Բաժիններ՝

Ի՞նչ էր սա

Ասել, թե Երուսաղեմի պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի «բաց» նամակն անակնկալ էր, չափազանցություն կլինի: Ամենապատիվ պատրիարք հայրը երկու տարում արդեն երկրորդ «բաց» նամակն է հրապարակում համացանցում: Առաջինն իսկապես անակնկալ էր: Անակնկալ ու տարօրինակ: Ընթերցողին, ով ծանոթ չէր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ու Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի վերջին տարիների հարաբերություններին, լայն իմաստով այդ նամակից քիչ բան էր հասկանալի: Փոխարենը` աչք էր ծակում մի հատված:

Նուրհան պատրիարքն Ամենայն Հայոց կաթողիկոսին մեղադրում էր, որ ֆրանսահայ թեմակալ եպիսկոպոսին պատվիրել էր ուշադիր լինել թեմում ծառայության անցած քահանայի նկատմամբ: «Ինչպե՞ս կարելի է եկեղեցու իշխանավորը անտեսել` ի հաշիվ պարզ քահանայի մը»,- զարմանում էր պատրիարքը: Իսկ ա՛յ, երկրորդ նամակը տրամաբանորեն հակառակ է առաջին նամակին:

Պատրիարքության երկու տարին չբոլորած ամենապատիվ հայրն արդեն անձամբ է «անտեսում» Հայ Առաքելական Ս. Եկեղեցու չորս եպիսկոպոսների: Երկրորդ նամակն ընդհանրապես տրամաբանության հետ աղերսներ չունի: «Վստահ եղէք, թե այս տողերը ակամայ թուղթին կհանձնեմ», – գրում է հեղինակը` չնշելով, թե ո՞վ է հարկադրել իրեն հակառակ իր կամքին այս նամակը գրել: Նամակի շարադրանքը 19-րդ դարի թերուս նիհիլիստ (պոետի թարգմանությամբ` ոչնչատեսիլ) ուսանողի գրական փորձի է նման: Անդրանիկ, բայց արդեն վստահաբար ձախողված փորձի: Ամենատարօրինակը պատրիարքական նամակի բառապաշարն է: Այն ամենամեղմ բնութագրմամբ որևէ կերպ վայել չէ մտավորականին, առավել ևս` բարձրաստիճան հոգևորականին: Իսկ իրականում նամակը քրեականի բառամթերքով է ձևակերպված:

Ամենապատիվ հայրն Ամենայն Հայոց կաթողիկոսին մեղադրում է, որ նա անտեսել է ՃԻՇՏԸ («ճիշտ» բառը մեծատառերով գրված է պատրիարքի նամակում, ուշադրություն դարձրեք` խոսքը ճշմարիտի կամ ճշմարտության մասին չէ, այլ` ճշտի` քրեական միջավայրում ընդունված կարգի համաձայն): Պատրիարքը դիմել է Ամենայն Հայոց կաթողիկոսին` առաջարկել երկու հոգևորականի եպիգկոպոս օծել:

Հայ Առաքելական Ս. Եկեղեցում եպիսկոպոս օծելու լիազորություն ունեն բացառապես Ամենայն Հայոց և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսները: Պատրիարքը դիմել է և Ամենայն Հայոց կաթողիկոսից պատասխան ստացել, որ թեկնածուներից մեկի նկատմամբ «վերապահություն կա»: Ա՛յ թե ինչն է զայրացրել ամենապատիվ հորը` նրա առաջարկին վերապահ են մոտենում: Ոչինչ, որ այդ վերապահությունը լիովին կանոնական է: Պատրիարքի նամակին արդեն պատասխանել են այն եպիսկոպոսները, ում արժանապատիվ հայրը «վայրահաչ բերաններ» էր անվանել:

Պատասխան նամակներում սրբազան հայրերը խնամքով շրջանցել էին հենց եպիսկոպոսության թեկնածուի հարցը: Եվ դա ամենևին էլ պատահական չէ: Պատրիարքի նամակից հայտնի դարձավ, որ խոսքը հայր Պարետի մասին է: Իսկ այս հոգևորականի մասին մեր ու սփյուռքի մամուլում հրապարակումներ եղել են, ու նրա անվան հետ կապված ողբերգական ու զազրելի պատմությունները վերաթարմացնելը տխուր հետևանքների կհանգեցնի:

Անհավանական է, բայց պիտի արձանագրենք, որ մեր եկեղեցու նվիրապետական աթոռի գահակալը չի գնահատում ոչ եկեղեցական նվիրապետության բարձր կոչումը` եպիսկոպոսությունը, ոչ էլ պատմական այն աթոռը, որ ինքը ներկայացնում է: Իսկ սա պատմական պարադոքս է, որ երբեք բնորոշ չի եղել մեր եկեղեցուն ու եկեղեցականներին:

Հ.Գ. Ներողություն եմ խնդրում, եթե տեքստս որևէ մեկին վիրավորեց: Ինձ համար բարդ ու դժվար էր այս տեքստը գրելը: Նույնքան բարդ ու դժվար, որքան ամենապատիվ պատրիարք հոր նամակն ընթերցելը: Այդ նամակը միայն երրորդ փորձից կարողացա ավարտել: Երևի այն պատճառով, որ միշտ իդեալականացրել եմ մեր եկեղեցին: Իդեալականացրել ու մտածել, որ հոգևորականը բոլորիցս ավելի պիտի պատասխանատու լինի: Գոնե ես առաջին անգամ եմ ականատես մի իրավիճակի, երբ պատմական աթոռի գահակալը չի գնահատում իր խոսքը: Իսկ հայ հավատացյալը միշտ էլ Մայր Աթոռի հասցեին հնչած վիրավորանքները որակել է չնչին` ինչպես Արարատին նետած քար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս