Շագանակագեղձի քաղցկեղի բուժման նոր այլընտրանք
Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայի գիտնականները մշակել են իմունային թերապիա:
Բակտերիալ տոքսիկ նյութ, որն արտազատվում է շագանակագեղձի քաղցկեղային բջիջներում և քայքայում դրանք ներսից. ահա բուժման այս հայեցակարգն է այժմ մշակվում Ֆրայբուգի համալսարանական կլինիկայի գիտնականների կողմից: Այս մեթոդով ապագայում նախատեսվում է բուժել բավական խորացած շագանակագեղձի քաղցկեղով հիվանդների: Վերջիններիս համար դեռևս նախատեսված չէ ապաքինում խոստացող որևէ հատուկ բուժման տարբերակ: Այս նպատակով Օնկոլոգիական Հիվանդներին Օգնություն Ցուցաբերող Գերմանական Կազմակերպությունը գիտնականների հետազոտությունների համար տրամադրել է 352.000 եվրո:
Տարեկան միայն Գերմանիայում շագանակագղձի քաղցկեղով հիվանդանում է 70.000 մարդ: Եթե նախնական շրջանում քաղցկեղի բուժման հնարավորությունները բավական մեծ են, ապա դրանք կտրուկ նվազում են քաղցկեղն ուշ հայտնաբերելու դեպքում: Եթե քաղցկեղի բջիջներն արդեն տարածված են օրգանիզմում, ապա հիվանդի կյանքի տևողության սպասումները զգալի անկում են ապրում:
Բուժման արդյունավետությանն ապագայում կարող է նպաստել իմունային տոքսինը, որի վրա աշխատում են Ֆրայբուրգի համալսարանական Կլինիկայի պրիվատդոցենտ դոկտոր Ֆիլիպ Վոլֆը և նրա թիմը:
Իմունային տոքսինը մոլեկուլ է, որը որպես կանոն բաղկացած է երկու մասից. կոմպոնենտներից մեկն իր մեջ պարունակում է տոքսիկ նյութ, իսկ մյուսում ներառված է հակամարմին: Վերջիններս ճանաչում են նպատակային բջիջների կոնկրետ մակերեսային մոլեկուլներին և ղեկավարում ու ուղղորդում տոքսիկ նյութն այնտեղ:
«Մեր կողմից կիրառվող հակամարմինները իդենտիֆիկացնում են այսպես կոչված պրոստատային բնորոշ մեմբրանային անտիգենը (PSMA) պրոստատայի քաղցկեղային բջիջներում», – նշում է Վոլֆը: Մեզ համար որպես տոքսին է ծառայում Pseudomonas aeruginosa բակտերիայի Էքզոտոքսին Ա-ն (Exotoxin A): Վերջինս բջիջներ ներխուժելուց հետո դրսևորում է բջիջների նյութափոխանակությունը ընկճող հատկություն և դրանով իսկ հասնում այդ բջիջների ոչնչացմանը:
Ֆրայբուրգի գիտնական-հետազոտողներն այս ամենը սխեմատիկ նկարագրում են հետևյալ կերպ. մտնելով օրգանիզմ` իմունային տոքսինը նպատակասլաց կերպով փնտրում է շագանակագեղձի քաղցկեղային բջիջներ, ճեղքում մեմբրանը և արտազատում տոքսիկ նյութն այդ բջիջների ներսում: Արդյունքում ոչնչանում է քաղցկեղի բջիջը:
Տվյալ մարտավարությունն արդեն իսկ իրեն արդարացրել է սրվակում կատարված փորձերի արդյունքում: Այժմ գիտնականները ձգտում են կատարելագործել իրենց հայեցակարգը այնպես, որ իմունային տոքսինը սկսի առանց որևէ խոչնդոտի կիրառվել նաև կլինիկական պրակտիկ բուժման մեջ:
«Մի կողմից պետք է վստահ լինենք, որ իմունային տոքսինը հիվանդի իմունային համակարգի կողմից չի ընկալվի որպես վնասակար ներթափանցող նյութ: Չէ որ այդ դեպքում այն կչեզոքացվի, իսկ ազդեցությունը կվերանա: Բացի այդ մենք ցանկանում ենք կրճատել կողմնակի ազդեցությունները` հասցնելով դրանք նվազագույնի», – կարծում է Վոլֆը:
Քիմիոթերապիային զուգահեռ իմունային տոքսինները դառնում են առավել արդյունավետ: Գիտնականներն ուսումնասիրում են նաև այս ասպեկտը: Շագանակագեղձի քաղցկեղի հատկապես ուշացած և խորացված փուլերում համակցված թերապիայի այս ձևը կարող է դառնալ ամենաարդյունավետը:
«Շագանակագեղձի քաղցկեղը տղամարդկանց մոտ հանդիպող ամենատարածված ուռուցքի տեսակն է: Այս հիվանդության դեմ պայքարելու համար նոր և նորարարական բուժման տարբերակներ փնտրելն ու մշակելը, հատկապես խորացած դեպքերի համար, Օնկոլոգիական Հիվանդներին Օգնություն Ցուցաբերող Գերմանական Կազմակերպության և մեր կողմից առաջադրված ծրագրի առաջնային խնդիրներից է»,- շեշտում է Օնկոլոգիական հիվանդներին օգնություն ցուցաբերող գերմանական Կազմակերպության գլխավոր տնօրեն Գերդ Նետտեկովենը: