հանրակրթական ամենահայտնի համակարգն է, որի ավարտական վկայականը հնարավորություն է տալիս առանց լրացուցիչ քննությունների ընդունվել աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ:

«Մենք հիմա, կարելի է ասել, որ հասել ենք բարձունքին Միջազգային չափանիշերում, և սրանից բարձր այլևս որևէ բարձունք գոյություն չունի: Բայց, իհարկե, սխալ է այդպես մտածելը ճեմարանի համար, որովհետև մենք միշտ ձգտել ենք առաջին հերթին՝ ունենալ իսկական քաղաքացի, և գուցե երկրորդ հերթին՝ ուշադրություն ենք դարձրել հիմնական ակադեմիական գիտելիքների վրա: Ինչո՞ւ եմ ասում՝ երկրորդ հերթին, քանի որ դրանք շատ բարձր էին, և մենք հատուկ ենք երեխաներին ընտրում ու երբևիցե այդպիսի պրոբլեմներ չենք ունեցել, հատկապես, որ մեր՝ Հայաստանի կրթական ծրագրերը շատ ուժեղ են, կրթական չափորոշիչներն առավելևս ուժեղ են, պարզապես դրանք ոչ մեկը չի կատարում, իսկ մեր ճեմարանում դրանք կատարվում են, և եթե դրանք կատարես՝ անհնար է չհասնել ամենաբարձր մակարդակին: Մեր ճեմարանի դեպքում՝ մենք վերցրել ենք այդ կրթական չափորոշիչները»,- ասում է Աշոտ Ալիխանյանը:

Խոսելով ճեմարանի խնդիրների մասին՝ տնօրենը հայտնեց նաև, որ իրենք ամեն ինչ անում են իրենց ուժերով, ու պետությունից ստացած չնչին գումարները չեն բավականացնում ճեմարանի ծախսերը հոգալու համար, հատկապես այն դեպքում, երբ կիսաքանդված մասնաշենքերն այսօր իսկապես վերանորոգման կարիք ունեն: «Մեր խնդիրները հիմնականում ֆինանսական են, թեև դրա մասին մեր աշխատակազմին ամեն օր չենք ասում, որովհետև ֆինանսների մասին շատ խոսելը բերում է հիասթափությունների: Մենք այն օրից, ինչ ստեղծվել ենք, պետությունից, բացի ուսումնական վարձի համար տրված այդ չնչին գումարից, որը կազմում է մեր ամբողջ ֆինանսական բյուջեի մոտ 40 %-ը, երբևէ գումար չենք ստացել շինարարական, կապիտալ ներդրումների համար: Մենք չենք ունեցել նույնիսկ հովանավորներ, 1-2-ը եղել են, որոնց անունները չարժի էլ տալ, քանի որ այնքան չնչին են եղել գումարները, որ ամոթ է խոսել նույնիսկ դրա մասին: Մենք ամեն ինչ անում ենք մեր ուժերով: Այսօր 3 վարկեր ենք վերցրել բանկից, և զարմանալին այն է, որ մեր բանկերն այդ վարկերը մեզ տրամադրելիս՝ նույն տոկոսադրույքով են տրամադրում, ինչպես տրամադրում են խաղատներ կամ հյուրանոցներ կառուցելու համար. ցավոք, դպրոցը ոչ մի արտոնություն չունի Հայաստանում: Երբ ես արտասահմանում պատմում եմ, որ մենք վարկը տոկոսներով ենք վերցնում՝ չեն հավատում, ասում են՝ ինչպե՞ս, բա համայնքը ո՞ւր է, բա, պետությունն ո՞ւր է»:

ԱՄԱԼԻ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս