Գազի սակագինը կարելի է նվազեցնել. Միքայել Մելքումյան
Գազի սակագնի իջեցման հնարավորություն կա, թեկուզ քիչ, բայց կարելի է նվազեցնել: Նման տեսակետ 168.am-ի հետ զրուցում հայտնեց գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը և նշեց, որ մատակարար ընկերության շահութաբերությունը 10% է, ծախսերի օպտիմալացման և այլ մի շարք հնարավորություններ կան:
«Միանշանակ, թեկուզ փոքր տոկոսով, բայց կարելի է գինն իջեցնել: Ռեզերվ կա, բայց թե ինչից դա պետք է ձևավորվի, որ սպառողը չտուժի, բիզնեսն արդյունավետ լինի ու ընկերությունը չտուժի… Ինչո՞ւ պետք է քաղաքացուն էդ գնով հասներ գազը: Հազվադեպ է, որ սահմանին լինի մի գին ու քաղաքացու հասնի շատ ավելի թանկ»,- ասաց նա՝ հիշեցնելով, որ այսօր սահմանին ընկերությունը գնում է գազի 1000 խմ-ը 189 դոլարով, քաղաքացուն վաճառում 393 դոլարով:
Նա նշեց, որ հանձնաժողովն ուսումնասիրել է գազի հետ կապված 4 խումբ հարցեր՝ կալորիականություն, ընկերության 20%-ի մասնավորեցման ու 300 մլն դոլար պարտքի օրինականություն, ՀՀ-ի՝ որպես տրանզիտային երկրի հնարավորությունները և սակագնի ձևավորման ու դրա ազդեցությունը էլեկտրաէներգիայի գների վրա. «Բավականին ծավալուն նյութ է ուսումնասիրվել: Առաջին 3 հարցերի քննությունն ավարտված է, 4-րդն էլ գրեթե ավարտված է, բայց այնտեղ լուրջ հարցեր կան կորուստների չափի հետ կապված, որ 5.37% է նշված, որը սակագնի մեջ է ներառված, բայց իրականում կորուստները եղել են ավելի շատ, որը հարկման բազան է նվազեցնում: Ներդրումների արդյունավետության հետ հարց կա, որ գազաֆիկացրել է շատ գյուղական համայնքներ, բայց սպառումը պակասել է, ամորտիզացիայի հաշվարկի հետ կապված լուրջ խնդիր կա, որ ծախսերի մեջ նստել է, սակագնի վրա ազզդել է, գնումների, գազապահեստարանի շահագործման, աշխատողների հետ կապված խնդիրներ կան»:
Ըստ նրա՝ այժմ երկու տեսակետ կա՝ իշխանական՝ շարունակել ուսունասիրությունն ու 4-րդ խմբի հարցերի համար ևս մի նստաշրջան կամ որոշ ժամկետ սահմանել և մյուսը՝ ավարտել, որովհետև հանձնաժողովը քաղաքական գնահատական է տալիս: