Դանիել Իոանիսյան. «Մենք չգիտենք՝ երբվանից է ՀՀ-ն անդամակցելու ԵՏՄ-ին… Սա մեծ խայտառակություն է»

«Ղազախստանի Մեջլիսի կայքից յուրաքանչյուրը կարող է համոզվել, որ ԵՏՄ-ի պայմանագրին միանալու ՀՀ պայմանագիրը դեռ չի ներկայացվել խորհրդարանին: Դատելով ընթացակարգերից, որ սկզբում պետք է Մեջլիսը վավերացնի, հետո՝ Սենատը, իրոք, արդարացի են այն դիտարկումները, որ այս տարի դա արդեն տեղի չի ունենա: Իսկ ԵՏՄ պայմանագրին ՀՀ-ի միանալու պայմանագրի ամբողջ տրամաբանությունը հիմնված է նրա վրա, որ անդամակցությունը տեղի է ունենում հունվարի 1-ից: Հիմա այդ ամբողջ տրամաբանությունը խախտվում է, առաջանում են տասնյակ իրավական հակասություններ, անհասկանալի իրավիճակեր և այլն: Նաև խախտվում է ԵՏՄ մայր պայմանագրի 105-րդ հոդվածը»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոանիսյանը:

Այնուամենայնիվ, ըստ նրա, եթե պայմանագիրը վավերացվում է հունվարի 1-ից հետո, միևնույնն է՝ ՀՀ-ն դառնում է ԵՏՄ անդամ: Հարցին, թե հունվարի մեկից հետո վավերացնելու դեպքում, իրավաբանական նոր ձևակերպումների անհրաժեշտություն չի՞ առաջանում, Դ.Իոնիսյանը պատասխանեց, որ հնարավոր է՝ այդ դեպքում պայմանագիրը պետք է փոխել, նորից ստորագրել ու այդ դեպքում կվերադառնանք հոկտեմբերի 10-ին եղած իրավիճակին, բայց դժվար թե, որովհետև այս երկրներում այդքան էլ չեն կարևորում իրավական ճիշտ ձևակերպումները:

«Այստեղ հետևյալ խնդիրը կա. մենք չգիտենք, թե երբվանից է ՀՀ-ն անդամակցելու ԵՏՄ-ին: Հունվարից սկսած՝ մենք և առաջին հերթին ներմուծողները, չենք իմանալու, թե հաջորդ շաբաթ ՀՀ-ն կլինի՞ ԵՏՄ անդամ, թե՞ չէ: Նստած սպասելու ենք, թե Ղազախստանի խորհրդարանը երբ է վավերացնելու: Իսկ Ղազախստանի խորհրդարանը կարող է վավերացնել հունվարի 15-ին, փետրվարի 25-ին կամ ապրիլի 30-ին, ու բոլոր տնտեսվարողները ասեղի վրա են նստած լինելու՝ չիմանալով, թե հաջորդ շաբաթ ինչ մաքսադրույքաչափեր են լինելու: Ցանկացած օր, երբ Ղազախստանի վերին պալատը վավերացրեց, դիվանագիտական նոտան ուղարկեցին, հաջորդ օրվանից մենք դառնում ենք ԵՏՄ անդամ: Այսինքն, ըստ էության, բիզնես միջավայրը դառնում է շատ խիստ անկանխատեսելի: Հիմա, երբ մաքսադրույքաչափերը կանխատեսելի են 1-2 ամսով, գործարարները գիտեն՝ ինչպես կազմակեպել իրենց բիզնեսը, ապա այս դեպքում չեն իմանա մի քանի օր հետո ինչ դրույքաչափեր են լինելու: Սա մեծ խայտառակություն է և մեր խորհրդարանը, եթե անգամ վավերացնում էր, գոնե պետք է սպասեր մինչև մյուսները կվավերացնեն, հետո գնար այդ քայլին»,- ասաց նա:

Դ.Իոանիսյանի խոսքով՝ այստեղ նաև Բելառուսի խնդիրը կա, որը սկսել է գործընթացներ, որոնք ասոցացվում են ԵՏՄ-ից դուրս գալու հետ, մասնավորապես, մաքսակետեր են դրվել սահմանին, ինչն այս պարագայում անհասկանալի է՝ կվավերացնի՞, չի՞ վավերացնի. «Ստեղծված իրավիճակում նստելու ենք թախտին, սպասելու ենք բախտին: Անորոշ ժամանակահատված է, բիզնես միջավայրը դառնալու է շատ խիստ անկանխատեսելի»:

 

Տեսանյութեր

Լրահոս