
Ինտերպոլը դեռ չի պատասխանել Սաակաշվիլու նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու միջնորդությանը. Շոթաձե

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի Գլխավոր դատախազությունն Ինտերպոլի կենտրոնական բյուրոյից դեռ պատասխան չի ստացել երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու կապակցությամբ:
Այս մասին հայտարարել է Վրաստանի գլխավոր դատախազի տեղակալ Իրակլի Շոթաձեն. «Դատախազությունը միջնորդությամբ դիմել է Ինտերպոլին, և մենք դեռ սպասում ենք որոշմանը: Տվյալ փուլում մենք չենք ստացել որևէ պատասխան»:
Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013 թվականի նոյեմբերին՝ երկրի նոր նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու երդմնակալությունից անմիջապես անց, և դրանից հետո այլևս չի վերադարձել հայրենիք: Վրաստանում նրա դեմ հարուցվել են քրեական մի շարք գործեր և հայտարարվել է ներպետական հետախուզում: