«Ամենալրջագույն խնդիրը մնում է քրեական արդարադատության ոլորտում»

2013թ. դեկտեմբերի 9-ին ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հրապարակեց արտահերթ զեկույց արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ: Զեկույցում անցկացրած հարցումների արդյունքներով ներկայացվել էին դատական համակարգում առկա կոռուպցիոն մեխանիզմները, դատական կաշառքի սակագներն ընդհանուր իրավասության, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում: Զեկույցում նշվում էր այն մասին, որ հարցումները վկայում են` Վճռաբեկ դատարանում ձևավորված է դատավորներին ճնշելու, նրանց ենթարկեցնելու «մի հանցավոր, բայց շատ գործուն համակարգ». ըստ ՄԻՊ-ի՝ ձևավորված է Վճռաբեկ դատարան «զոնալ դատավորների» ինստիտուտը. դա նշանակում է, որ Վճռաբեկ դատարանի առանձին դատավորներ ունեն իրենց կցված և իրենց վերահսկողությանը ենթակա դատավորներ, որոնց հետ նրանք պետք է համաձայնեցնեն դատական գործերը:

Արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ զեկույցում կոնկրետ օրինակներով ներկայացված էին խախտումներ և երկակի ստանդարտներ Արդարադատության խորհրդում և Վճռաբեկ դատարանում: Զեկույցը մեծ աղմուկ բարձրացրեց և, իհարկե, արժանացավ քննադատության դատական դեպարտամենտի կողմից:

Երեկ Կ. Անդրեասյանից հետաքրքրվեցինք՝ արդյոք, իր կարծիքով, զեկույցն ազդեցություն ունեցե՞լ է, որևէ բան փոխվե՞լ է դատական համակարգում: Ի պատասխան` նա ասաց, որ զեկույցը մեծ ազդեցություն է թողել, մարդկանց գիտակցության մեջ շատ բան է փոխել: «Նաև փոխել է դատական համակարգում: Ես կարող եմ ասել՝ այսօր քաղաքացիական, վարչական և տնտեսական գործերով էական առաջընթաց կա հենց այն պրոբլեմների մասով, որոնք մենք բարձրաձայնում էինք, իսկ ամենալրջագույն խնդիրը դեռ մնում է քրեական արդարադատության ոլորտում, որտեղ թե՛ Դատախազության, թե՛ քրեական գործերով դատաքննությունների հետ կապված` մենք դեռ ունենք լուրջ մտահոգություններ»:

Արձագանքելով ՄԻՊ արտահերթ զեկույցին՝ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը Կ. Անդրեասյանին ուղղված նամակում նշել էր, որ բարձրացված հարցերը, ներկայացված ուսումնասիրությունները և եզրահանգումները «լուրջ մտահոգության տեղիք են տալիս»:

Կարդացեք նաև

Դատախազը նշել էր, որ Գլխավոր դատախազությունը պատրաստակամ է քրեական գործ հարուցել օրենսդրությամբ նախատեսված առիթների և հիմքերի առկայության դեպքում.

«Այս կապակցությամբ անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ Գլխավոր դատախազություն ներկայացվի Ձեր զեկույցում արված եզրահանգումների հիմքում դրված առնվազն մեկ փաստ, որը կարող է քրեական գործի հարուցման համար բավարար հիմք հանդիսանալ»:

Կ. Անդրեասյանից հետաքրքրվեցինք՝ ինքը չներկայացրե՞ց «առնվազն մեկ հիմք», թե՞ Դատախազությունը գործ չհարուցեց: «Գլխավոր դատախազին այդպիսի փաստեր ոչ թե մեկ, այլ 10-15, ես եմ հիշում քաղաքացիների, մարդկանց, ովքեր իրեն հրապարակային որոշակի խնդիրներ ուղարկեցին: Կային մարդիկ, ովքեր ինձ մոտ էին գալիս, ես ուղղորդում էի իրենց Գլխավոր դատախազություն, և կարծում եմ՝ գոնե մեկից մի քանի անգամ ավելի իրենց ներկայացվել է: Թե ի՞նչ են արել՝ Դուք իրենցից կարող եք ճշտել»: Մեր հաջորդ հարցին՝ արդյոք տեղեկություն չունի՞, թե Դատախազությունն ինչ է արել, Կ. Անդրեասյանը պատասխանեց, որ ինքը հետևում է, բայց կուզենար, որպեզի նրանք մեկնաբանեին:

Նախաբանի փոխարեն` զեկույցում Կ.Անդրեասյանը նշել էր. «Եթե Վճռաբեկ դատարանը լիներ վստահելի, ապա Վարդան Պետրոսյանի վթարի, Ավետիք Բուդաղյանի սպանության, «Հարսնաքարում» Վահե Ավետյանի սպանության դեպքերում ամեն քաղաքացի չէր փորձի դառնալ դատավոր, փոխարենը` կսպասեր Հայաստանի դատարանի արդար վճռին: Եթե Վճռաբեկ դատարանն արդար գործեր, ապա Երևանում տրանսպորտի գնի թանկացման, Կոմիտաս 5-ի խնդիրների, Փակ շուկայի ապօրինի շինարարության դադարեցման, Մարցի, Թռչկանի ու այլ վիճելի ՀԷԿ-երի կառուցումը դադարեցնելու, Տիգրան Առաքելյանի պաշտպանության, Լյուքս Ստեփանյանի և այլ զորակոչիկների սպանության բացահայտման, Թեղուտի բնապահպանական խնդրի լուծման համար մարդիկ արդարադատություն չէին փնտրի փողոցներում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս