«Չեմ մասնակցել Ավարայրի ճակատամարտին». քաղաքաշինության նախարար
Լրագրողներն այսօր ՀՀ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե զբոսաշրջիկներին գոնե մոտ 100 տարվա հայկական ճարտարապետությանը բնորոշ առանձնահատկություններով ի՞նչ շենք կարող է ցույց տալ՝ հաշվի առնելով, որ Երևանը հնագույն մայրաքաղաքներից է և հայկական արմատներ կան հունական ճարտարապետության և այլ նշումներում:
Պատասխանելով հարցին՝ Նարեկ Սարգսյանն ասաց. «Գիտե՞ք, Հայաստանի պատմության 2800 տարվա համար, հույս ունեմ, որ այդտեղ էլ պետք է ինձ շատ չմեղադրեք, որովհետև ես իրապես չեմ մասնակցել ոչ Ավարայրի ճակատամարտին, ոչ . Սարդարապատի կամ այլ ճակատամարտերին: Հավատացեք, փաստաթղթեր ունեմ այդ ուղղությամբ, որ չեմ մասնակցել: Հասկանում եք՝ ինչու է դժվար պատասխանել ձեր հարցին, որովհետև դուք հարց չեք տալիս, միանգամից մեղադրում եք»:
Նարեկ Սարգսյանի խոսքով՝ սխալ ճանապարհ է, երբ բազմաթիվ անգամ խոսվում է մեր քաղաքի պատմության և նրա ճարտարապետական հրաշքների վերաբերյալ. «Մենք պետք է անկեղծ լինենք և ասենք այն մասին, որ Երևանը մինչև Ալեքսանդր Թամանյանի այստեղ գալը, գավառային քաղաք էր, ռուսական իմպերիայի քաղաքներից մեկն էր, և ընդամենը 1852թ, սկսած, երբ մի փոքր սկսեցին կանոնավոր տեսք տալ և քաղաքում ձևավորել նրա հիմնական փողոցները՝ Աստաֆյանը, մյուսը, մյուսը, և ծնվեցին այդ քաղաքային շենքերը՝ այսպես ասեմ, ռուսական շրջանի սև տուֆից կառուցված շենքերը: Եվ դրանից առաջ պարսական շրջանի քաղաք էր՝ փոշոտ այգիներով և ին- որ հատուկ ճարտարապետական արժեք չի ունեցել: Եվ ամոթ չէ ասել, որ չի ունեցել: Պետք չէ անպայման բոլոր էջերը հերոսացնել նախորդ տարիների»: Միևնույն ժամանակ, նա սաց, որ հայկական ճարտարապետությունից ազդեցություններ եղել են, կան նման շենքներ մեր հարևան և այլ երկրներում: «Եթե ունենք այդ շենքերը, ցույց կտանք: Եթե չունենք, չունենք»,- ասաց նա: Նարեկ Սարգսյանը մատնանշեց մի քանի նման շենքեր: