
Օբաման ստորագրել է Ուկրաինայի աջակցության մասին օրենքը

ZN.UA-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ստորագրել է «Ուկրաինայի ազատության աջակցման» օրենքը, որը հնարավորություն է տալիս նոր պատժամիջոցներ սահմանել ռուսական պետական կորպորացիաների հանդեպ և սպառազինություն մատակարարել Ուկրաինային: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին:
Օրենքը մասնավորապես նախատեսում է Ուկրաինային հատկացնել ռազմական տեխնիկա ու ծառայություններ, այդ թվում նաև հակատանկային սպառազինություն, ռադարային համակարգեր՝ հրետանու դեմ պայքարելու համար, տակտիկական հետախուզական ԱԹՍ-եր, պաշտպանված կապի միջոցներ, ինչպես նաև ուկրաինացի զինվորականներին օգնել ուսուցման հարցում:
Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ն Ուկրաինային կհատկացնի 350 միլիոն դոլարի ռազմական օգնություն, որից 100 միլիոն դոլարը կհատկացվի 2015 թվական ֆինանսական տարում, իսկ 125-ական միլիոն դոլարը՝ 2016 և 2017 թվականներին:
ԱՄՆ-ն Ուկրաինայի էներգոարդյունավետության բարձրացման համար կհատկացնի 50 միլիոն դոլար, իսկ քաղաքացիական հասարակության, անկախ ԶԼՄ-ների զարգացման ու կոռուպցիայի դեմ պայքարի համար՝ 20 միլիոն դոլար: