Հետազոտություն «սեպտեմբերի 3-ի» մասին. Սերժ Սարգսյանը լուծել է նաև ռեժիմի անվտանգության խնդիրը

Մաքսային միությանը միանալու և Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) կազմավորմանը մասնակցելու մասին 2013 թ. սեպտեմբերի 3-ի հայտնի որոշումը վերջին տարիներին Հայաստանում կուտակված խորքային և կառուցվածքային հիմնախնդիրների հետևանք էր:

Ահա այս եզրակացությանն է եկել Հայաստանի ամերիկյան համալսարանի Քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների բաժնի հետազոտական խումբը, որն այսօր համալսարանում ներկայացրեց իր ուսումնասիրությունը` ԵՏՄ-ին միանալու Հայաստանի որոշման պատճառների վերաբերյալ: Նշենք, որ ուսումնասիրությունն իրականացվել է Նորվեգական միջազգային հետազոտությունների կողմից իրականացվող ծրագրի շրջանակում:

«Հիմնական փաստարկները, որ բերված են այս աշխատանքում, ցույց են տալիս, որ «սեպտեմբերի 3-ը» նախկինում տեղի ունեցած գործընթացների, ինստիտուցիոնալ բացթողումների, շատ դանդաղ տնտեսական առաջընթացի հետևանք էր»,- ասաց հետազոտական խմբի ղեկավար, պատմագիտության թեկնածու Վահրամ Տեր-Մաթևոսյանը:

Ըստ նրա` «սեպտեմբերի 3-ի» որոշումն, այսպես ասած, «անվտանգայնացվել է», իսկ երբ որևէ քայլ «անվտանգայնացվում է», այդ դեպքում իշխանությունը որոշումը կայացնում է` առանց հանրության հետ խորհրդակցության, ինչն էլ տեղի ունեցավ այս պարագայում. «Երբ որոշումը հասնում է ամենաբարձր մակարդակին, և դա անվտանգայնացման մակարդակն է, դա ընդունվում է որպես անքննելի խնդիր»:

Կարդացեք նաև

Թեև որպես գլխավոր պատճառներից մեկը` իշխանությունը խաղարկել է պետության անվտանգության հարցը, իրականում դա, ըստ հետազոտողների, ներառում է նաև իշխող ռեժիմի անվտանգության խնդիրը:

Ուսումնասիրության մեջ բերված պատճառները, որոնք ազդել են «սեպտեմբերի 3-ի» որոշման վրա, բազմաթիվ են: Օրինակ, իշխանությունը, հրաժարվելով Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրման դեպքում Եվրամիության (ԵՄ) ազատ առևրի գոտուց երկարաժամկետ հեռանկարում օգուտներ ստանալուց, գնաց ԵՏՄ-ում կարճաժամկետ հեռանկարում օգուտներ ստանալու ճանապարհով. «Հայաստանի իշխանություններին հարկավոր է էապես փոխել երկրի սոցիալ-տնտեսական զարգացման մոդելը, և ԵՏՄ-ն, իրենց կարծիքով, տալիս է այդ հնարավորությունը, որովհետև բոլոր հաշվարկները ցույց են տալիս, որ ԵՄ-ի հետ համագործակցության խորացման պարագայում հեշտ չէր լինի շուտափույթ նվազեցնել 32 տոկոսանոց աղքատությունը, մինչդեռ այս պարագայում իշխանությունները գնացին կարճաժամկետ և տեսանելի օգուտների ետևից»:

Մեկ այլ կարևոր գործոն է հայկական սփյուռքը, հատկապես` Ռուսաստանում հայկական համայնքը, որովհետև իշխանությունները «սեպտեմբերի 3-ից» հետո պատճառաբանեցին, որ եթե Հայաստանը հրաժարվեր միանալ ԵՏՄ-ին, Հայաստանի շուրջ 60 հազար քաղաքացիներ կարտաքսվեին Ռուսաստանից, ևս  500 հազարն էլ արդեն կանգնած էին նոր հաստատվող միգրացիոն ռեժիմը խախտելու վտանգի առաջ: Եվ սա, ըստ հետազոտական խմբի, ևս մտնում է «ռեժիմի անվտանգության» խնդրի մեջ:

Իսկ Հայաստանի համար այլընտրանքի բացակայության գործոնը, որը նույնպես շահարկվել է իշխանության և «ոչ իշխանության» կողմից`ԵՏՄ-ին կողմ լինելու իրենց դիրքորոշումը բացատրելու համար, խմբի անդամ Նարեկ Մկրտչյանի խոսքով` մերժվել է ուսումնասիրության մեջ: Որպես վառ օրինակ` նա մատնանշեց այն փաստը, որ Հայաստանը «Գազպրոմի» հետ կնքված գազային պայմանագրով Ռուսաստանին է հանձնել Հայաստանի տարածաշրջանային հետագա էներգետիկ նախագծերին մաս կազմելու հնարավորության որոշման իրավունքը` այդպիսով իրեն զրկելով էներգակիրների տարանցման երկիր դառնալու և «մետաքսի նոր ճանապարհին» միանալու փայլուն հեռանկարից:

Պատմաբան Վ. Տեր-Մաթևոսյանը մեր խնդրանքով մեկնաբանեց նաև հարցը, թե որքանով է ընդհանրապես իրատեսական ԵՏՄ-ի կայացումը:

Ըստ նրա` այդ հարցի շուրջ ներկայիս քննարկումները հիշեցնում են Խորհրդային միության ձևավորման գործընթացը, և այն ժամանակ էլ ոչ ոք չէր հավատում, որ Խորհրդային միությունը կարող է դառնալ այն հզոր երկիրը, որ դարձավ տասնամյակներ անց: Իհարկե, պատմաբանը կեսկատակ-կեսլուրջ նկատեց, որ անձամբ ինքն այդքան էլ չէր ուզենա, որ ԵՏՄ-ն զուգահեռվի այդ առումով, սակայն շատ բան կախված է նրանից, թե Ռուսաստանը որ ուղղությամբ կտանի այդ նախագիծը, և կվերածվի արդյոք ԵՏՄ-ն աշխարհաքաղաքական նախագծի, թե ոչ:

«Ռուսաստանն ինչպես եղել է էնիգմատիկ երկիր, այնպես էլ կշարունակի մնալ, Ռուսաստանն ինչպես շարունակել է արագորեն մեկ ուղղությունից շեղվել դեպի մեկ այլ ուղղություն, այնպես կշարունակի անել»,- ասաց նա` միաժամանակ վկայակոչելով գրեթե բոլոր վերլուծաբանների գնահատականները, ովքեր մոտալուտ մահ են կանխատեսում ԵՏՄ-ի համար:

Վ. Տեր-Մաթևոսյանն ընդգծում է` անկախ նրանից, թե ինչ ապագա է սպասվում ԵՏՄ-ին, շատ բան կախված է Հայաստանի իշխանություններից, թե արդյոք նրանք կպաշտպանե՞ն կամ կկարողանա՞ն պաշտպանել Հայաստանի ազգային-պետական շահերը և ինչպե՞ս կկառուցեն Ռուսաստանի հետ հարաբերությունները, որովհետև այսօր դրանք էականորեն տարբերվում են 1990-ական և 2000-ական թթ. հարաբերություններից` բացասական իմաստով:

Օրինակ, Ռուսաստանից ինչ-որ բան «կորզելու» համար շատ լավ հնարավորություն էր ռուս-բելառուսական վերջին հակասությունը, սակայն Հայաստանն այս դեպքում էլ, ինչպես նշեց խմբի ղեկավարը, շարունակում է մնալ հանդիսատեսի դերում:

Չնայած, մյուս կողմից, փորձագետը ներքին տպավորություն ունի, որ Հայաստանը ինչ-ինչ պատճառներով առնվազն հունվարի 1-ից չի դառնա ԵՏՄ անդամ. դա կարող է լինել շատ ավելի ուշ:

«Հատկապես վերջին օրերին տեղի ունեցածը փորձություն է այն քաղաքական ուժերի համար, որոնք կողմ են ԵՏՄ-ին: Տեղի ունեցածը նրանց համար պետք է լինի ազդակ, որպեսզի վերանայեն իրենց անվերապահ, անշրջելի աջակցությունը ԵՏՄ-ին: Նույնիսկ առանց ԵՏՄ-ին անդամակցելու մեր տնտեսության կախվածությունը Ռուսաստանից չափազանց մեծ է: Նույնը 2008-2009 թթ. տեղի ունեցավ, բայց այս կախվածությունն իր հերթին պետք է մեզ հնարավորություն տա, որպեսզի ԵՄ-ի հետ բանակցային այնպիսի օրակարգ ստեղծենք, որը նախևառաջ բխի մեր շահերից»,- ավելացրեց նա:

Վերադառնալով «անվտանգայնացման» հարցին` նա ասաց, որ ընդհանրապես անվտանգության խնդիրը Հայաստանում չափազանց պրիմիտիվացվել և բացարձականացվել, մինչդեռ դրա փոխարեն իշխանությունները պետք է զարգացման ծրագիր առաջարկեն:

«Քաղաքականության մեջ գերակա արժեքներ են ազատությունն ու ինքնիշխանությունը, որոնց շուրջ բանակցելն անընդունելի է,- շեշտեց Վահրամ Տեր-Մաթևոսյանը` հիշեցնելով Բենջամին Ֆրանկլինի հայտնի խոսքերը. «Նա, ով կզիջի թեկուզ փոքրիկ ազատություն`հանուն անվտանգության, արդյունքում կզրկվի թե՛ մեկից, թե՛ մյուսից»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս