Ֆիլիպ Դանքոմբ. Մենք հասկանում ենք Հայաստանի դժվարությունները
Այսօր` դեկտեմբերի 9-ը, Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրն է: Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման միջոցառումների ծրագիրը Հայաստանն առաջին անգամ ընդունել է 11 տարի առաջ, երկրորդը` 5 տարի առաջ, և այժմ մշակվել է երրորդ` 2014-2018 թթ. ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը: Թե ի՞նչ ազդեցություն են դրանք ունեցել ՀՀ քաղաքացիների կյանքի որակի վրա, կարող է ասել, թերևս, յուրաքանչյուրը: «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գնահատականով` մեր երկրում լճացում է տեղի ունենում, և տարիներ շարունակ կոռուպցիայի ընկալման համաթվով Հայաստանը գտնվում է նույն հորիզոնականներում: Կոռուպցիայի և միջազգային զարգացումների շուրջ «168 Ժամը» զրուցեց Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/ՍԻԳՄԱ) ներկայացուցիչ Ֆիլիպ Դանքոմբի հետ:
– Պարոն Դանքոմբ, կոռուպցիան ամբողջ աշխարհում լուրջ խնդիր է: Հայաստանում իրադրությանը ծանո՞թ եք, ի՞նչ գնահատականներ ունեք:
– Կոռուպցիան ահագնանում է աշխարհում ու, չնայած դրա դեմ պայքարին, լուրջ խնդիր է շատ երկրներում: Ես Հայաստանի մասին կոնկրետ այդ առումով չեմ կարող խոսել, այստեղ չեմ ապրում, բայց հասկանում եմ, որ միջազգային մակարդակով իրազեկությունը քաղաքացիական հասարակության շրջանակներում բարձրացել է առ այն, որ տեսնում են պաշտոնյաների, առանձին անհատների ճոխ տները, ճոխ ավտոմեքենաները, իսկ թե գումարը որտեղի՞ց է գալիս… Մեծ Բրիտանիայում կատակում ենք, թե ինչ-որ մոլորյալ մորաքույր է մահացել և այդ գումարը կտակել է, և պետք է այդ ամենն այդ հանգամանքով բացատրել: Ես կարծում եմ, որ նման մտահոգություններ հաստատ կլինեն, և կոռուպցիայից վերցվող գումարները քաղաքացիական հասարակությանն օգուտ չեն բերում: Դա ընդհանուր սկզբունքն է:
– Ինչպե՞ս արդյունավետ պայքարել կոռուպցիայի դեմ:
– Քաղաքացիական հասարակությունն ի՞նչ է ակնկալում պետական կառույցներից, խորհրդարան-կառավարություն-աուդիտի մարմին եռանկյունու մեջ ի՞նչ է ակնկալում, և ի՞նչ կարող են անել: Կարող եմ ասել, որ ակնկալիքների և կարողությունների միջև անջրպետը մեծացել է: Իմ փորձը ցույց է տալիս, որ երկու կարևոր ոլորտներ կան` հարկահավաքումը և բյուջետային միջոցների ծախսումը: Այս երկու ոլորտների թափանցիկությունը մեծացնելու կարիք կա, հաշվետվողականությունը մեծացնելու կարիք կա և, իհարկե, օգտակար գործողության գործակիցն է պետք բարձրացնել: Նաև պետք է բյուջետային միջոցների վատնումը պակասեցնել:
Միացյալ Թագավորությունում ասում ենք՝ փողի արժեքավոր ծախսում ապահովել` կոռուպցիայի, խարդախության ռիսկերը նվազագույնի հասցնելով:
– Մասնագետներն ուղիղ կապ են տեսնում կոռուպցիայի և տնտեսությունների զարգացման հարցում: ՏՀԶԿ-ն, ինչպես և մյուս միջազգային կառույցները, կանխատեսում են տնտեսական ակտիվության անկում թե՛ եվրոգոտում, և թե՛ Ռուսաստանում: Արևմուտքի ու Ռուսաստանի հակամարտությունն ո՞ւր կարող է հասցնել:
– Ինձ համար դա խրթին հարց է: Բնականաբար, հարկավոր է հասկանալ այդ առճակատման ազդեցությունը համաշխարհային իրավիճակի վրա: Թե ինչպես է դա ծավալվելու, ես չեմ կարող դրա վերաբերյալ կարծիք հայտնել: Ես միշտ լավատես եմ, բայց այստեղ հիմնական մտահոգությունն այն է, որ Հայաստանում արտաքին գործոնները ոչ թե կարևորվեն, այլ մի կողմ թողնվեն և հիմա ուշադրությունը կենտրոնացվի ֆինանսների կառավարումը բարելավելու վրա: Ինչպես ասացի` դա երևի լավատեսական մոտեցում է, բայց հուսով եմ` նաև իրատեսական է:
– Իրատես լինելով` պետք է նշել, որ միջազգային այս իրադրությունը բավականին ազդում է Հայաստանի վրա: Ի՞նչ լուծում կարող է գտնել Հայաստանը, ներքին ռեսուրսներ տեսնո՞ւմ եք:
– Մենք հասկանում ենք Հայաստանի դժվարությունները: Բայց հավատացեք, միայն դուք չեք, այլ երկրներ ևս կան, որ նմանատիպ խնդիրներ ունեն: Ես կարծում եմ, դա շատ նկատելի է ինձ համար, որ Հայաստանը ստանում է Եվրամիության օժանդակությունը՝ խոշոր գումարներ, ստանում եք Համաշխարհային բանկի օժանդակությունը, ստանում եք ԵՄ անդամ այլ պետությունների օժանդակությունը, GIZ-ի, Սիգմայի օժանդակությունը, և ակհայտ է, որ ցանկություն կա, մտադրություն կա Հայաստանին անհրաժեշտ օժանդակությունը ցուցաբերելու:
Դա, իհարկե, չի նշանակում, որ մենք կարող ենք տնտեսական իրավիճակը բարելավել: Գլոբալ փոփոխություններ են տեղի ունեցել, բայց փաստացի շատ նեղ ոլորտներում, կարծում եմ, գումար կճարվի Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու համար:
– Նավթային ճգնաժամն ինչպե՞ս կավարտվի` ըստ Ձեզ: Ի՞նչ կանխատեսումներ ունեք:
– Ես 1972-ին կայի, երբ ՕՊԵԿ-ը հանկարծ որոշեց կազմակերպել այնպես, որ նավթի գները կտրուկ ազդեցություն ունեցան բրիտանական տնտեսության և աշխարհի մյուս երկրների տնտեսությունների վրա: Նավթի և բենզինի գները կտրուկ բարձրացան, և այդ պատճառով, իհարկե, մենք նավթ արդյունահանեցինք, որն օգնեց մեր տնտեսությանը:
Այսօր նավթի գները նվազել են: Նախկինում, իհարկե, շատ բարձր գներ էին` 110 դոլար` մեկ բարելը, հիմա դա իջել է: Բայց ասեմ, որ ես չեմ տեսել դրա ազդեցությունը գազալցակայաններում և բենզալցակայաններում: Ես համոզված չեմ, թե ով է այստեղ օգուտ քաղում այս գների նվազեցումից, բայց ինձ համար մի բան պարզ է` պետք է միջազգային ինչ-որ մեխանիզմ լինի` գների կայունությունն ապահովելու համար: Շուկան մի մոտեցում է, բայց, օրինակ, նավթի, գազի, այլ հումքի համար կարո՞ղ ենք միայն շուկայի վրա հիմնվել գների առումով: Ես զգուշավոր կլինեի այդ հարցում:
– Դուք համաձայն չե՞ք տեսակետին, որ սա քաղաքական նպատակներ է հետապնդում և ուղղված է Ռուսաստանի դեմ:
– Ես չեմ կարող նման բան ասել: Այս իրավիճակում ես կարծում եմ, որ բոլոր պետություններն ունեն տարակարծություններ, Ուկրաինայի դեպքերը, սառը պատերազմը կար, որի տարիներին մենք հասակ ենք առել: Միշտ քաղաքական ասպեկտը կա, այնպես չէ, որ հատկապես հակառուսական է սա: Ռուսաստանն, իհարկե, շատ կարևոր սուբյեկտ է աշխարհում, համաշխարհային տնտեսության մեջ:
Ընդամենը, կարծում եմ, հարկավոր է, որ բոլորը սովորեն միասին աշխատել, չլինեն այդպիսի առճակատումներ, իրար վրա հարձակումներ: Չգիտեմ` ներկայիս իրադրության լուծումը որն է, ես քաղաքական գործիչ չեմ, բայց կուզենայի, որ ավելի լավ մոտեցում լիներ այս հարցերի շուրջ: Որևէ երկիր չի կարող մեկուսացման մեջ գոյություն ունենալ, պետք է ճանաչի իր հարևաններին և գլոբալ տնտեսությունը: