Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցելը չի նշանակում ձերբազատվել Ադրբեջանի որևէ ոտնձգությունից. Խ.Հարությունյան
«Շատ էական է, որ խորհրդարանում ներկայացված 6 խմբակցություններից 5-ը կողմ քվեարկեցին այս փաստաթղթին, այսինքն՝ սա խոսում է այն մասին, որ քաղաքական հիմնական ուժերը սատարում են այս գործընթացին, և դա իր մեջ ենթադրում է նաև, որ հանրության մի տպավորիչ զանգված աջակցում է Եվրասիական տնտեսական միության անդամակցության այս գործընթացին»,- խոսելով երեկ ԱԺ մեծամասնության կողմից ընդունված ԵՏՄ-ի պայամանգրի ընդունման մասին այսօր նման կարծիք հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանը:
Նա նշեց, որ թեպետ սա տնտեսական միություն է, այդուհանդերձ, Հայաստանի պարագայում այն ունի նախևառաջ անվտանգության հետ կապված կոմպոնենտը: Նրա խոսքով՝ ԵՏՄ-ի ՀՆԱ-ն 2 տրիլիոն դոլար է, այսինքն՝ 10 միլիարդանոց Հայաստանը նրանց համար տնտեսական հետաքրքրություն չի ներկայացնում և չէր էլ կարող ներկայացնել, բայց այդ երկրները շահագրգիռ են Հայաստանի անդամակցությամբ.
«Գնալով այս ճանապարհով՝ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը՝ ի դեմս Հանրապետության նախագահի, արձանագրեց, որ մենք շարունակելու ենք մեր կողմից որդեգրած «և՛-և՛» սկզբունքով գործել: ԵՏՄ-ին զուգահեռ՝ նույն ինտենսիվությամբ սերտացնել տնտեսական հարաբերությունները Եվրամիության հետ»:
Հարցին՝ ինչպե՞ս ենք փորձելու համադրել մեր շահերը և՛ Ռուսաստանի հետ համագորակցության, և՛ միաժամանակ Բրյուսելի հետ, որն, ըստ էության, սանկցիաների հեղինակն է, ՀՀԿ-ական պատգամավորն այսպես պատասխանեց.
«ԵՏՄ-ն միայն Ռուսաստանը չէ: Անշուշտ, այդ հարցադրման մեջ կա իմաստ և մտորելու անհրաժեշտություն: Ես խորապես համոզված եմ, որ որևէ պարագայում թե՛ ԱՄՆ-ը, թե՛ Եվրամիությունը չեն դադարելու սեփական աշխարահատնտեսական ներկայությունը տարածաշրջանում, հետևաբար՝ նաև Հայաստանում ունենալ: Տարածաշրջանն այնքան կարևորություն ունի, որ մեծ շռայլություն կլինի զիջել Հայաստանը իրենց տնտեսական ներկայությունից: Եվ պատահաբար չէ, որ Եվրամիության հանձնակատարները, փորձագետներն այսօր լրջագույնս ուսումնասիրում են Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի ադապտացված, ԵՏՄ-ին չհակասող փաստաթուղթը»:
Հարցին էլ՝ կպարզաբանե՞ք՝ անվտանգություն ասելով՝ ի՞նչ ի նկատի ունեք, Խ. Հարությունյանն այսպես պատասխանեց.
«Ամբողջ հարցը կայանում է նրանում, որ ոմանց թվում է՝ Ռուսաստանը, ՀԱՊԿ-ն կամ այլ ուժերը Հայաստանի անվտանգության հարցում կապված ադրբեջանական ոտնձգությունների առումով ունեն դերակատարում: Նրանք որևէ դերակատարում չունեն այդտեղ:
Հայաստանի՝ Ադրբեջանին դիմակայելը, Ադրբեջանի ոտնձգություններին հակադարձելը, Հայաստանի խնդիրն է, որն ինքը լուծում է ՀԱՊԿ շրջանակներում և Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության շրջանակներում՝ իր ռազմական տեխնիկական պոտենցիալի բարձրացման ճանապարհով: Ռուսական բազաների առկայությունը Հայաստանում ունի մեկ նպատակ՝ փորձել չեզոքացենլ հնարավոր սպառնալիքները Արևմուտքից:
Սա չի նշանակում ձերբազատվել Ադրբեջանի որևէ ոտնձգությունից: Սա նշանակում է միշտ պատրաստ լինել ադեկվատ, անգամ ոչ սիմետրիկ հակահարված տալուն»: