
Էրդողանը 2015 թվականի առաջին ամիսներին կայցելի Իրան. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Իրանում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Հանդիպումից հետո կազմակերպված համատեղ մամլո ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկու երկրների համար ամենամեծ սպառնալիքներ են հանդիսանում ահաբեկչական կազմակերպությունները և մասնավորապես «Իսլամական պետությունը»:
Չավուշօղլուն մանրամասնել է, որ Սիրիայի ու Իրաքի հարցերից բացի, իր իրանցի գործընկեր Զարիֆի հետ քննարկել է երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցը, գնահատականներ են տրվել այդ հարաբերությունների բոլոր կողմերին:
Նկատելով, որ նախորդ տարի մի փոքր անկում է ապրել Թուրքիայի ու Իրանի միջև ապրանքաշրջանառության ծավալը՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ երկու երկրների ղեկավարները նպատակադրվել են ապրանքաշրջանառության ծավալը հասցնել մինչև 30 միլիարդ դոլարի:
Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը 2015 թվականի առաջին ամիսներին պլանավորում է այցելել Իրան և մասնակցել Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստին: Չավուշօղլուն հիշեցրել է, որ դեկտեմբերի 25-ին Անկարա է ժամանելու Իրաքի վարչապետ Հայդար ալ-Աբադին՝ մասնակցելու համար Բարձր մակարդակի համագործակցության խորհրդի նիստի աշխատանքներին: